Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. «Մտադիր են 4-ամյա հայ երեխային «բռնի ուժով» կտրել իր հայ ծնողից ու հանձնել ադրբեջանցի խորթ հորը»

Հուլիս 30,2018 12:05

Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ արդարադատության նախարարությունը մտադիր է 4-ամյա հայ երեխային՝ Գեւորգ Բաբախանյանին «բռնի ուժով» կտրել իր հայ ծնողից ու հանձնել ադրբեջանցի խորթ հորը:

Մեզ հետ զրույցում երեխայի հարազատ հոր՝ Ռոբերտ Բաբախանյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանը (լուսանկարում) պատմեց, թե ինչպես է նախարարությունն այդ տարօրինակ որոշմանը հանգել. «Երկու տարի առաջ երեխայի հայրը՝ Ռոբերտ Բաբախանյանը, իր այդ ժամանակ երկամյա որդուն օրինական ճանապարհով ՌԴ-ից տեղափոխում է ՀՀ: Տեղափոխումից 8 ամիս անց մայրը՝ Քսենիա (Դրյուկովա) Բաբախանյանը, դիմում է ՌԴ դատարան, որպեսզի երեխայի բնակության վայր սահմանվի մոր բնակության վայրը եւ հայցը բավարարվում է: Բայց այդ ժամանակ արդեն երեխան գտնվում է ՀՀ-ում: Դրանից հետո մայրը դիմում է ՌԴ կենտրոնական մարմնի միջոցով մեր արդարադատության նախարարություն, որ երեխային վերադարձնեն ՌԴ, քանի որ, ըստ իրենց, տեղի է ունեցել երեխայի առեւանգում»:

Փաստաբանի խոսքով՝ Հաագայի կոնվենցիայի շրջանակներում երեխայի առեւանգում կամ ապօրինի տեղափոխում տեղի չի ունեցել, քանի որ միայն վերադարձից հետո է կայացվել դատարանի վճիռը. «Մեր արդարադատության նախարարությունն իր բոլոր ուժերով, միջոցներով ձեռնամուխ է լինում երեխայի վերադարձին: Ի՞նչն է հանդիսացել երեխայի վերադարձի պատճառը: Այդ ընթացքում մայրը նշանվում է ազգությամբ ադրբեջանցի Համիդ Վալիեւի հետ: Մեր արդարադատության նախարարությունը ցանկանում է վերադարձնել երեխային իր մորը, որը ապրում է, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում եւ մշտական բնակության վայրի մեջ է գտնվում ադրբեջանցու հետ: Արդարադատության նախարարութան ՔԿԱԳ գործակալությունում տեղի ունեցան լսումներ, մենք բացատրեցինք, որ դուք իրավասու չեք այս հարցը լուծելու, առավել եւս՝ երեխային վերադարձնելու, քանի որ դուք իրավասու եք զբաղվել այս հարցով, եթե տեղի ունենար երեխայի ապօրինի տեղափոխում կամ առեւանգում: Դա տեղի չի ունեցել, դատարանի վճիռը հաջորդել է դրան: Ոչինչ չեն ուզում լսել: Քանի որ մեր հայցող պետությունը ՌԴ-ն է եւ առկա է դատարանի վճիռ, իրենք գտնում են, որ միանշանակ երեխան պետք է վերադարձվի: Մենք բացատրում ենք, որ Հաագայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն, անգամ եթե ընդունելու լինենք, որ տեղի է ունեցել երեխայի ապօրինի տեղափոխում կամ առեւանգում, անգամ եթե տեղափոխելուց անցել է մեկ տարի ժամանակ եւ երեխան ամբողջությամբ համակերպվել է իր նոր միջավայրին, երեխան չի վերադարձվում հայցող պետությանը, քանի որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ երեխայի հոգեբանության վրա»:

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ հիմնավոր ներկայացրել են բոլոր փաստաթղթերը, ըստ որոնց երեխան հայ է, խոսում է հայերեն, ամբողջությամբ համակերպվել է իր նոր միջավայրին. «Բազմաթիվ տեղեկանքներ ենք բերել թե՛ հոգեբանական կենտրոնից, թե՛ մանկապարտեզից, թե՛ թաղապետարանից, թե՛ խնամակալության ու հոգեբարձության մարմնից: Այդ ամբողջը մենք ներկայացնում ենք, բայց անգամ չուզեցին վերցնել, ծանոթանալ: Միանշանակ դիրքորոշումը այնպիսին է, որ երեխան պետք է վերադարձվի այնտեղ: Հիմնավորումը սա է՝ «Ինչո՞ւ ենք մենք մտածում, որ խորթ ադրբեջանցի հայրը ավելի վատ կխնամի եւ կդաստիարակի երեխային, քան իր իսկական հայ ծնողը»: Մենք այնպես հասկացանք, որ այստեղ առկա է գերակա շահ, առկա է ՌԴ-ի խնդիր եւ ամեն դեպքում երեխան պետք է վերադարձվի: Բանավոր զրույցներում մեզ ասել են, որ մենք չենք կարող հայց ներկայացնել մեր դատարանները, քանի որ հայցի ներկայացման դեպքում այն կասեցվելու է, մինչեւ այս հարցը չլուծվի: ՔԿԱԳ գործակալության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյանն է ասել, որ թույլ չենք տալու, մինչեւ երեխային չվերադարձնեք»:

Այսինքն, հարազատներին հորդորել են՝ նախ երեխային վերադարձրեք, հետո վիճարկեք այդ հարցը դատարանում:

Փաստաբանը նաեւ դժգոհեց, որ ըստ էության, լսումներ էլ չի կարելի անվանել ՔԿԱԳ գործակալությունում հանդիպումը. «Հաագայի կոնվենցիայի շրջանակներում երեխայի վերադարձի վերաբերյալ պետք է տեղի ունենան լսումներ, որոնք տեղի են ունենում նույն դատական կարգով, բացառությամբ, որ դատավոր չեն, այսինքն, կամ արձանագրման եղանակով, կամ տեսաձայնագրման միջոցով, միջնորդություն ներկայացնելու միջոցով, հարցերը քննարկելով: Բայց ինքը միանձնյա ընդունել է մեզ՝ արդեն կանխապես եզրակացնելով, որ երեխան պետք է ուղարկվի: Ասում եմ՝ բա ինչի՞ եք մեզ հրավիրել այստեղ, ասում է՝ դե, հրավիրել եմ, ամեն դեպքում լսեմ, որ այնտեղ ստորագրի, թե ինքը լսել է, բայց ինքը ամեն դեպքում երեխային ուղարկում է ադրբեջանցի ծնողին: Այսինքն, այս դեպքում մենք անզոր ենք, ես այդպես հասկացա: Ասում եմ՝ դուք դատարանի վճռի կատարածո՞ւ եք, ՀՀ-ն հանդիսանում է կատարածո՞ւ, ընդամենը ինչ է ՌԴ-ն որոշել է, որ երեխան պետք է մոր հետ բնակվի, դուք վերցնում ու երեխային ուղարկում եք այնտե՞ղ: Մենք ունենք Հաագայի 12-րդ դրույթ, որը հիմա կիրառելի է, դրանով պետք է մերժվի երեխայի վերադարձը: Մենք ունենք ապացույցներ, որ երեխան ամբողջությամբ համակերպվել է իր նոր միջավայրին, ո՞նց եք վերադարձնում նրան, մեզ չեն ուզում լսել»:

Մեր հարցին՝ այստեղ կոռուպցիոն ռի՞սկ եք տեսնում, թե՞ պարզապես հաշվի առնելով, որ ՌԴ-ի հետ գործ ունեն, այդպես են որոշում՝ փաստաբանը պատասխանեց. «Մեղք չվերցնեմ ինձ վրա…Միանձնյա ինքը որոշում է, անգամ վիճաբանություն տեղի ունեցավ, հայրը իր ափերից դուրս եկավ, որովհետեւ այնպես էին խոսում, ոնց որ մենք անզոր ենք, ոչինչ չենք կարող փոխել»:

Aravot.am-ը այս ամենի վերաբերյալ պարզաբանում խնդրեց արդարադատության նախարարությունից: Նախարարությունից վստահեցրին, որ իրենք ադրբեջանցի խորթ հոր մասին չեն իմացել եւ հերքեցին փաստաբանի խոսքերը: Նախարարության պարզաբանման մանրամասները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031