Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռում էին՝ «Մանվե՜լ»…Տեր-Պետրոսյանն է փորձել ԵԿՄ-ն ներքաշել քաղաքական գործընթացի մեջ». Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 28,2018 14:25

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրություններում պարտվել է եւ փորձել է «Երկրապահ կամավորականների միությանը» ներքաշել քաղաքական պայքարի մեջ: Հարթակին կանգնած նրա թիմակիցները գոռում էին՝ Մանվել-Մանվել (Մանվել Գրիգորյանն այդ ժամանակ Պաշտպանության փոխնախարար էր)…Գագիկ Մելքոնյանի (պաշտպանության փոխնախարար) անունն էլ էր հնչում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասաց նրա գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը: «Հետո կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, որոնք թավշյա հեղափոխություն չէին: Դրանք անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց տասը մարդ: Հիմա, որպեսզի արդարացվի այն, ինչ այդ օրերին արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրում են: Ասում են, թե Տեր-Պետրոսյանը հաղթել էր իր թիմակիցների հետ: Ասում են, թե նրա թիմակիցները ոչ թե անկարգություններ էին կազմակերպել, այլ ժողովրդի պայքարը»,-հավելեց նա:

Ապա Վիկտոր Սողոմոնյանը հարցադրում արեց. «Հիմա ո՞վ է հաշվեհարդար տեսնում Քոչարյանի հանդեպ, ո՞վ է տասը տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի «մեղավորության» մասին: Վստահեցնում եմ՝  «Բերիային» գտնելու ենք, նա պատժվելու է: Մնում է պարզենք՝ ո՞վ է: Իրավական «բեսպրեդել» չի լինելու: Պաշտոնաթող նախագահին անձնական-քաղաքական հաշվեհարդարի ենթարկելը չի անցնելու, նրան ապօրինի հետապնդողները պատժվելու են»:

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ ակնհայտ է այն հանգամանքը, որ գործը կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի վրա. «Ստացվում է, որ նա Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի հետ նստած ինչ-որ բան էր որոշո՞ւմ: Որոշ հոգնած ՀՀՇ-ականներ կան, որոնք ասում են, թե բանակը ներքաշել են քաղաքական գործընթացների մեջ: Բա ո՞վ էր պաշտպանության փոխնախարարներին ներքաշում քաղաքական գործընթացների մեջ: Ռոբերտ Քոչարյանը պարզապես թիրախ էր, բոլորը փորձեցին մեղքը նրա վրա բարդել: Ի վերջո, ամեն ինչ կբացահայտվի, հասարակությունը դեռ շատ հետաքրքիր բաներ կիմանա, որովհետեւ տարիներ շարունակ զոմբիացված է եղել կեղծ քարոզչությամբ: Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների կողմից է զինված ուժերը ներքաշելու փորձ արվել»:

Իսկ արդյոք Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է այն կրակոցների մասին, որոնց հետեւանքով տասը զոհ է եղել, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Կոչ ենք անում դա հետաքննել: Թող ՀՔԾ-ն պարզաբանի հանգամանքները, փարատի զոհերի հարազատներին: Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն ի սկզբանե չի ունեցել եւ չունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031