«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պետք է արդար դատաքննություն լինի, որովհետև հակառակ պատկերը մենք տեսել ենք հենց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Ես չէի ուզենա, որ 37 թվականի մեթոդները գործեն»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասաց Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա փաստաբանների միջեւ անկեղծության խնդիր կա:
«Ռոբերտ Քոչարյանը պետք է ճիշտն ասի, որ իր հրամանով են զորքերը դուրս բերվել: 0038 հրամանը, որով զորքը ներգրավվել է քաղաքական գործընթացներում, Միքայել Հարությունյանի «ստեղծագործությունը» չէ: Դա հրաման է, որը կապ ունի Ռոբերտ Քոչարյանի լիազորությունների հետ»,-համոզմունք հայտնեց Սեդա Սաֆարյանը:
Նա հիշեցրեց՝ փաստահավաք խմբի ձեռքի տակ են այն տեսանյութերը, որոնք փաստում են, որ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում:
Հիշեցնենք՝ այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահի նպատակն էր՝ բանակին հեռու պահել քաղաքական գործընթացներից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» մամուլի ակումբի