Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ

Հուլիս 30,2018 09:44

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների  դեմ ենք եղել:

Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ:

Այնուամենայնիվ քաղաքական տեսանկյունից ի՞նչ է տեղի ունեցել 2008 թ. մարտի 1-ին:

Սկսած 1996 թվականից՝ նախագահական ընտրությունները միշտ անցել են բազմաթիվ կեղծիքներով: Նույնն էին նաև 2008 թ. ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքներով, ըստ պաշտոնական տվյալների, թեկնածուներից երեքն էին ստացել գերակշռող ձայներ. Սերժ Սարգսյան՝ 52,8%, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 21,5% և Արթուր Բաղդասարյան՝ 17,7%։

Այդ առումով սա տարբերվում էր 1996-ի իրավիճակից, երբ պայքարը գնում էր երկու հոգու միջև՝ ընդդիմության թեկնածուի (41%) և իշխանության թեկնածուի (51,3%)։ Ընդ որում, 1996 թ. մենք հսկայական, հատորներով ապացուցային բազա ներկայացրինք Սահմանադրական դատարան։ Այսուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի։

Նույնպիսի իրավիճակ ստեղծվեց 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական թեկնածուները Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանն էին: Արդյունքների հրապարակումից հետո ժողովուրդը վրդովված շրջափակեց ԿԸՀ-ի շենքը, և ժողովրդի ճնշման տակ վերահաշվարկից հետո հայտարարվեց երկրորդ փուլ։

2008 թվականի ընտրությունների ժամանակ ընդդիմության ապացուցային բազան շատ թույլ էր, և Սահմանադրական դատարան գրեթե լուրջ բան չներկայացվեց, չնայած պարզ էր, որ կեղծիքներ տեղի էին ունեցել։ Բայց քանի որ երեք հոգու մեջ բավական շատ ձայներ էին բաժանվել, լավագույն քաղաքական պնդումը, որ ընդդիմությունը կարող էր անել, երկրորդ փուլի գնալն էր։ Փոխարենը Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն է հաղթել, 60 տոկոս է հավաքել և պետք է դառնա նախագահ, ապա փորձեց բոլոր միջոցներով իրականացնել իր ոչ սահմանադրական պահանջը։ Եվ քանի որ ժողովրդի մի մեծ հատվածում բավական զգալի դժգոհություն կար իշխանությունների  նկատմամբ՝ կապված ոչ միայն ընտրությունների հետ, օգտվեցին այդ դժգոհությունից և բորբոքեցին այն, սկսվեցին պերմանենտ հանրահավաքներ: Իշխանությունները փորձեցին ցրել այդ հանրահավաքները:

Այդ ստանդարտ իրավիճակը, որ և՛ մեր երկրում էր նախկինում եղել, և՛ այլ երկրներում, անսպասելի վերափոխվեց ոչ ստանդարտ իրավիճակի և վերահսկողությունից դուրս եկավ։ Զոհեր եղան երկու կողմից՝ և՛ ուժային կառույցների, և՛ ցուցարարների։ Այստեղ կա՛մ երկու կողմ կա, և պետք է երկուսի գնահատականն էլ տալ, կա՛մ կա երրորդ կողմ, որը փորձում էր սրել իրավիճակը:

Ամեն դեպքում պետք է պարզել, թե ով է սկսել կրակել, ում հրամանով է դա եղել, և ես կարծում եմ՝ շատ անսպասելի փաստեր կարող են ի հայտ գալ։ Հնարավո՞ր է դա բացահայտել, թե ոչ, չեմ կարող ասել, բայց այդ խորհրդավոր դեպքերը պետք է քննել մինչև վերջ։ Մեզ  համար կարևորը միայն Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին գնահատական տալը չէ, այլ հասկանալ, թե ինչպես ստանդարտ իրավիճակը, որ միշտ Հայաստանում կրկնվում էր, հանկարծ վերաճեց սպանությունների, մեքենաներ վառելու, խանութներ ջարդելու և այլն։

Սիրելի՛ ժողովուրդ, ես հասկանում եմ այն վրդովմունքը, որ ունեք նախկին բոլոր   իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղեքել են  մեզ ու հանրապետությունը, հասկանում եմ այն գոհունակությունը, որ զգում եք, երբ նրանցից ոմանք պատժվում են: Բայց ամեն ինչ պետք է անել օրինական ճանապարհով՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ և վրեժխնդրություն:

Դժգոհելով անցյալից, երբեմն հիմնավորված,երբեմն անհիմն, պետք է գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից՝ 1918 թվականից ի վեր, սկզբում Դաշնակցության ղեկավարությամբ, հետո կոմունիստների, Հայոց համազգային շարժման, Հանրապետական կուսակցության ղեկավարությամբ տարիների ընթացքում մեր ժողովրդի ջանքերով բոլոր սխալների հետ ունեցել ենք մեծ ու փոքր հաղթանակներ, ստեղծվել է հզոր պետական մեքենա, և չպետք է այն քանդել, պետք է այն կատարելագործել և գնալ առաջ:

Մտահոգիչ է, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ և այլն: Կարծես բոլորը վախեցած են ու սպասում են: Այս ճանապարհը կտանի մեզ դեպի 37 թիվ, պատերազմ և մեկուսացում միջազգային ասպարեզում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Պարոն հանրային խորհրդի նախագահ’ կարծես Ձեզ դուր է եկել կացության այն ձևը: Միթէ ժամանակը չէ սկզբունք ներկայացնել և արդարություն պահանջել`սկսելով 1989թ-ի մայիսից: Միշտ պետք է հիշել,որ երկրի իշխանավորը պարտավոր է լինել արդարամիտ և ճշտապահ,քանի որ հանդիսանում է հանրության դեմքը և ապագան…

  2. Մարգար Մախսուդյան says:

    ՀՀ ճակատագրով մտահոգ սույն ՛՛սրտացավ՛՛ անձը, 1996 թ․ սեպտեմբերի 26-ին հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ընտրազեղծարարության դեմ ընդվզած մարդկանց տարավ առճակատման և բռնարարքների, իսկ ձախողումից հետո որոշեց իջնել հատակը՝ մինչև կանցնի վտանգը։ Այնուհետև, մինչև 2008 թ․, եղել է ՀՀ նախագահի մշտական թեկնածու՝ ունենալով նվազ և շարունակաբար նվազող ընտրազանգված։ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նա շատ սահուն կերպով տեղավորվեց իր քաղաքական կարիերայի հիմնական հակառակորդ Տեր-Պետրոսյանին ՛՛հաղթած՛՛ Սերժ Սարգսյանի թիմում և դարձավ նրա իշխանության լեգիտիմացման վկաներից մեկը, այլ կերպ ասած՝ հաճախորդը, իսկ Սերժ Սարգսյանի ՛՛արժանիքներից՛՛ ամենակարևորն այն էր, որ նա իր հաճախորդներին լավ էր նայում, առանց որևէ ժլատության, հո իր գրպանի՞ց չէր տալիս․․․
    10 տարի շարունակ Վազգեն Մանուկյանս մուշ-մուշ՝ անուշ կերակրվել է պետբյուջեի գնալով նվազող կերակրատաշտից, ապրելով մի կյանքվ, որին ռուսը կասեր՝ не жизнь, а малина․ Իսկ ի՞նչ է տվել հանրային խորհուրդը հանրությանը այդ 10 տարիների ընթացքում՝ բացարձակապես ոչինչ՝ բացի մրոտած թղթերից ու ՛՛ՀՀ նախագահի՛՛ հետ խորհրդավոր ու մեռելածին հանդիպումներից։
    Հիշում եմ, երբ օղորմածիկ Արմեն Մազմանյանը քննադատում էր Ռուբեն Հախվերդյանին՝ իրենց Սերժիկին արդարացիորեն քննադատելու համար, հրապարակեց կերակրատաշտի հիմնադրույթներից մեկը․ ՛՛Մի թքիր այն ձեռքի մեջ, որից կերակրվում ես՛՛։
    Երբ մարդու դրախտային անդորրը խանգարում ես, նա էլ՝ անհանգստանում է․․․

  3. Haro says:

    Dear Markar Makhsutyan, Vazgen Manukyan is one of the founders of the 3rd republic. Has it occured to you that he has cooperated with Serge Sargsyan since 2008 not because of money but out of pragmatism, a desire to maintain stability in the country by gathering around the officially elected leader, and partial ideological overlap (especially on foreign policy and Karabakh)? The now widespread accusation of ‘you cooperated with Serge Sargsyan, you’re therefore a sell-out and a traitor’ is one of the most infantile. Many (hundreds/thousands) decent people have cooperated/worked with Serge in his 30 year career not necessarily for money or flattery, but because they saw in him a lesser-of-evils political figure who certainly had shortcomings but who also did much for Armenia … and I’m not writing this because I received a bribe or a high position from Serge or HHK (I don’t even live in Armenia), I actually believe it for real.
    PS. apologies, my Armenian fonts are not functioning.

    • Մարգար Մախսուդյան says:

      Dear Haro, let me answer in Armenian, because my English is not good enough to describe what I want to say.
      Երբ դուք ասում եք, թե Վազգեն Մանուկյանը 3-րդ հանրապետության համահիմնադիրներից է, ես որևէ առարկություն չունեմ, ասեմ ավելին, 1996-ին նրա օգտին քարոզչությամբ եմ զբաղվել, իսկ ինչ վերաբերում է այն թեզին, թե նա պաշտոնապես ընտրված Սերժ Սարգսյանի աջակցել է ի շահ երկրի կայունության, դրսևորելով պրագմատիզմ և դիմակայելով արտաքին մարտահրավերներին, ապա պետք է ասեմ, որ դա ընդամենը գունագեղ փաթեթավորում է մի քաղաքական երևույթի, որին հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը տվել է շատ դիպուկ գնահատական․ հաճախորդացում։ Օրինակ՝ նրա հաճախորդներից Գեղամյանը Սերժին արժեցել է $300 000, թեև Գեղամյանը մեկ զրո ավելի է իրեն գնահատել, / ի դեպ՝ այդ բանավեճն ընթացել է մամուլի էջերում, այնպես որ զրպարտության մասին խոսք լինել չի կարող /։ Նրա հաճախորդների շարքում են եղել Արտուր Բաղդասարյանը, դաշնակներից՝ մի խումբ ընկերներ և այլք, սակայն անձամբ ինձ համար Վազգեն Մանուկյանի դեպքն ամենացավոտն էր, քանի որ հավատացել էի իր նվիրումին, այնինչ պարզվեց, որ նա 20-ամյա քաղաքական էվոլյուցիայի արդյունքում հանրապետության համահիմնադրից վերածվեց շարքային հաճախորդի, մինչդեռ մարտի 1-ի իրադարձությունները 1996-ի սեպտեմբերի 26-ի դաժան և արյունալի և տրամաբանական շարունակությունն էին։ Ըստ իս՝ այն բանից հետո, երբ մարտի 1-ի վերաբերյալ նրա գնահատականները իջան Շուշան Պետրոսյանի և Նունե Եսայանի քաղաքական մակարդակին, նրա քաղաքական կարիերան այլևս ավարտված էր, այնպես որ նրա արտահայտած որևէ կարծիք այսօր գրոշի արժեք անգամ չունի, իսկ նրա ազդեցությունը հանրային կարծիքի վրա՝ զրոյական, եթե չասենք՝ բացասական։
      Հետաքրքիր կլիներ իմանալ, երբ Սերժ Սարգսյանին չարյաց փոքրագույն եք համարում, այդ ո՞ւմ հետ եք համեմատում, դուք տեղյակ չե”ք, թե գողապետության մեխանիզմները հղկելով, կեղեքելու հետ մեկտեղ ինչ այլասերման է հասցրել նա հասարակությանը, ցավ չեք ապրո՞ւմ դրանից, չեք անհանգստանում երկրին սպառնացող վտանգներից։ Տարակուսելի է պարզապես։
      Վերջում կուզենայի ընդամենը մեկ հարց ուղղել ձեզ․ Կարո՞ղ եք մատնանշել Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհդի կատարած որևէ հանրօգուտ քայլ երկար ու ձիգ 10 տարիների ընթացքում, եթե չհաշվենք իհարկե Սերժի աթոռին նեցուկ կանգնելը․․․
      Հ․Գ․ Ի՞նչ եք, կարծում Հանրային խորհրդի միջոցով Սերժի ՛՛լեգիտիմացիան՛՛ որքա՞ն արժեցած կլինի մեզ՝ հարկատուներիս վրա․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031