Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվոր-հոգևորական «համագործակցության» արդյունքը նկատելի է

Հուլիս 29,2018 20:15

«Անկրոն էակը հրաշունչ զինվոր չի դառնա»

Գարեգին Նժդեհ 

«Երբ զորամաս մտնելիս զինվորները սպասումով են դիմավորում, հասկանում եմ, որ ես անելիք ու առաքելություն ունեմ իրենց մեջ»,-ասում է Արթուր սարկավագ Արամյանը:

Նա ՀՀ ԶՈւ-ում սպասավորող հոգևորականներից է:

Պատմությունը վկայում է, որ հոգևորականը մշտապես ներկա է եղել բանակային կյանքում, զինվորներին առաջնորդել, ոգևորել ու աջակից եղել մարտի դաշտում: Այդ առաքելությունը շարունակվում է նաև այսօր: «2 տարվա ընթացքում հոգևորականը զինվորի համար դառնում է ընկեր, եղբայր, ում հետ կարող է խոսել թե´ առօրյա, թե´ անձնական խնդիրների շուրջ»,-ասում է Արթուր սարկավագը:

Հոգևորականը կարևորում է զինվորների հետ անկեղծ, անմիջական շփումը: «Կարող է՝ զորամասի իմ սենյակում օրերով նստած լինեմ, և ոչ ոք չմտնի: Եվ կարող է՝ ընդամենը 1 ժամ անցկացնեմ զինվորի կողքին, բայց ավելի շատ օգտակար լինեմ իրեն: Իրար հետ ծանոթությունից, ընդհանուր զրույցից  քիչ-քիչ անցնում ենք հավատքին, ստեղծվում է կապը»:

Հոգևորականը դրական մթնոլորտ է ստեղծում զորամասում, թուլացնում լարվածությունը, ագրեսիան: Զինվորների վստահությունը, նրանց հետ լավ հարաբերությունները՝ զինվոր-հոգևորական «համագործակցությունը» տալիս է իր արդյունքները. զորամասում հնարավորինս բացառվում են անցանկալի միջադեպերը, կանխվում ինքնասպանություններ: Վերջին դեպքում, ինչպես նշում է Արթուր սարկավագը, «պետք է պարզապես որսալ զինվորի՝ օգնության կանչող ազդակները»:

Հոգևորականի խոսքով՝ ճիշտ մոտեցման շնորհիվ հաջողվում է նույնիսկ տարբեր կրոնական կազմակերպությունների հետևորդների վերաբերմունքը փոխել իրենց և ընդհանրապես եկեղեցու հանդեպ: Զինվորը տեսնում է հոգևորականի, ով իր կողքին է  թե´ կռվի, թե´ խաղաղ, թե´ նեղության ժամանակ: «Իրենց հետ ևս լավ հարաբերություններ են ձևավորվում: Ես դեմ եմ խիստ վերաբերմունքին, քանի որ եթե ուզում ենք մարդուն դարձի բերել, պետք է ոչ թե հիասթափեցնենք եկեղեցուց, այլ սիրով ընդունենք իրեն. բռնությամբ երբեք հնարավոր չէ արդյունքի հասնել: Հավելեմ, որ իրենց հետ շատ հետաքրքիր զրույցներ, բանավեճեր են ծավալվում աստվածաբանական թեմաներով»:

Զինվորներին քրիստոնեական գիտելիքներով հարստացնելը, նրանց հետ հոգևոր դասերի, զրույցների անցկացումը, մարտական հերթափոխերի ժամանակ աղոթքը, կիրակնօրյա պատարագների մասնակցությունը բանակում հոգևորականի ծառայության մի մասն են: Զինվորները սիրով են մասնակցում այդ ամենին: «Նաև մկրտություն կազմակերպելու մտադրություն ունեմ, եթե զինվորն իրապես զգա դրա կարևորությունը և ինքը ցանկություն հայտնի»:

Հավասարապես կարևորելով զինվորներին թե´ հոգևոր, թե´ ազգային արժեքներին հաղորդ դարձնելը՝ Արթուր սարկավագն ասում է. «Հայրենիքն ու հավատը սերտորեն կապված են միմյանց հետ. պատահական չէ, որ մեր պապերը բերդերի կողքին վանքեր են կառուցել: Հավատքի հետ միասին ազգի, հայրենի հողի հանդեպ սերն է, որ իմաստավորում է զինվորի պայքարը»:

Արթուր սարկավագը, ով ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում է եղել, այդ օրերի հետ կապված անմոռանալի հիշողություններ ունի: «Ես գնդից պետք է սարի վրա գտնվող շտաբը բարձրանայի: Ճանապարհից առաջ գնդի պահպանության համար աղոթք արեցի Սբ Եղիշե Առաքյալին և մենք մեքենայով վերև բարձրացանք: Կարճ ժամանակ անց, արդեն շտաբում, զինվորներից մեկը եկավ՝ ասելով, թե վայրկյաններ առաջ ինձ տեսել է ներքև իջնելիս: Մեծ զարմանք ապրեցի…ես վերևում էի, մինչդեռ իրենք պնդեցին, որ սև հագուստով ինչ-որ մեկն իջնում էր…Այնտեղ ուրիշ հոգևորական չկար, իսկ  ոլորանը ոտքով անցնելն այդքան էլ հեշտ չէր…Այդ պահին չհասկացա`ինչ էր կատարվել… հիմա արդեն մտածում եմ, որ դա իմ աղոթքի հետ էր կապված»:

«Ինձ համար մեծ նշանակություն ուներ նաև զինվորների տրամադրությունը բարձրացնելը, նրանց ժպիտ պարգևելը. եթե, օրինակ, դիրքում լարված մթնոլորտ է, բոլորը սպասում են, որ րոպեներ անց գուցե հակառակորդի հարձակման մասին զգուշացնեն, ինչ-որ մեկը գալիս է, սուրճ է բերում, քաղցրավենիք, միանգամից փոխվում է մթնոլորտը»,-նշում է մեր զրուցակիցը:

Բանակում հոգևորականը քաջալերում է զինվորներին, միաժամանակ,  ունկնդիր լինում նրանց խնդիրներին և օգնում իր խորհուրդներով: «Եվ անգամ զորացրվելուց հետո պահպանվում է զինվորների հետ կապը»,-ասում է Արթուր սարկավագը: 

Նա, գիտակցելով իր ընտրած ուղու կարևորությունն ու պատասխանատվությունը, նշում է. «Երբ 16 տարեկանում, մկրտությունից հետո քահանան առաջարկեց շապիկ հագնել, խորան բարձրանալ, այդ ոլորտից առանձնապես գաղափար չունեի… բայց կարճ ժամանակ անց սիրեցի եկեղեցին և ամեն բան հետաքրքրեց… Ճեմարանում ես գտա ինձ, հստակ որոշեցի  հոգևորականի ուղին ընտրել և ծառայել իմ ժողովրդին ..»:

Արթուր սարկավագի խոսքով՝ զինվորական ծառայությունը յուրահատուկ փորձառություն է հոգևորականի համար: «Այն լրիվ այլ իրականություն է քեզ ստիպում ճանաչել, երբեմն դեմ առ դեմ կանգնում ես մահվան, դա էլ հնարավորություն է տալիս այլ տեսանկյունից խորհելու, վերլուծելու կյանքի, հավատքի և այլ հարցեր: Ծառայությանս տարիների փորձառությունն իմ մեջ ամրապնդել է նաև, որ չպետք է չարությանը պատասխանել չարությամբ: Երբ սկսենք  չարությանը պատասխանել բարությամբ, անտարբերությանը՝ հոգատարությամբ, մեծ փոփոխություն կզգանք թե´ մեր մեջ, թե´ մեր շրջապատում»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մարիամ ԱվԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031