Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով մարտի մեկի գործով մեղադրյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ գրավի դիմաց ազատ արձակվելուն՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց. «Մի թյուրիմացություն կա հայկական եւ ռուսական ԶԼՄ-ներում եւ անընդհատ շեշտվում է, թե քրեական գործ է հարուցվել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ, մինչդեռ գործը հարուցվել է 2008 թ. Հայաստանի պաշտպանության փոխնախարարի ու այն մարդու դեմ, որը որ ղեկավարում էր Երեւանի ռազմական կայազորը:
Ինչքանով ես տեղյակ եմ, հարցեր կան՝ կապված այն գործի հետ, որը հարուցվել է ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ: Այժմ նա չի գալիս Հայաստան, թաքնվում է իր ռուսական անձնագրի հետեւում: Ինձ թվում է Յուրի Խաչատուրովի հարցերը կապված են այն ամենի հետ, թե ինչ հրամաններ է ստացել իր ռազմական ղեկավարից՝ պաշտպանության նախարարից:
Ես ենթադրում եմ, որ ինքը պատշաճ ձեւով պատասխանելու եւ քննության հետ համագործակցելու պատճառով էր, որ չկալանավորվեց եւ ընտրվեց այլ խափանման միջոց ՝ գրավը, ստորագրությամբ չբացակայելը»:
Հովհաննես Իգիթյանի համոզմամբ. «Կատարվածը քաղաքականացնելու որեւէ առիթ չկա, հարցը դիվանագիտական իմունիտետի հետ էլ կապ չունի: Հայաստանում Յուրի Խաչատուրովը չունի որեւէ դիվանագիտական իմունիտետ: Հարցն ուղղված չէ ՀԱՊԿ-ի դեմ, սա մեր ներքաղաքական հարցն է, մեր նախկին պաշտոնյայի՝ օրենքի առաջ պատասխանատվության հարցը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ