Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան. ՍԴՀԿ

Հուլիս 28,2018 18:31

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության վերականգնմանը, օրենքի առջև բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության կողմից:

Հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը, ինչը մեզ թույլ տվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու ազատագրել Հայաստանը։

Համոզված ենք, որ ՀՀ Երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։ Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով, պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով,  ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի և օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ սերտաճմամբ իշխանություն պահած անձի գործունեությանը պետք է տրվեն նաև քաղաքական գնահատականներ։ Անհրաժեշտ է քննել, թե ի՞նչ պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն օբյեկտները հանձնվեցին օտար պետություններին, սփյուռքյան բազմամիլիոն օգնությունները որ ուղղությամբ մսխվեցին, և այլն։

Երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտի առողջացման համար չափազանց կարևոր են անձեռնմխելի ու անպատժելի դասի իսպառ վերացումն ու գործած հանցանքների համար պատասխանատվություն կրելուց անխուսափելիությունը:

Քաղաքական գնահատականի և իրավական փաստերի համակցումը հնարավորություն կտա երաշխավորել բոլոր ապագա իշխանությունների զսպվածությունն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորման բացառումը:

Միաժամանակ խիստ մտահոգիչ ենք  համարում որոշ քաղաքական ուժերի կողմից՝ դատաիրավական համակարգի հանդեպ անվստահությամբ լցված հայտարարությունների տարածումը, մասնավորապես՝ նախկին կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարությունները՝ քաղաքական հետապնդումների,Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարի վերաբերյալ։

Որպես աշխարհասփյուռ Հնչակյան ընտանիքի անդամ մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Նոր Հայաստանի իրավահավասար պետություն դառնալու գործընթացին։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031