Լրահոս
Օրվա լրահոսը

Պաննա կոտա

Հուլիս 29,2018 15:31

Իտալական այս թեթեւ եւ համեղ, նուրբ սերուցքային աղանդերն այնքան հեշտ է պատրաստելը,որ նույնիսկ ամենաանփորձները կարող են ձեռնարկել: Panna cotta իտալերենից թարգմանած նշանակում է եփված սերուցք:

Անհրաժեշտ մթերքները

 Սերուցք` 30-35 տոկոսանոց -500մլ

Շաքարավազ-100 գրամ

Ժելյատին-15 գրամ

Վանիլի 1 ձողիկ կամ 1 թեյի գդալ վանիլի մզվածք

Թանձրուկի համար

100 մլ կարմիր գինի

2 ճաշի գդալ ազնվամորու, հաղարջի, հապալասի, մոշի կամ ելակի մուրաբա կամ 0.5 բաժակ շաքարավազ

1 թեյի գդալ կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա

Ինչպես նաեւ` թարմ հատապտուղ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Նախ սառը ջրով թրջում ենք ժելյատինը: Եթե ունեք շերտերով ժելյատին` ձեր բախտը բերել է, շատ հեշտ կաշխատեք հետը: Եթե փոշի ժելյատին է, լցրեք բաժակի մեջ, վրան կես բաժակ սառը ջուր: Թողեք 10-15 րոպե, ջուրը քամեք:

Եթե չունեք 30-35 տոկոսանոց կաթնասեր, որոնք հիմնականում բավականին թանկ արժեն, ապա գնեք մեկ տուփ հայկական արտադրության 45 %-անոց սերուցք,որը մոտ 200 գրամ է, ավելացրեք վրան 300 մլ թարմ կաթ, լավ խառնեք:

Լցրեք կաթնասերը փոքրիկ կաթսայի մեջ, վանիլի ձողիկը երկայնքով կիսեք, միջից հանեք միջուկը, լցրեք կաթնասերի մեջ, ձողիկն էլ կիսեք եւ գցեք մեջը: Ավելացրեք շաքարավազը, քամած ժելյատինը եւ դրեք կրակին: Փայտե գդալով անընդհատ խառնելով շատ լավ տաքացրեք, որ ողջ ժելյատինը հալվի: Հիշեք, որ կաթնասերը չպիտի եփվի, այլապես ժելյատինը կկորցնի իր հատկությունը:

Լցրեք փոքրիկ ամանների կամ բաժակների մեջ` քամելով: Դրեք սառնարանը` առնվազն 4-5 ժամով: Իմիջիայլոց, հատապտուղները կարող եք միանգամից մեջը լցնել, նոր դնել սառնարան: Կարող եք նաեւ հետո` մատուցելիս զարդարել հատապտուղներով: Լուսանկարներում երկու տարբերակն էլ կա:

Հատապտղային թանձրուկի համար գինին եւ մուրաբան խառնեք իրար, դրեք շատ մարմանդ կրակին: Մեկ թեյի գդալ օսլան լուծեք երկու-երեք ճաշի գդալ սառը ջրի մեջ, ավելացրեք եփվող գինուն, թողեք մի քանի րոպե կրակին, մինչեւ զգաք, որ հեղուկը որոշակիորեն պնդացել է: Անջատեք, թողեք սառչի:

Պաննա կոտան կարող եք մատուցել հենց այն տարայով, որի մեջ պատրաստվել է, կարող եք նաեւ շուռ տալ ափսեի մեջ, շուրջը հատապտուղներ շարել, վրան լցնել հատապտղային թանձրուկը:

Կարող եք մատուցել նաեւ առանց թանձրուկի: Կարող եք պարզապես տրորած հատապտուղ կամ մրգեր ավելացնել: Մի խոսքով` գործի դրեք ձեր երեւակայությունը եւ վստահեք ձեր ճաշակին:

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031