Արարատի մարզում հեղափոխությունից հետո սիրո և համերաշխության մթնոլորտը միտում ունի վերածվելու նոր բողոքի ալիքի: Նորանշանակ մարզպետի դեմ են դուրս եկել մարզի բուժկենտրոնների ղեկավարները:
Նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն այս պաշտոնում հայտնվեց հեղափոխությունից հետո՝ մեծ եռանդով պատրաստվում է առաջիկա ընտրություններին: Նա ակտիվ հանդիպումներ է ունենում մարզի երիտասարդների հետ, այդ թվում նաեւ մարզպետարանի շենքում, հրահանգում է իր համար բժշկական համալսարանն ավարտած երիտասարդ կադրեր գտնել: Մարզպետի նպատակն իրեն ենթակա բուժհիմնարկների ղեկավարներից ազատվելն է: Նա իր որոշումը նեղ միջավայրում բացատրել է բացառապես «քաղաքական դրդապատճառներից ելնելով»:
Մեր աղբյուրի համաձայն, մարզպետի թիրախում հայտնված բուժհիմնարկների ղեկավարները քաղաքականացված ակտիվությամբ առանձնապես աչքի չեն ընկել:
Մարզպետը հասցրել է արդեն իր մոտ կանչել «թիրախավորվածներին» մեկ առ մեկ եւ ակնարկել` դիմում գրել, խաղաղ հեռանալ, հակառակ դեպքում սպառնացել է ԱԱԾ-ով բացահայտումներ: ԲԿ-ների ղեկավարներն անսասան մնացել են իրենց տեղերում: Ուստի, ԱԱԾ-ն է գործի անցել. ԲԿ-ներում ստուգումներ են իրականացվել, որոշ տեղերում`երկու անգամ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ԲԿ ղեկավարները մտադիր չեն հանձնվել: Հայտարարել են, որ ունեն պաշտոնավարելու իրավունք եւ եթե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` մարզում կատարած շրջայցից հետո, իրեն հետ ունեցած հանդիպման ժամանակ, չի արտահայտել որեւէ դժգոհություն, ապա վերջերս քննություններ հանձնած եւ նշանակված առնվազն 3 ԲԿ-ների ղեկավարները տեղի չեն տա: Ավելին, ցույցերով ու զանազան այլ միջոցներով խոստանում են մարզպետի աշխատանքային օրակարգը պատուհասի վերածել:
Թե ինչու է Գարիկ Սարգսյանը սեւեռվել Արտաշատի, Մասիսի եւ Վեդու ԲԿ-ների ղեկավարներից ազատվելու մտքի վրա, մեր աղբյուրը այսպես պարզաբանեց. «Այդ երեքին «տեր» չկա: Իսկ 4-րդ-ը՝ Արարատի ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը, քավոր-սանիկական կապերով ամրագրել է իր տեղը. նրան աշխատանքից չազատվելու երաշխիք է տվել Երասխի գինու եւ կոնյակի գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանը, ով համարվում է մարզպետի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդատուն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Մարզպետի եւ ԲԿ- ների ղեկավարների տեսակետները կներկայացնենք առաջիկայում