Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դրական արձագանքի է արժանացել հասարակության մեծ մասի կողմից: Չթաքցնեմ, զուտ հուզական առումով այդ լուրն իմ մեջ էլ ուրախություն առաջացրեց. միակ անկախ հեռուստաալիքը ամբարտավան, լկտի ձեւով եթերից զրկած մարդը չի կարող վայելել որեւէ նորմալ լրագրողի համակրանքը:
Բայց Քոչարյանին դրա՛ համար չեն հետապնդում: Փողոցում եւ համացանցում մարդիկ ինձ ասում են եւ գրում՝ բա 10 տարի էս երկիրը թալանել է, պիտի նստի: Բայց դա՛ չէ Քոչարյանին մեղսագրվում: Նրան մեղադրում են «մարտի 1-ի» համար: Սակայն (առայժմ` համենայնդեպս) խոսվում է ոչ թե այն մասին, որ երկրորդ նախագահը հրաման է տվել կրակել անզեն ցուցարարների վրա՝ չնայած այդ հարցում Քոչարյանի մեղքն, իմ կարծիքով, կա: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն իրավաբանները: Նրանք պետք է ասեն նաեւ, թե որքանով է այս դեպքում գործում նախկին նախագահների համար Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիությունը: Ենթադրում եմ, որ Քոչարյանին համակրող փաստաբանները կասեն, որ հետապնդումն ապօրինի է, իսկ չhամակրողները կհայտարարեն, որ ՀՔԾ-ի մեղադրանքն օրենքի սահմաններում է:
Իսկ մենք` քաղաքացիներս, երեւի պետք է հրաժարվենք զուտ հուզական մոտեցումներից: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացի էր, իրավունք ունի բոլորիս նման իր տեսակետն արտահայտելու, նրա վրա տարածվում է անմեղության կանխավարկածը, նա կարող է վարձել մեր լավագույն փաստաբաններին: Այդ ամենին պետք է ավելացնել, որ նա մեծ դեր է խաղացել Արցախի ազատագրման գործում, իսկ Հայաստան պետության համար արել է թե՛ վատ (շատ վատ), թե լավ բաներ: Եթե մարդը նենգ է եւ հիշաչար, եթե նա կարծում է, որ իսկական տղամարդ լինելը զոռբայություն եւ մեծամտություն է նշանակում, ապա դա ինքնին չի ենթադրում, որ մենք բոլորս պետք է դրսեւորենք նույն հատկանիշները: Կասեք, որ իմ ասածը կյանքից կտրված իդեալիզմ է, եւ ես, անշուշտ, դրա հետ կհամաձայնեմ. բոլոր պարագաներում մարդկային վերաբերմունքը նույնիսկ «առերեւույթ» հանցագործի հանդեպ, շատ կարեւոր է:
Քաղաքական գործիչների, առավել եւս առաջին դեմքերի մեջ իդեալիստները քիչ են, եթե Մանդելայի կամ Հավելի նման մարդկանց մի կողմ թողնենք: Հիմնականում նրանք իրենց նպատակներին հասնում են խարդախությամբ, կեղծիքներով, հաճախ նաեւ՝ քայլելով դիակների վրայով: Այդ «դեմքերի» մեջ սովորաբար քիչ են նաեւ անկեղծ մարդիկ, եւ նրանց հիմնական խոսակցության թեման են այն «բարեգործությունները», որոնք նրանք անձնուրացաբար մատուցել են ժողովրդին: Դուք որեւէ մեկից լսե՞լ եք, որ պարզ ասի՝ «ես կայֆ եմ ստացել իշխանություն ունենալուց»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շատերն ասում են, թէ Մեծ Եղեռնը հնարաւոր չէ ցեղասպանութիւն որակել, քանի որ այդ ժամանակ նման եզր չկար։
Մօտաւորապէս նոյն բանն էք ասում։
Դրանք տեխնիկական հարցեր են, որոնք Հայաստանի արդարադատութիւնը չի շրջանցի եւ անօրինական արդարադատութիւն չի իրականացնի (վստահաբա՜ր)։
***
Յ.Գ. Անձնական մի հարց։ Կարդացի «Գերմանական կվինտետը»։
Ժամանակ կ’ունենա՞ք (01.08.2018?) մակագրել իմ, աւելի ճիշտ Ձեր, աւելի ճիշտ մեր գիրքը։ 😊
է՜խ, Արամ, դու էմպատ ես և հասկանալի է, որ երբեք չես միանա ամբոխին,
և դա հիանալի է…..
Լաւ, ջանանք յոյզերը մէկդի դնել… Ճիշդ է, այդ ուղիով ոչ ոք տեղ պիտի չհասնի: Բարձրանանք ուրեմն՝ պետական ըմբռնողութեան մակարդակին վրայ: Տարրական, նուազագոյն ըմբռնողութեան:
Նախագահական անձեռնմխելիութիւնը չէ, հիմնական անհեթեթութիւնը – նաեւ վտանգը -, խնդրոյ առարկայ հետապնդման մէջ: Քանզի այժմու կացութեան մէջ, կարող են նաեւ հեշտօրէն ասել թէ Ռ. Քոչարեանը երբեւիցէ նախագահ իսկ չի եղել… Իսկապէս, կարող են… Պարզապէս կ’ասեն թէ ապօրինի էր իր ընտրութիւնն ալ, ու վերջ… Եւ այսօր խօսքը, որեւէ խօսք, եթէ զայն արտասանողը տէ ֆակտո իշխող անձ է, արդէն Բացարձակ Ճշմարտութիւն կը հանդիսանայ:
Երկրորդ Նախագահին դէմ այժմու մեղադրանքը սահմանադրական կարգը խախտելն է: Սա ուղղակիօրէն կը հակասէ Սահմանադրական Դատարանի պատկան հաստատումը:
Հետեւաբար այս մեղադրանքը, ինքնին արդէն – վերջում տեղ հասնի կամ չհասնի -, այս պահի՛ն արդէն՝ նշանակում է թէ Սահմանադրական Դատարանը ոչ մի հեղինակութիւն չունի երկրում: Ոնց որ գոյութիւն չունենար: Թէ ոչ, բառացիօրէն անկարելի կը լինէր որ իրավապահ մարմինները եւ դեռ վրան ալ դատարա՛նը, այդ մեղադրանքը մէջտեղ բերէին իսկ:
Ուրեմն, այս պահին, ըստ էութեան, Հայաստանը Սահմանադրական Դատարան ալ չունի: Ոչ իսկ երեւութապէս… Երեւոյթները փրկելու համար…
Կառավարութիւնը ակնյայտօրէն իրաւացի չէ, քանզի փողոցի ուժով գոյացած է: Խորհրդարանը գոյութիւն չունի, քանզի եթէ անոր բոլոր անդամները իրենց ազատ կամքով շարժէին ու քուէարկէին, կառավարութիւնը գոյութիւն չէր ունենար: Դատարանները փաստօրէն «յարմարվում»/ենթարկվում են օրուայ կառավարութեան, հետեւաբար նոյնպէս պետական իշխանութիւն չեն, այլ քաղաքական գործիք: Իսկ երեկ, Սահմանադրական Դատարան ալ անհետացաւ: Լաւ.. Ի՞նչ մնաց Պետութենէն… ?
Խնդիրը տեսական չէ: Ո՞րմէկ այլ պետութիւնը, ներառեալ թշնամի պետութիւնը, հաւասարէ հաւասար պիտի խօսակցի կամ բանակցի գոյութիւն չունեցող պետութեան մը ներկայացուցիչների հետ… Նոյնպէս, ո՞րմէկ դրսեցի ներդրողը իր փողեր պիտի տանի երկրի մը մէջ ուր պետութիւն չկայ:
Դեռ աւելին՝ միայն պետական հիմնարկները չեն որ անհետացան: Այսինքն, նոյնիսկ եթէ անոնք միայն ձեւակերպութիւն էին արդէն, ցուցափեղկ մըն էին, այդ իսկ չմնաց հիմա… Այլազան այլ հիմնարկներ , որոնց սուր կարիքը ունէր երկիրը – նոյնիսկ ուղղակիօրէն Բանակը… -, աղմկալից «բացայայտումների» միջոցաւ, վարկաբեկուեցան, տկարացան: Այս ինքնաքանդումի գործընթացին մէջ, հաւանաբար – գոնէ առաջին գիծի – դերակատարների շատերին միտումները շատ բարի էին, սակայն դա բան չի փոխեր հետեւանքներից:
Եւ այս ամէնը, ինչի՞ համար… Ու՞ր են dividend-ները… Դեռ կանո՞ւխ է… բայց լրջօրէն, գործնականօրէն – յոյզերից անկախ – տեսնո՞ւմ ենք այդպիսի հեռանկար…
Եւ դեռ այս ընթացքը պիտի շարունակուի, անստոյգ թիւով ամիսներ…
Ձեզ ասեմ, դուրսէն դիտուած, արտաքին ուժերի – շատ վարպետ ու ազդու – միջամտութիւնը այս ամէնուն մէջ այլեւս ստոյգ բան է: Ամենացաւալին լինելով այն, թէ հենց այդ զարհուրելի իրականութեան մէջ, կան հայեր որոնք կարծում են թէ, ընդհակառակն, ազատագրվում է Հայաստանը…
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Ճիշտն ասած՝չեի էլ արձագանգի,բայց ինքս ինձ ստիպելով՝ կարդացի ձեր ,,իրավաբանական,, զեղումները եւ ապշած եմ,թե ինչ՛ աստիճանի ,, մարդը,, կարող է չսիրել յուր ազգը, Հեղափոխությունից հետո ժողովրդի դեմքին վերջապես ժպիտ է եկել ,իսկ Քոչարյանի դեպքով՝ առավել եւս; Հ.Շ. պետություն բառը շատ էք հոլովում,իսկ ասացեք տեսնեմ՝ աշխարհում կա մի պետություն, առանց այնտեղ ապրող ժողովրդի,թե՛ ժողովուրդը նրա համար է,որպեսզի արհամարվի,ձայնազուրկ լինի, լինի թալանի զոհ,կամ միս թնդանոթի համար…թուրքը կերազեր,որպիսզի նման մի ատենակալ ունենար,նման դեպքերում ասում էն՝ հազար մարդ՝հազար էլ կարծիք,բայց այդքան թույն ՝մեր պետականության դեմ՝ դժվար պատկերացնելի է, ծաղրն ու ծանակն էլ վերջ չունի, մեղմ ասած՝գեղեցիկ չէ,եթե ոչ տգեղ…
գրածներս եւ ձեր գրածները դարձեալ կարդացէք, խնդրեմ, այն օրը որ ժողովրդի դեմքին այդ ժպիտը դարձեալ անհետանայ… եւ այս անգամ, աւելի զարհուրելի կերպով… այն ատեն կը տեսնենք թէ ճիշդ ո՞վ է սիրում ազգը… ոչ միայն սրտով, այլ նաեւ մտքով… ժամանակաւոր ժպիտէն անդին, պարզապէս չէք տեսնում կացութեան ծայրագոյն վտանգները… որոնց նախադէպերը մինչդեռ բազմաթիւ են ու այլազան, մեր ամբողջ պատմութեան տարբեր հանգրուաններին… եւ այդ պատճառով է որ այսօր այս վիճակին մէջ ենք…
Իրավաբանական դիտարկումներ
https://www.azatutyun.am/a/29395869.html
Ամբողջ նիւթին մէջէն յաջողած են – գոնէ ցարդ – լիովին դուրս հանել մինչդեռ ամենաէական կէտը՝ Մարտ 01 2008-ին հասած փողոցի շարժումի բնոյթը ճիշդ ի՞նչ էր:
Եթէ այս նիւթը պիտի չթաղուի, զոհերուն հետ, ապա այդ մասին պէտք է որ լուրջ ու մասնագիտական քննարկում տեղի ունենայ:
Որովհետեւ, եթէ հաստատուի որ այն շարժումը, որուն վերջ դրին մարտ 01-ի պետական գործողութիւնները, այդ շարժո՛ւմն էր որ սահմանադրական կարգի տապալման փորձ մըն էր, եւ դեռ առաւել՝ ազգային անվտանգութեան համար էական սպառնալիք մըն էր, ապա՝ պետական ուժի կիրառումը կը դառնայ դժբախտաբար օրինաւոր, արդարացի, որքան որ ալ ողբերգական ըլլան հետեւանքները:
Պէտք չէ վախնալ այս բանավէճից: Անոնք որոնք ոչ մէկ կապ ունին այդ ամէնուն հետ, ոչ մէկ տեսակի շահ ունին այս նիւթերու կապակցութեամբ, պէտք է որ քաջութիւնը ունենան վերեւ պարզուած քննարկումը արծարծելու:
Նոյնիսկ եթէ, այն պարագային որ այդ քննարկումը յանգի այն եզրակացութեան որ ուրուագծում եմ վերեւ, ապա՝ զոհերի նկատմամբ պատասխանատվութիւնը կ’իյնայ այժմու Վարչապետին եւ Առաջին Նախագահին վրայ:
Եթէ իրապէս նորմալ երկիր էք ուզում, սա է մօտեցումը:
Եթէ ոչ, «նոր» Հայաստանը խորքին մէջ, ընդհակառակն, վերադարձ մըն է քարրորդ դար ետեւ:
Ինչու՞ չեն մեղադրվում առաջին եւ երրորդ նախագահները սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Ինչու՞ չեն մեղադրվում առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները՝ տնտեսական հանցագործությունների համար: Առնվազն օրինակ վերցրեք Ղրղզստանից (2012թ.), միայն չմտածեք թե ՀՀ-ն առաջինն է ինքնամաքրման գործընթացների մեջ:
Ապազգային եւ հակապետական գործունեության ու գործողությունների համար՝
ե՞րբ են նրանք պատժվելու:
Սա էլ թող լինի համաժողովրդական շարժման վերջին պարպիչը: Թե՞, ավանդույթի համաձայն, սրանք էլ պիտի հերոսապատվեն:
Ռուբէն, թող չի հետապնդեն ոչ մէկ նախկին նախագահ…
Ես ինքս կ’ատեմ, էապէս կ’ատեմ յատկապէս Առաջին Նախագահը, բայց չեմ ուզեր որ զինք դատարաններու առջեւ քաշեն, բանտ դնեն
որովհետեւ նիւթը անձերը չեն, իրենց անցեալի պաշտօնական հանգամանքն է, պետական հեղինակութիւնն է, տիտղոսին կապուած ստորոգելիներն են
այս գործընթացներով, իրենց ընդմէջէն, Պետութիւնն է որ քանդվում է, հետադարձ կերպով
եւ ի՞նչ է օգուտը !!
Քոչարեանի դէմ մեղադրանքը նշանակում է թէ գոնէ անցեալ 10 տարիներուն, ամէն ինչ որ ըսած, ըրած եւ ստորագրած են Հայաստանի պետութեան ներկայացուցիչները, չեղեալ է
նոյն մօտեցումով, երկրի գոյացումէ՛ն ի վեր, ամէն ինչ որ ըսած, ըրած եւ ստորագրած են Հայաստանի պետութեան ներկայացուցիչները, չեղեալ է
իսկ ընդհանրապէս թերթերուն մէջ ինչո՞ւ աւելի չտարածուեցաւ հետաքրքրական բացայայտում մը, այս հետապնդումները գործադրող մարմնի ղեկավարին ընտանեկան կապերուն մասին, Ճորճ Սորոս-ի կազմակերպութեան Հայաստանի մասնաճիւղի վարչութեան անդամի մը հետ… աննշան տեղեկութի՞ւն մըն է… իսկապէ՞ս… այդ հիման վրայ, գոնէ թող չըսուի թէ զուտ ու բացառեալ երեւակայութիւն է սորոսեան angle-ը, տեղի ունեցող իրադարձութիւններուն մէջ…
Եթե առաջին նախագահը չտապալեր սահմանադրական կարգը եւ օրինակ չծառայեր՝ երկրորդը չէր գնա այդ քայլին:
Եթե Մովսես Գորգիսյանը չսպանվեր, հազիվ թե Լ. Տ.-Պետրոսյանը նախագահ դառնար:
Չսպանեին Վիտա Այվազյանին ՀԱԲ-ի շտաբի մոտ՝ չէինք ունենա Վազգեն Սարգսյան («կորցրած» Արծվաշեն եւ Շահումյանի շրջան):
Չսպանեին Գեղազնիկ Միքայելյանին ՀԱԲ-ի շտաբի մոտ՝ չէինք ունենա «էջմիածինցի» «գեներալ» Մանվել:
Եթե չունենաինք նախագահ Լ. Տ.-Պետրոսյան եւ Խորհրդարանի ներքին գործերի եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյան՝ չէինք ունենա ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ էլ Սերժ Սարգսյան:
Անհրաժեշտ է շտկել պատմությունը:
բառ առ բառ համաձայն են ըսաներուդ, եւ անշուշտ թէ նշումներդ լրացուցիչ չեն, նմոյշներ են միայն
միայն թէ, պատմութիւնը շտկելու մարմաչով չենք կրնար ներկան եւ ապագան խորտակել
ամէն դէպքում, պատմութիւնը գիտցողը, գիտէ, չգիտցողն ալ երբեք պիտի չընդունի ամենաառարկայական իսկ իրողութիւնները, ուրեմն բան մը շտկելու հարց չկայ, ի զուր է