Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այսօր ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք 2018» հոբելյանական՝ 15-րդ մրցույթի եզրափակիչը, որն անցկացվեց նոր անվանումով, քանի որ Հայաստանը կառավարման նախագահական համակարգից անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:
Նախնական փուլերն անցկացվել են Երեւանում, Հայաստանի տասը մարզերում եւ Ստեփանակերտում, որոնց մասնակցել է 1062 ընտանիք՝ երեք հազարից ավելի մարդ, որոնց թվում նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքները: Մարզային փուլերում հաղթող դարձած ընտանիքները իրենց հնարավորությունները ցուցադրեցին եզրափակիչ փուլում՝ հուլիսի 23-29-ը: Նրանք մրցեցին չորս տարիքային խմբում, վեց մրցաձեւից: Տարիքային խմբերում առաջին երեք տեղերն զբաղեցրած ընտանիքները պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ, համապատասխանաբար, 500, 400 եւ 300 հազար դրամով:
Տարիքային խմբերում հաղթող դարձան:
Հաշմանդամություն ունեցող ընտանիք՝ Նազարյաններ, Լոռու մարզ:
1-ին տարիքային խումբ՝ Անդրեասյաններ, Սյունիքի մարզ,
2-րդ տարիքային խումբ՝ Ավագյաններ, Կոտայքի մարզ,
3-րդ տարիքային խումբ՝ Գեղամյաններ, Շիրակի մարզ,
4-րդ տարիքային խումբ՝ Ալեքսանյաններ, Շիրակի մարզ:
Ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեց Երեւանի թիմը, երկրորդը՝ Կոտայքի մարզի, երրորդը՝ Շիրակի մարզի թիմերը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բարի ավանդույթի համաձայն չորս տարիքային խմբերի եւ հաշմանդամություն ունեցող ընտանիքների անդամ ամենակրտսեր մասնակիցներին պարգեւատրեց 100 հազարական դրամով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ