Դատավոր Ռաֆիկ Խանդանյանի ելույթը՝ հուլիսի 27-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին:
Արդյոք դատավորների առաջխաղացման ցուցակը կազմելու չափանիշները սահմանելիս հավասար և ոչ խտրական վերաբերմո՞ւնք է դրսևորվում մի կողմից դատավորների,մյուս կողմից իրավաբան-գիտնականների նկատմամբ։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու համար սահմանում է ընտրության երկու չափանիշ՝ այն է, հաշվի է առնվում․- «վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները», – «Դատավորի գործունեության գնահատման արդյունքները»:
Այսպիսով, ի տարբերություն դատավորների, իրավաբան-գիտնականների համար սահմանվում է միայն առաջին չափանիշը։ Նման պայմաններում, իրավաբան-գիտնականները ձեռք են բերում անհիմն առավելություն, քանի որ չի գնահատվում իրենց՝ նախկինում կատարված գործունեությունը՝ գիտության և դասավանդման ոլորտներում։ Ստացվում է այնպես, որ վերաքննիչ դատարանի դատավորների ցուցակը կազմելիս դատավոր թեկնածուների համար սահմանվում է գնահատման դրական արդյունքների պահանջ, անթերի կարիերայի արդյունքներ բավականին ծանրաբեռնված, երկարատև և պատասխանատու գործում, իսկ իրավաբան-գիտնականների համար անգամ չի սահմանվում հեղինակավոր լինելը։
Այո, հեղինակավոր իրավաբան-գիտնական հանդիսանալու պայման սահմանված չէ, սակայն, մեր համոզմամբ, միայն իրավաբան-գիտնական լինելը բավարար պայման չի կարող հանդիսանալ դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնելու համար:Հետևաբար, պետք է սահմանել չափանիշ նաև իրավաբան-գիտնականների գործունեության գնահատման մասով, օրինակ պետք է հաշվի առնել, վերջինիս կողմից հրապարակված գիտական աշխատանքների քանակն ու բնույթը, դրանց արժեքները գիտական արդի իրավական խնդիրների լուծման հարցում, ակտիվությունը գիտական կոնֆերանսներում և այլն։ Միգուցե, առաջխաղացման ցուցակներում իրավաբան-գիտնականների ընդգրկման նման հնարավորությունը արդարացված է վճռաբեկ դատարանի դեպքում, քանի որ վերջինիս սահմանադրական խնդիրներից մեկը համարվում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և իրավունքի զարգացումը։ Սակայն, արդյոք վերաքննիչ դատարանը համարվո՞ւմ է այն ատյանը,երբ իրավաբան-գիտնականները պետք է ընդգրկվեն միայն իրենց տեսական և դասավանդման հմտություններով, առանց ունենալու դատավորի փորձ, արդյոք այդ հատկանիշները բավարա՞ր են վերաքննիչ դատարանի դատավորի գործառույթներն այն արդյունավետությամբ իրականացնելու համար, ինչպես կարող էր կատարել դատավոր թեկնածուն։
Չէ՞ որ, վերաքննիչ դատարանում դատական ակտերի վերաքննության համար դատավորից, ըստ էության, առնվազն պահանջվում են այն հմտությունները, որը կարելի է ձեռք բերել միայն տևական ժամանակահատվածում արդարադատություն իրականացնելիս։ Վերջին շրջանում ցուցակի կազմման համար իրականացված քվեարկությամբ անհրաժեշտ ձայներ են հավաքել իրավաբան-գիտնականներ։
Արդյո՞ք նշված թեկնածուներից բոլորն են Ձեզ հայտնի և հեղինակավոր իրենց գիտական և դասավանդման գործունեությամբ ներկաներից քանիսն են տեղյակ թեկնածուների գիտական աշխատանքի կամ գործունեության մասին, որն իր արժեքով ապահովում է տվյալ իրավաբան-գիտնականի հեղինակավոր լինելը մասնագիտական հանրության լայն շրջանակներում։ Իհարկե ողջունելի է իրավաբան-գիտնականներին նման հնարավորություն ընձեռելը, սակայն անհրաժեշտ է նաև պահպանել հավասարակշռությունը․ պետք է սահմանել ավելի խիստ պահանջներ՝առնվազն հեղինակավոր լինելու մասով և կարգավորել համամասնությունը երկու խումբ թեկնածուների ընտրության հնարավոր քանակի համար, քանի որ ներկա կարգավորման համաձայն՝ բոլոր թեկնածուները կարող են ընտրվել՝ միայն որպես իրավաբան-գիտնականներ, որով խախտվում է մրցակցության կարևորագույն սկզբունքը: Դժվար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, երբ վերաքննիչ դատարանի դատավորների առաջխաղացման ցուցակը հաստատելիս ոչ միայն գերակայում են, այլ նաև միայն ընդգրկվում են դատավորի կարգավիճակ չունեցող թեկնածուները․ տվյալ անձանց չի ներկայացվում այն աստիճանի բավարար պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր էր ձևավորել այնպիսի վստահություն, որ ընտրվելու դեպքում արդարադատությունը կիրականացվի առավելագույնս արդյունավետ եղանակով։
Քննարկման առարկա կարելի է դարձնել նաև այն հարցը, թե արդյոք չպետք է սահմանել որոշակի առավելություններ այն թեկնածուների համար, ովքեր միաժամանակ համարվում են և՛ դատավոր, և՛իրավաբան գիտնական։ Խոսելով թեկնածուների կազմի մասին, և առհասարակ, դատավորի պաշտոնին հավակնող անձանց մասին, տեղին է նշել, որ քննարկման առարկայից դուրս են մնում մի խումբ դատական ծառայողներ, որոնք և իրենց աշխատանքային գործունեության ընթացքում կարող են ձեռքբերել դատավոր դառնալու և առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար բավարար փորձ։ Այդ թեկնածուները համարվում են դատավորների օգնականները, որոնք, ըստ էության, համարվում են դատավորից հետո հաջորդ այն անձինք, ովքեր ամբողջությամբ տեղեկացված են կոնկրետ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը, և ոչ միայն տեղեկացված են, այլ նաև կատարելով իրենց պարտականությունները և նպաստելով դատավորի արդյունավետ գործունեության ապահովմանը՝ իրենք են ձեռք բերում անհրաժեշտ որակներ և պետք է արտոնյալ պայմաններ և հնարավորություններ ընձեռել ու տեսանելի դարձնել նշված անձանց դատավոր դառնալու հավակնությունները:
Բոլորիս հայտնի է, դատավորների օգնականների աշխատանքի անգնահատելի դերը պատասխանատու աշխատանքային պայմաններում, որը պահանջում է բարձր որակական հատկանիշներ։ Նման պայմաններում քննարկվող առաջարկը կարող է նաև դատավորների օգնականների համար ստեղծել հզոր շարժառիթ՝ իրենց մասնագիտական գործունեությունն առավել բարձր իրականացնելու համար, որն իր հերթին նպաստելու է դատավորների կողմից արդարադատության իրականացմանը։ Այն կապահովի նաև բարձր մասնագիտական հատկանիշներով օժտված իրավաբանների ներգրավվածությունը՝ դատավորի օգնականի պաշտոնում։
·Հաջորդ հիմնախնդիրը վերաբերում է թեկնածուների քվեարկության ընթացակարգին։ Արդյոք օրենքով սահմանված են արդյունավետ իրավական կարգավորումներ, որոնք կկանխեն հնարավոր չարաշահումները առաջխաղացման ցուցակները կազմելիս։ Գործող իրավական կարգավորման համաձայն չկա հստակ պահանջ առաջխաղացման ցուցակները կազմելիս որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ, որի արդյունքում հնարավոր չէ պարզել, թե հատկապես ինչու այս թեկնածուն ընդգրկվեց կամ չընդգրկվեց։ Այո, հստակ պահանջ սահմանված չէ, սակայն, մեր համոզմամբ, որոշումները պետք է լինեն հնարավորինս պատճառաբանված և հիմնավորված:
Եթե թեկնածուն չի տեղեկացվում չընդգրկվելու պատճառների մասին, ապա նա չի կարող նաև հասկանալ, թե հատկապես որ պահանջին չի բավարարել և հատկապես որ ուղղությամբ պետք է շարունակել հետագա բարելավումը, որպեսզի հաջորդ մասնակցության ժամանակ նախկին թերությունները շտկվեն։
Ընդ որում, միայն հիմնավորվածության պահանջը դեռևս բավարար չէ ցուցակների կազմման ընթացակարգի իրավաչափությունն ապահովելու համար, անհրաժեշտ է նաև գնահատման հստակ չափանիշների սահմանում։ Չափանիշների հստակ սահմանելը ոչ միայն հնարավորություն կտա ընտրությունը կատարել առավելագույնս օբյեկտիվ, այլ նաև թեկնածուները նախքան առաջադրվելը կարող են կանխատեսել, թե արդյոք առկա են իրենց առաջադրման նախադրյալները, թե ոչ։
Որոշման պատճառաբանվածության և հիմնավորվածության պահանջները սահմանելով՝ պետք է նաև վերացնել քվեարկության գաղտնիությունը, քանի որ գործնականում անհնար է դառնում ներկայացնել հիմնավորումները՝ միաժամանակ պահպանելով ընտրության գաղտնիությունը։Քվեարկողների կամքի՝ անկաշկանդ և բացահայտ արտահայտման արդյունքում միայն հնարավոր կլինի բացահայտել ընտրության պատճառներն ու հիմնավորումները, որոնք վայելում են մեծամասնության համաձայնությունը։ Որոշումների իրավաչափության ապահովման կարևոր նախապայման է համարվում նաև բողոքարկման հնարավորությունը, որը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը չի կարգավորումի տարբերություն նախկինում գործող խմբագրության, որով սահմանված էր կանխավարկած արդարադատության խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորության համար, քանի դեռ սահմանված չէ բացառություն։
Ամփոփելով վերոգրյալը, պետք է նշել, որ եթե չսահմանվի որոշման հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները,քվեարկության հրապարակային կարգ, բողոքարկման հնարավորություն,ապա կխախտվի հանրային ծառայության այնպիսի սկզբունք, ինչպիսին է արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը։
Դատավորների համար անհիմն սահմանափակվում է հանրային ծառայության մատչելիությունը վերաքննիչ դատարանում և տուժվում է ողջ դատական համակարգի կայունությունն ու զարգացումը, քանի որ որպես բացասական հետևանք՝ թուլանում է թեկնածուների շարժառիթը՝ ապահովելու իրենց մասնագիտական շարունակական աճը։