Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում «Լավագույն մարզական ընտանիք 2018» հոբելյանական՝ 15-րդ, մրցույթի ավարտից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Aravot.am-ին ասաց. «Ինձ ուրախացնում է, որ հայ ընտանիքներում մարզվելու ձգտում կա, որ ամբողջ ընտանիքով՝ երեխաների հետ մեկ տարի մարզվում են, որպեսզի հաջորդ մրցույթում հաղթեն: Ու դա արդյունք տալիս է: Այս մրցույթում ընտանիքներ կան, որոնք կանոնավոր մարզվելու շնորհիվ հաղթում են արդեն երկրորդ, երրորդ անգամ: Սա առողջ ապրելակերպի առավելությունների լավագույն դրսևորմներից մեկն է»:
Դիտարկմանը, որ ինքը ավանդաբար խրախուսում է տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցներին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Վաղվա առողջ, կոփված քաղաքացի դառնալու հիմքերը դրվում են փոքր տարիքից: Ես միշտ նշել եմ՝ երբ երեխան մեկ կամ մի քանի ամիս զբաղվում է սպորտով, հետագայում դժվար թե բաժանվի սպորտից: Նա տեսնում ու իր վրա զգում է սպորտի դրական ազդեցությունը, ուժն ու գեղեցիկ մարմինը եւ մարզվելը շարունակելու, արդեն մարզական բարձունքներ նվաճելու ցանկություն ու ձգտում է ունենում: Եվ շատ հնարավոր է, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակից այս երեխաների մեջ հայտնվեն այնպիսիք, որոնք մեր երկրի դրոշը կբարձրացնեն եւ օրհներգը կհնչեցնեն միջազգային մրցասպարեզներում, ինչպես այս օրերին անում են մեր պատանի ծանրորդները Եվրոպայի առաջնությունում: Երեկվա դրությամբ մեր պատանի ծանրորդները արդեն հինգ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ էին նվաճել: Եվ նկատի ունեմ միայն երկամարտի արդյունքները: Դրանց ավելացրեք նաեւ երկուական փոքր ոսկիներն ու արծաթները: Այսօր էլ նոր մեդալներ ենք ակնկալում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Միլանում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր 17 տարեկան աղջիկների պայքարում 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Հայաստանի համար նվաճեց 6-րդ ոսկե մեդալը, իսկ Միլենա Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր: