«Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է բանակը հետ պահել քաղաքական գործընթացներից»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ նրա մեկ այլ հայտարարությամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն է փորձել պաշտպանության փոխնախարարներին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: «Հետո նրան զեկուցվել է, որ զորանոցային ռեժիմ է մտցվում: Այսինքն, զորքերը պետք է զորանոցներում լինեն, որպեսզի չներգրավվեն»,-հավելեց նա: Վիկտոր Սողոմոնյանը նաեւ նշեց, որ Մարտի մեկի դեպքերի ժամանակ չի եղել դրվագ, երբ զորքերը ցուցարարների հետ են բախվել:
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ Մարտի մեկի դեպքերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների նպատակը եղել է այն, որ որ բանակը չներգրավվի քաղաքական գործընթացներում. «Երբ նրա կողմից հայտարարվել է արտակարգ դրություն, ներքին ու արտաքին խնդիրներ ենք ունեցել: Ներքինը սահմանադրական կարգի վտանգն էր, սահմանին էլ վտանգ կար: Մարտի 2-ի հատուկ նիստում ԱԺ-ն արձանագրեց, որ արտակարգ դրության մասին նախագահի հրամանագիրը եղել է անհրաժեշտ եւ իրավաչափ»:
Փաստաբանի բնորոշմամբ՝ նախագահը մարտի մեկի դրությամբ ուներ լիազորություն արտակարգ դրություն հայտարարելու, եթե կային սահմանադրական կարգին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներ. «Անվտանգության մասին է խոսքը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ