Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետներում հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաներից է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Հանձնաժողովի հրապարակած պաշտոնյաների ցանկում են ՊԵԿ, քրեակատարողական ոլորտի, քննչական մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը:
Տեղեկացնենք՝ հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:
Aravot.am-ը Արևիկ Անափիոսյանից հետաքրքրվեց՝ հայտարարագիր ինչո՞ւ չի ներկայացրել: Փոխնախարարը պարզաբանեց, թե տեխնիկական խնդիրներ են առաջացել, այնուհետև վստահեցրեց. «Իհարկե, պիտի ներկայացնեմ հայտարարագիր: Ուղղակի տեխնիկական խնդիրներ են առաջացել: Ինչքան հասկացա՝ այդ հայտարարագիրը ներկայացնելու համար նախապես մեյլ են ուղարկել, որը ես իմ փոստարկղում փնտրել եմ, և չի եղել: Այնուհետև հանձնաժողովի նախագահի օգնական Ռիմա Ադամյանն ինձ գրեց, ասաց, որ նման բան կա, ես էլ հարցրին՝ ինչպես պիտի մտնեմ, լրացնեմ, քանի որ փորձել եմ, ինձնից օգտատերի անուն ու գաղտնաբառ է ուզել: Երբ որոշումը կայացված էր, ինձ ուղարկեցին և ասացին, որ կարող եմ լրացնել: Այդ ժամանակ հայտնեցին, որ մայիսին էլ են ուղարկել, բայց ես կարծում եմ կամ չի հասել, կամ սփամ է գնացել, իսկ սփամներն ամեն ամիս մաքրվում են»:
Արևիկ Անափիոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ իրեն հայտնել են, որ ունի մեկ ամիս ժամանակ, այնուհետև հավաստիացրեց՝ մեկ-երկու օրվա մեջ կլրացնի, քանի որ առանձնապես դժվար բան չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ