Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունը և մենք

Հուլիս 29,2018 12:00

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին ինչքան էլ խոսենք՝ էլի խոսելու բան կլինի: Ինչքան էլ գրենք՝ էլի գրելու բան կլինի: Որովհետև դարակազմիկ ու աշխարհացունց երևույթ էր: Մեր պատկերացումներից ու երևակայությունից դուրս: Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ ասեին, որ Հայաստանում նման բան կարող է տեղի ունենալ, հաստատ չէինք հավատա: Ոչ մեկս չէր հավատա: Նույնիսկ մենք, որ սրանից երեսուն տարի առաջ հեղափոխություն ու Ղարաբաղյան շարժում էինք տեսել: Նույնիսկ Վարդերի հեղափոխության հեղինակ Սահակաշվիլին է զարմացած: Զարմացած է և զարմանքով ու հիացմունքով է արտահայտվում մեր թավշյա հեղափոխության հեղինակի՝ Նիկոլ Փաշինյանի մասին:

Համաձայնվեք, որ դժվար, գրեթե անհնար է զարմացնել վարդերի հեղափոխության առաջնորդին: Մանավանդ՝ քաղաքական ու հեղափոխական հարցերում: Իրենը վարդերի հեղափոխություն էր, Նիկոլինը՝ թավշյա: Առանձնապես հեռու չեն իրարից՝ նրբության ու գեղեցկության իմաստով:

Վրաստանում Վարդերի հեղափոխությունն ավարտվեց Սահակաշվիլիի համոզիչ հաղթանակով և չնայած Սահակաշվիլին՝ որպես քաղաքական գործիչ ու Վրաստանի առաջնորդ, շոշափելի ու էական ներդրում ունի իր երկրի կյանքում, այդուհանդերձ, Վրաստանում ոչ բոլորն են հիացած Սահակաշվիլիի անձով ու քաղաքական գործունեությամբ: Նույնիսկ Վարդերի հեղափոխության ամենաբուռն օրերին էին ոչ բոլորը հիացած: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Սահակաշվիլին մենակ չէր. Ժվանիան, Բուրջանաձեն և էլի ուրիշ երևելիներ էլ կային, որոնք հետո արդեն չկային: Միանգամայն տարբեր պատճառներով:

Շատերը Ժվանիայի մահը կապում էին Սահակաշվիլիի հետ: Վերջինիս կողմնակիցներն ասում էին, որ դա հերյուրանք է: Բայց վերջինիս կողմնակիցները գրեթե այնքան են, որքան հակառակորդները: Թե′ այն ժամանակ, և թե′ հիմա: Վրաստանում: Ուկրաինայում էլ Սահակաշվիլիին չսիրողները քիչ չեն: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի: Նիկոլին Հայաստանում ոչ միայն հեղափոխականներն են սիրում, այլև շարքային ու սովորական քաղաքացիները:

Հայաստանում Նիկոլին ոչ միայն հեղափոխականներն են ընդունում, համակրում ու սիրում, այլև՝ շարքային ու սովորական քաղաքացիները, ովքեր դեռևս սպասելիքներ ունեն կյանքից: Նիկոլին միայն հակահեղափոխականները չեն սիրում, ընդ որում՝ մոլի հակահեղափոխականները: Եթե ավելի խորանանք ու ավելի ընդարձակվենք, պիտի նկատենք, որ Նիկոլին ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում ու աշխարհի տարբեր երկրներում էլ են սիրում: Ընդ որում՝ ոչ միայն հայերը: Նույնիսկ Սահակաշվիլին է Նիկոլին սիրում ու «բալետ անում»:

Ասում ենք «նույնիսկ», որովհետև սա եզակի դեպք է, որ Սահակաշվիլին որևէ մեկին սիրում ու էդ մասին արտահայտվում է: Նիկոլի հանդեպ համընդհանուր այս սերը եզակի է նաև այն իմաստով, որ սովորաբար հեղափոխությունների ժամանակ հեղափոխականներն ու հակահեղափոխականները գրեթե հավասար քանակություն են կազմում, և չնայած հեղափոխականները միշտ էլ հակահեղափոխականներից ակտիվ են լինում, դրանից հակահեղափոխականների թիվը չի պակասում, բայց էս ասածս ընդհանրապես հեղափոխություններին է վերաբերում, այլ ոչ թե՝ Նիկոլի նախաձեռնած թավշյա հեղափոխությանը, ինչ վերաբերում է Նիկոլի հեղափոխությանը, գրեթե ողջ ժողովուրդն էր հեղափոխական, և հիմա էլ է  հեղափոխական, որովհետև, չնայած Նիկոլն ու իր թիմակիցները վաղուց իշխանություն են, այդուհանդերձ, հեղափոխությունը շարունակվում է, և չնայած ասում եմ՝ «Նիկոլի հեղափոխությունը», և չնայած շատերն են էդպես ասում, բոլորի համար էլ պարզ է, որ եթե չլիներ թավշյա հեղափոխության չափազանց կրիտիկական մասսան, Նիկոլը մենմենակ ոչինչ էլ չէր կարող անել, բայց, մյուս կողմից էլ, պարտավոր ենք նկատի ունենալ ու հաշվի առնել, որ տվյալ չափազանց կրիտիկական մասսան Հայաստանում միշտ էլ եղել ու գոյություն է ունեցել, բայց առանց Նիկոլի անտեր էր ու առանձնապես ոչ կրիտիկական, և էս ասածս նկատի ունենալով ու հաշվի առնելով՝ պիտի արձանագրենք, որ թավշյա հեղափոխությունը նպաստեց, որ Նիկոլ Փաշինյանն ու չափազանց կրիտիկական մասսան գտնեն իրար, գտնեն ու այլևս չկորցնեն իրար. այսինքն, Նիկոլն ու կրիտիկական մասսան, կոպիտ ասած, «քվիտ» են. այսինքն, երկուսն էլ իրար պարտական են «Նոր Հայաստան» կոչվող իրողության համար, և կարևորն այն է, որ երկուսն էլ դա հասկանում ու զգում են, և քանի դեռ հասկանում ու զգում են, Նոր Հայաստանն իրոք կկայանա ու գոյություն կունենա:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Իր բովանդակությամբ և ոճով սրան համարժեք մի ձոն-ոտանավոր մեկ-երկու ամիս առաջ ձեր թերթում տեղադրել էիք որպես կատակ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031