Կարեն Բենիամինյանը՝ ավագանու նիստերի չկայանալու առիթով
Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում. ավագանու անդամները բոյկոտում են: Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքն էլ է մամուլից տեղեկացել, որ ավագանու անդամները բոյկոտում են նիստերը: Արտաշատի քաղաքապետի փոխանցմամբ՝ ավագանու հերթական նիստ է դրվել ըստ ժամանակացույցի հուլիսի սկզբին, սակայն ավագանու անդամները չեն ներկայացել. «Իրենք չեն ներկայացել, որեւէ բան չեն էլ ասել, թե ինչ պատճառներով չեն ներկայացել: Ավագանու պարտականությունները բոլորը գիտեն. իրենք էլ են ժողովրդի կողմից ընտրված եւ պարտավոր են գալ ու քաղաքի խնդիրների վերաբերյալ քննարկումներին, քվեարկությանը մասնակցել, նաեւ հարցեր բարձրացնել առաջիկա առաջնային խնդիրների վերաբերյալ լուծումներ ստանալու եւ լուծումներ գտնելու նպատակով»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս իրավիճակից ելքը, պարոն Բենիամինյանը պատասխանեց. «Նորից կգա ժամանակը, հերթական նիստ կդնենք, կերեւա: Միգուցե ինչ-որ մի քանիսը մասնակցեն կամ չմասնակցեն: Որ տեղյակ ենք պահում իրենց, ավագանու անդամներից որեւէ մեկը չի ասում, թե չենք գալու, չենք մասնակցելու, բոլորն էլ ասում են՝ եղավ, տեղեկացանք»:
Այս պահին դեռ հստակ չէ, թե ավագանու հաջորդ նիստը երբ է տեղի ունենալու:
Պարոն Բենիամինյանին հարցրինք՝ այս պահին քաղաքում ի՞նչ օրակարգային խնդիրներ կան, որոնք կախված են նաեւ ավագանու որոշումներից, նա պատասխանեց. «Դրել էինք բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման հետ կապված հարցը, որի համար ավագանու որոշումն էր պետք, քանի որ կառավարության սունվենցիայի ծրագրին պիտի մասնակցեինք: Բոլոր փաստաթղթերը կազմված էին, մնում էր ավագանու որոշումը, որ մասնակցություն ունենայինք ծրագրին, եթե հավանություն տային: Արդյունքում բազմաբնակարան երկու շենքի տանիք կապիտալ կվերանորոգվեր: Փաստորեն նույն ավագանու նիստերի չկայանալու պատճառով այս խնդրի հետ կապված որոշում չկա»:
Քաղաքապետը թվարկեց նաեւ մի շարք այլ խնդիրներ՝ փողոցների գծանշում, լճի մաքրման հարց, զոհված ազատամարտիկների ընտանիքներին գույքահարկի, հողի հարկի արտոնություններ տալու հարցը, որը տարիներ շարունակ կուտակվել է. «Այդ հարցն էլ էր ավագանու որոշման դրված: Ունենք սոցիալապես անապահով մի քանի ընտանիքներ, որոնք վարձավճար վճարել չկարողանալու պատճառով իրենց երեխաներին մանկապարտեզ տանել չեն կարողանում: Դրված է ավագանու որոշմանը նաեւ այդ ընտանիքներին արտոնություն տալու հարցը: Այսինքն՝ մի շարք կարեւոր հարցեր»:
«Առավոտի» հարցին՝ ո՞րն է քաղաքապետի կոչը՝ ուղղված ավագանու անդամներին, Կարեն Բենիամինյանը պատասխանեց. «Իրենք էլ են ընտրված ժողովրդի կողմից, ինչպես համայնքի ղեկավարը: Ես ծառայում եմ իմ քաղաքին ու իմ ժողովրդին: Թող իրենք մտածեն, ու ժողովուրդը գնահատական տա»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
27.07.2018