ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին նշեց, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ նախագահներ են ձերբակալվում. «Այդտեղ արտառոց ոչինչ չկա, եւ խոսքը միայն երրորդ աշխարհի երկրներին չի վերաբերվում, օրինակ` վերջերս Ֆրանսիայում Ժակ Շիրակին են երկու տարով դատել, Սարկոզիի դեմ քրեական գործ կա»:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, մեր զրուցակցի խոսքերով. «Չմոռանանք, որ մարտի մեկի իրադարձությունները զուտ մեր ներքաղաքական հարց չեն, թեեւ մեր ժողովրդին շատ է հետաքրքրում ինչ է եղել իրականում, ինչու է զորքը կրակել, ինչու են մարդիկ սպանվել, երկու հարյուրից ավելի մարդ է վիրավորվել եւ այլն: Մարտի մեկի իրադարձությունները արտացոլվել նաեւ միջազգային կազմակերպությունների զեկույցներում՝ որպես Հայաստանի հանդեպ պահանջ, որ հարցը պետք է պատշաճ ձեւով դատաքննվի, սկսած ԵԽ-ի, ԱՄՆ պետդեպի զեկույցներից, որի պատճառով ժամանակին կասեցվել է «Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը, ԵՄ զեկույցների մեջ նույնպես մարտի մեկը նշված է որպես մի երեւույթ, որը պետք է բացահայտվի»:
Հովհաննես Իգիթյանի ձեւակերպմամբ` տրամաբանական է, որ բացահայտումը սկսվում է հենց այն մարդուց, որը տվել է հրամանները, որը կազմակերպել է այդ հանցագործությունը, իսկ դա Ռոբերտ Քոչարյանն է:
«Նա որեւէ հիմք չուներ մարտի մեկին օգտագործել բանակը, ոստիկանության անհամաչափ ուժերը: Հիշենք Ազատության հրապարակում վրաններում քնած մի քանի հազար մարդկանց: Որեւէ վտանգ չկար, մարդիկ ուղղակի բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքներից:
Ռոբերտ Քոչարյանը եւ իր փաստաբանները, թիմակիցները, ՀՀԿ-ականները փորձում են շփոթություն մտցնել, որ իբր այս ամենն արվեց, որովհետեւ փողոցում անկարգություններ էին; Նրանք, սակայն, շփոթում են հետեւյալը՝ մենք խոսում ենք մարտի մեկի առավոտվա մասին, երբ Ռոբերտ Քոչարյանն օգտագործեց բանակը, ոստիկանության ուժերը խաղաղ ցուցարարների դեմ: Երկամսյա ձերբակալումը կամ կալանավորումը չպետք է դիտարկել որպես պատիժ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ:
Դրան պետք է նայել որպես ընդհանուր դատաքննչական պրոցեդուրայի մաս, որտեղ ինքն ինչքան շուտ ցուցմունքներ տա, թե ինչ հրամաններ է տվել, արդյոք ինքն է տվել հրամանը, կամ գուցե իր տված հրամանը սխալ են կատարել, ինչ հրաման է տվել պաշտպանության նախարարին, դատախազին, ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, ինչպես ստացվեց, որ այդքան մարդ զոհվեց եւ մեր իրավական իմիջն այդքան ընկավ Հայաստանում, այնքան լավ կլինի»,-ասաց պարոն Իգիթյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ