Երեկ երեկոյան Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում մայրաքաղաքի բուժհաստատությունների մի խում բժիշկների կողմից կազմակերպվել է խաղաղ հավաք:
Նախաձեռնողները իրենց ելույթներում հայտարարել են, որ հավաքն ուղղված է ընդդեմ գործող իշխանական համակարգի:
«Մենք ո՛չ կուսակցություն և ո՛չ էլ ինչ-որ կազմակերպություն ենք ներկայացնում: Մենք տարբեր մասնագիտության տեր հասարակ քաղաքացիներ ենք, ովքեր չեն ձգտում ոչ մի պաշտոնի: Արդեն հինգ տարի է, ինչ ես աշխատում եմ որպես բժիշկ և ոչ մի անգամ պետության կողմից համապատասխան ուշադրության չեմ արժանացել, էլ չասեմ ցածր աշխատավարձի մասին: Այդպես շարունակել չի կարելի»,- ասել է հավաքի նախաձեռնողներից Սևակ Ասլայանը:
Նա նշել է, որ բժշկին համապատասխան ուշադրություն չի ցուցաբերվում, որպեսզի վերջինս էլ իր հերթին կարողանա լիարժեք ծառայություն մատուցել:
Իր հերթին հավաքի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը նշել է, որ պետք է թույլ չտալ, որ գործող իշխանական համակարգից որևէ մեկը փորձի իշխանության գա 2020 թվականին: «Մենք պետք է մեր պետությունը վստահենք այնպիսի անհատի, որի իշխանության ներքո քաղաքացին կարողանա իր մասնագիտությամբ ապրուստի միջոցը վաստակել և ապրել բարեկեցիկ»,- հայտնել է Տ. Պետրոսյանը:
Հավաքի կազմակերպիչները նշեցին, որ բողոքի ակցիան կրելու է շարունակական բնույթ:
Նշենք, որ հավաքի անցկացումը արտոնված էր Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ