ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջին երկու օրում տեղի ունեցած քննչական-դատավարական գործողությունների մասին որոշ դրվագներ մասնակի բացահայտեց՝ ասելով, որ կատարվածն ամբողջությամբ չի կարող բացահայտել, սակայն ցանկանում է խոսել կատարված խախտումների մասին: Նա նախ նշեց, որ իր անձնական գնահատականով՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործն ապագայում կկարճեն՝ հանցակազմի բացակայության պատճառով: Ապա պատմեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանն արձակուրդից հետո եկել է Հատուկ քննչական ծառայություն՝ որպես Մարտի մեկի գործով վկա հարցաքննվելու, տեղում պարզվել է, որ նրան որպես մեղադրյալ են պատրաստվում հարցաքննել, այդ պատճառով նա հրաժարվել է ցուցմունք տալ:
«Մինչդեռ նա պետք է խոսեր: Մենք պատրաստվել էինք, մանրամասն ցուցմունք պետք է տայինք: Քննիչներից մեկը վերցրեց Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը միայն, որի բովանդակությունը չեմ բացահայտում՝ մոտ տասնյոթ տող, ու դուրս եկավ սենյակից: Եկավ մի քանի րոպեից եւ բերեց որոշում՝ խափանման միջոց ընտրելու միջնորդության մասին՝ կալանավորման վերաբերյալ: Մտածում էի՝ տեղում կձերբակալեն: Չէի սպասում, որ բաց կթողնեն: Տվեցին 136 էջից բաղկացած մեղադրանքը եւ կալանքի միջնորդության որոշումը: Այդքանը կարդալը, մարսելն ու պատրաստվելը ժամանակ է պահանջում, մինչդեռ նույն օրը կալանքի հարցով դատական նիստ հրավիրվեց»,-նշեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ նույն օրը ժամը 21-30-ին իրեն ծանուցել են, որ նիստը 22:00-ին է կայանալու. «Դատարանում պարզվեց, որ Քոչարյանին ծանուցագիր չի հանձնվել: Նա Հունաստանից նոր էր եկել. հոգնած-լարված վիճակում քնաբեր հաբ էր խմել ու քնել: Դատարանին միջնորդեցինք ժամանակ տրամադրել: Դատավորը մեզ լսեց ու մերժեց, ինչպես եւ կանխատեսում էի: Որոշ դատավորների նման վերաբերմունքը եղել է բոլոր ժամանակներում՝ թե Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի: Պատճառաբանություն դատավորի կողմից մեզ չտրվեց»:
Ապա, Ռուբեն Սահակյանի բնորոշմամբ, երբ դեռ երկրորդ նախագահը քնած է եղել, դատարանում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. «Կեսգիշերն անց քննչական խումը բերեց որոշում՝ նրա հանդեպ հետախուզում հայտարարելու մասին: Հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել նրան եւ հրավիրել դատարան: Չգնացինք՝ թող կալանավորեին…չկալանավորեցին: Առավոտյան նա եկավ նիստի՝ կրկին չկալանավորեցին: Այսինքն, պատշաճ չեն ծանուցել, ու որոշել են կալանավորել: Բայց չարեցին: Սա պատվեր է, իսկ թե ովքեր են կատարողները՝ չեմ կարող բարձրաձայնել: Մեղավորները ՀՔԾ-ում են եւ դատախազությունում: Այլ մեղավորներ էլ կան: Մի օր բացահայտվելու է այս ամենը: Եթե պարզվի, որ մենք սխալվում ենք, մեզ ինչպես հարկն է՝ կքննադատեք»:
Ըստ փաստաբանի՝ վերոնշյալը խոսում է իրավաբանական տգետ գործողությունների մասին, որոնք անընդունելի են. «Թավշյա հեղափոխություն եղավ, փաստաբաններով հույս ունեցանք, որ ինչ-որ բան է փոխվելու: Հիմա համոզված եմ, որ նման հույս չկա: Վարչապետը պետք է ձեռքը խփի սեղանին ու ասի՝ «այս ի՞նչ եք անում, դանակ եք խրո՞ւմ իմ թիկունքից»: Իհարկե, ինքն անձամբ դատավորին չի ասի նման բան, բայց մեկին կկարգադրի նրան ասել՝ ինչո՞ւ ես ապօրինություն անում»: Հիշեցնենք, որ դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ