Սոչիում հանրային սննդի շինարարության վայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել ևս 3 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Այս պահին հրդեհը մարված է:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները եղել են վարձու աշխատողներ, ենթադրաբար՝ ԱՊՀ երկրներից:
Հայտնի է նաև, որ հիվանդանոց տեղափոխվածներից մեկն անչափահաս է՝ 16 տարեկան: Վիրավորներից երկուսը ստացել են լուրջ այրվածքներ, մյուսը ցած է նետվել երկրորդ հարկի պատուհանից:
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրդեհը սկսվել է ժամանակավոր մետաղական կոնստրուկցիայում, որը սկսել է այրվել հանրային սննդի տանիքի բռնկումից հետո:
«Ժամանակավոր կառույցները՝ հանրային սննդի տանիքը և մետաղական կոնստրուկցիան, պատված են եղել հեշտ բռնկվող նյութերով՝ սայդինգով: Դրանք ամբողջությամբ այրվել են»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 60 հրշեջ և փրկարար և 19 միավոր տեխնիկա:
Հրդեհի մասին ահազանգ ստացվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 5:40, հրդեհը մարվել է 7:43-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ