«Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը եւ նրա կալանավորումն ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական եւ անձնական հետապնդում է: Սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է «վենդետա», որը իրավական հիմնավորում չունի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց. «Հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում, թե ինչու է մեղավոր նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի մեկի տասը զոհերի գործի բացահայտման հետ: Ցավ եմ ապրում, որ ՀՀ պատմության համար այսքան կարեւոր գործը պատանդ է քաղաքական նպատակներին: Ցավում եմ, որ գործող իշխանության հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են իրարից»:
Սողոմոնյանի գնահատմամբ՝ դատական գործընթացը բավականին հապճեպ է տեղի ունեցել. «ՀՔԾ-ի վերաբերմունքը՝ արագ կալանավորել, արագ մեղադրանք առաջադրել…այս ամենն ինչի՞ մասին է խոսքում: Նա կալանավորվել է ապօրինի, նրա դեմ քրեական գործ է սարքվել: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ