Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 386 մարզիկներ մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Aravot.am-ը այցելեց նրանց: Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը ասաց. «Սկսած 2001 թվականից մենք ամեն տարի կազմակերպում ենք ամառային եւ ձմեռային հավաքներ: Ծաղկաձորը որպես կենտրոն ընտրել ենք վերջին տասը տարիներին, որովհետեւ այստեղի բարձր դիրքը բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են կարեւոր մրցումներին նախապատրաստվելու համար:
Շատ ուրախանում է, որ հավաքների մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է եւ այդ միտումը շարունակվում է: Այս հավաքին մասնակցում են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի վեց եւ բարձր տարիքի մեր սաները: Մարզիկները բաժանված են յոթ խմբերի, որոնցից յուրաքանչյուրի հետ համապատասխան ծրագրով աշխատում է երեք մարզիչ: Կան մարզիկներ, որոնք այստեղ նախապատրաստվում են կոնկրետ մրցումների: Այս հավաքի գլխավոր նպատակներից մեկն այն է, որպեսզի մարզիկները ծանոթանան իրար հետ, ընկերանան: Սկսնակների հետ նաեւ հայրենասիրական դասընթացներ ենք անցկացնում: Այստեղ մարզիչները մարզիկների հետ ավելի շատ շփվելու, անհատապես աշխատելու ավելի շատ ժամանակ են ունենում, քան դահլիճներում մարզվելու ժամանակ»:
Անդրանիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ Ծաղկաձորից հետո բացօթյա հավաքներ նախատեսում են նաեւ Սեւանում եւ Հայաստանի սահմաններից դուրս: Ֆեդերացիայի նախագահը նաեւ ցանկություն ունի՝ Ծաղկաձորը դարձնել արեւելյան մարտարվեստի միջազգային կենտրոն եւ այդ ուղղությամբ բանակցություններ է վարում Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ