«Կասկածն առ այն, որ անձն առնչվում է իրեն մեղսագրվող մեղադրանքին, բավարար է, ուստի կալանքի համար հիմնավոր ապացույց պետք չէ»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասաց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նրա խոսքով՝ առանց փաստական տվյալների՝ անձին չեն կալանավորում. «Սկզբնական փուլում պարտադիր չէ լինի ապացույցների համակցություն, որպեսզի մեղքը հիմնավորված համարվի»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին պետք էր ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրել, այլեւ իր նախագահության ժամանակ մարդու իրավունքների խախտումների եւ կոռուպցիոն հանցագործությունների համար:
«Նա ոտնատակ է արել սահմանադրական նորմերը: Հիմա էլ փորձում են ներկայացնել, թե նա եղել է անվտանգության երաշխավոր»,-դառնալով երկրորդ նախագահի փաստաբանների այսօրվա գնահատականներին՝ ասաց Արթուր Սաքունցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» մամուլի ակումբի