Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը՝ Քոչարյանի մասին. «Չկա հոդված, որ զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ռազմական դրության ժամանակ»

Հուլիս 28,2018 16:36

«Կարծիքներ հնչեցին, որ եթե նախագահը կատարել է հանցագործություններ, գերազանցել է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, ապա նա չի կարող օգտվել սահմանադրությամբ իրեն վերապահված անձեռնմխելիությունից: Այդպես չէ, այդ մեկնաբանությունը ճիշտ չէ: Եթե անձը հանցագործություն չի կատարել, անձեռնմխելիության մասին խոսելն ավելորդ է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հնչող նշյալ տեսակետին, ասաց նրա շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը: «Նախագահի դեպքում նախատեսված է, որ նա չի կարող ենթարկվել պատասխանատվության՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Հարցը լուծելու համար պետք է պարզել՝ կոնկրետ գործողությունները կատարելիս Ռոբերտ Քոչարյանը գործել է որպես նախագա՞հ, թե որպես մասնավոր անձ»,-հստակեցրեց նա:

Արամ Օրբելյանը նշեց, որ անձեռնմխելիությունը նախկին նախագահին չի ազատում որպես վկա հարցաքննվելու փաստից. «Նա կարող է հարցաքննվել որպես վկա: Մյուս կողմից, առհասարակ, անձեռնմխելիություն՝ չի նշանակում ամենաթողություն»: Ինչ վերաբերում է տեսակետին, թե Ռոբերտ Քոչարյանը կատարել է գործողություններ, որոնք չեն բխել իր կարգավիճակից, այսինքն՝ նա իրավունք չուներ բանակը ներգրավելու որոշում ընդունել արտակարգ դրության պայմաններում(ինչը թույլատրվում է միայն ռազմական դրության դեպքում), փաստաբանն ընդգծեց. «Սահմանադրության մեջ չեք գտնի տեքստ, որ զորքերի օգտագործումը համարվում է ռազմական դրություն: Չկա հոդված, որ զինված ուժերը կարող են օգտագործվել միայն ռազմական դրության ժամանակ»:

Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ պաշտպանների համար պարզ չէ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը. «Հանցագործության հանցակազմի տարրը պարզ չէ: Օրինակ, պարզ չէ, ի վերջո, նա մեղադրվում է արտակարգ դրություն մտցնելու մե՞ջ: Քննչական մարմինների կողմից լավ ուսումնասիրված չէ գործը: Ապացույցներից որեւէ մեկի մեջ Ռոբերտ Քոչարյանի մասով հստակ դրվագներ չկան»: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր հայտարարել է, որ Մարտի մեկի դեպքերի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցներն են փորձել բանակը ներքաշել քաղաքական գործընթացներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031