ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու համար: Միջոցառմանը նախարարը հանդես է եկել ելույթով:
Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օրերս այցելել էր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հավաքը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Մասնակիցների շարքում էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Չափազանց կարևոր նախաձեռնություն է: Հաշվի առնելով մեր տարածաշրջանը, մենք այստեղ բավականին մեծ հետաքրքրություններ ու շահեր ունենք», – նշել է նախարարը:
Հավաքի ընթացքում քննարկվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք պետք է նպաստեն կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:
«Խոսվեց կրոնական փոքրամասնությունների հիմնադրամ հիմնելու ու ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունների մասին, որին մենք պատրաստակամություն ենք հայտնել աջակցել մեր ուժերի սահմաններում»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը:
Ելույթ ունենալով Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը՝ Հայաստանի արդարադատության նախարարն ընդգծել է միջոցառման կարևորությունը:
«Հայաստանում մենք լավ գիտենք, թե որքան կարևոր է ունենալ խղճի, կրոնի ու համոզմունքի ազատություն: Դա գիտենք մեր պատմական տխուր անցյալից , երբ պետության բացակայության պայմաններում հայ ժողովուրդը հետապնդվել է շատ հաճախ կրոնի և հայ լինելու համար»,- հայտարարել է Զեյնալյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: