Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵԿ փոխնախագահ. «Այո, փաստում ենք, որ հարկայինի տուգանքը անհամաչափ է կատարված խախտմանը»

Հուլիս 28,2018 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը եւ գործարար Էմիլ Մկրտչյանը:

Փոքր ու միջին ձեռներեցները, որոնք նոր կառավարության հետ հույսեր էին կապում, որ վերջապես հարկային անտեղի ստուգումներից եւ տուգանքներից «կազատագրվեն», դժգոհում են հարկային վարչարարությունից եւ որոշ տեսուչների՝ կոռուպցիոն նպատակներով ստուգումներից: Մի խումբ գործարարներ վստահեցնում են, որ այս օրերին հարկայինն անհիմն տուգանքներ է նշանակում, ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար խոշոր չափի տուգանքներ են կիրառվում:

Նելլի Բաբայան.- Էմիլ Մկրտչյանը, որը հագուստի մանրածախ վաճառքով է զբաղվում, ահազանգել է հարկային տեսուչի կասկածելի վարքագծի մասին: Արդյոք ահազանգը հիմնավո՞ր է:

Էմիլ Մկրտչյան.- Վերջին շրջանում ես նկատեցի, որ հարկային տեսչության ներքին օղակներում ոչինչ չի փոխվել, հենց տեսուչների գործելաոճը չի փոխվել: Մենք Կենտրոնի հարկատու էինք, տեղափոխեցին Էրեբունի, հետո սկսեցին անընդհատ ինձ զանգել, անհանգստացնել՝ «արի մեր բաժին, խոսելու բան ունենք»: Ասում էի՝ մենք հարկայինի հետ խնդիր չունենք, բոլոր հարկերը վճարում եմ. ի՞նչ կա: Այնքան անհանգստացրին…

Ն. Բ.– Ի՞նչ նկատի ունեք ասելով՝ անհանգստացնում էին:

Է. Մ.- Երբ գնացի տեսչություն, կոռեկտ չէին խոսում, փողոցային լեքսիկոնով էին խոսում, ասում էին՝ «դու հարկայինի հետ ընկերություն անող տղա ես, չէ՞»: Քաղաքավարի պատասխանեցի, որ ես օրինական դաշտում եմ աշխատում, ու հասկացա՝ խոսքը ինչի մասին է, ընդհատեցի նրանց:

Ն. Բ.– Դուք պնդո՞ւմ եք, որ փորձում էին կաշառք ստանալ ձեզանից:

Է. Մ.– Այո, դե ասում էին՝ նախկինում հարկ չես տվել: Ասում էի՝ նախկինում շատ բան է եղել, նախկինում ոնց թելադրել են, էդպես էլ աշխատել ենք: Շարունակում էին զանգել, մինչեւ տուգանք գրեցին: Առաջին տուգանը մայիսի 7-ին էր՝ 150 հազար դրամ: Ընդունել ենք, որ այդ օրը 2999 դրամի ՀԴՄ-ն չենք խփել: Վճարեցի տուգանքը: Ու հիմա՝ մոտ 10 օր առաջ, նույն տեսուչը նորից ինձ զանգահարում է ու ասում՝ 800-900 հազար պարտք ունեմ գոյացած: Ասաց, որ չի կարող ասել՝ ինչ գծով, ասաց՝ կգաս այստեղ, կասեմ: Հաշվապահս ասաց՝ մի բան էլ գերավճար ունենք: Տեսուչին տեղյակ պահեցի, որ գերավճար ունենք, նայեց համակարգիչը ու ասաց՝ երեկ ցույց էր տալիս, էսօր՝ ոչ: Նորից հարցրեց՝ բա գործերդ ոնց են: 66 միլիոնի ներմուծում ունենք, այս պահին 60 միլիոնի շրջանառություն: Մեր ապրանքները բոլորը փաստաթղթավորված են, 1.5 միլիոն վճարված մաքսեր ու հարկեր, 7,7 միլիոն ֆիսկալ ունենք, ինչո՞ւ եք ինձ 3 ամսվա մեջ 2 անգամ ռիսկային գոտու մեջ գցել:

Ռաֆիկ Մաշադյան.– Ձեր ներկայացրած ակտը վերաբերում է «Արարատ Հարությունյան» Ա/Ձ-ին, որտեղ հարկային մարմինը հսկողական աշխատաքն է իրականացրել, եւ դուք Արարատ Հարությունյանի մոտ որպես վարձու աշխատող գրանցված չեք: Ասե՞մ ձեր կապը Հարությունյանի հետ: Դուք ներկա պահին անհատ ձեռնարկատեր եք հանդիսանում եւ ունեք հաշվիչ դրամարկղային մեքենա Իսահակյան փողոցում: Մեր հսկողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան փողոցում անհատ ձեռնարկատեր Արարատ Հարությունյանի մոտ: Մի քիչ հետ գնանք՝ 2015 թվականին նույն հասցեում գործունեություն է իրականացրել «Էմիլ Մկրտչյան» Ա/Ձ-ն, այսինքն՝ դուք: 2015 թվականին ձեզ մոտ հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում: Մի քանի ամիս հետո 2-րդ դեպքն է արձանագրվել: 2016-ին եւս արձանագրվում է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում: Որոշ ժամանակ անց ձեր մոտ արձանագրվում է տարվա մեջ 2-րդ խախտումը, եւ դուք որպեսզի խուսափեք օրենքի այն դրույթից, որ եթե 3-րդ դեպքով խախտում արձանագրվի, այդ հասցեում դադարեցնում եք գործունեությունը, ձեր հաշվիչ դրամարկղային մեքենան հաշվառում եք, ենթադրում եմ՝ ձեր ընկերոջ կամ բարեկամի անունով՝ Հարությունյանի անունով: Ինչ վերաբերում է տեսուչին, որ հարցնում է՝ գործերը ոնց են: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ես ինքս էլ հանդիպումներ եմ ունենում, եւ իմ առաջին հարցը հարկ վճարողներին լինում է՝ գործերը ո՞նց են: Ես չգիտեմ՝ դուք այդտեղ ի՞նչ կոռուպցիոն խնդիրներ եք տեսնում, եթե տեսնում եք, ասացիք՝ կաշառք են ուզել, ես առաջարկում եմ ներկայացնեք իրավապահ մարմիններին:

Ն. Բ.- Բայց հարկայինում հրեշտակներ չկան, չէ՞, ՊԵԿ նախագահն էր ասել:

Ռ. Մ.– Իհարկե, ես չեմ բացառում… 400 աշխատակիցներ, որոնք ամեն օր ստուգումներ են իրականացնում, գուցե տոնայնություն լինի, որ հարկ վճարողին դուր չգա կամ կասկածի, որ կարող է այդտեղ լինեն կոռուպցիոն ռիսկեր: Եվ չեմ բացառում, որ իրականում կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր: Դրա համար օրեր առաջ կոմիտեի նախագահը հայտարարեց՝ ՓՄՁ ներկայացուցիչները եթե գտնեն, որ հարկային մարմինն անհարկի անհանգստացրել է, անմիջապես ահազանգեն մեզ: Հավաստիացնում եմ, ցանկացած դեպքով ընթացք ենք տալիս: Եթե մեր աշխատակիցները գործել են իրենց գործառույթներից դուրս, նրանք հարկային ծառայությունում չեն շարունակի աշխատել:

Ն. Բ.- Մկրտչյանի տուգանքն արդյոք հիմնավո՞ր է:

Ռ. Մ.- Այն, որ երեւում է՝ մի պարտք-գերավճար… Խնդիրն այն է, որ 2018-ից Հարկային օրենսգիրքը փոփոխվելու արդյունքում մենք ունենք միասնական հաշիվ, որտեղ հարկ վճարողները կատարում են վճարումները, եւ միասնական հաշվում առկա գումարները դեռեւս համարվում են հարկ վճարողների գումարները: Հարկային եկամուտներ համարվում են այն ժամանակ, երբ հարկ վճարողները ներկայացնում են հաշվարկներ եւ դրանցում արտացոլում են բյուջ վճարման ենթակա ե գումարներ: Այդ ժամանակ միասնական հաշվից այդ գումարը փոխանցվում է բյուջեի հաշվին, եւ դա համարվում է հարկային մուտք: Միասնական հաշվում առկա գումարները ժամանակագրական առումով, նայած երբ է հաշվապահը ներկայացնում, եւ նայած ակտով արձանագրված գումարի ժամկետը երբ է, այդ ժամանակ կարող է միասնական հաշվում առկա մնացորդների փոփոխություն լինել: Միասնական հաշիվը հունվարի 1-ից է գործում:

Է. Մ– Ես 10 օր առաջվա մասին էի խոսում, իսկ 10 օր առաջը հունվարի 1-ը չէր: Դա իմ հարցի պատասխանը չէր:

Ռ. Մ.– Դա գործել է հունվարի 1-ից ու գործելու է անընդհատ նույն կերպ:

Է. Մ.– Ես այդքան հարկ եմ վճարում, ինչո՞ւ եմ գտնվում ռիսկային գոտում:

Ռ. Մ.- Դուք ռիսկային գոտում եք, քանի որ մասնատել եք ձեր ընկերությունը: 2-րդը՝ եթե դուք ունեք 60 միլիոն դրամի շրջանառություն, ես ճիշտն ասած՝ չգիտեմ, եթե մյուս ընկերությունն էլ գումարեինք, կարող էր ավելի մեծ շրջանառություն հայտարարագրվել, 60 միլիոնը չի նշանակում, որ դա բավարար է, որպեսզի հարկային մարմինը այդտեղ ռիսկեր չնկատի, որովհետեւ իրականում կարող է շրջանառությունը լինել 80 միլիոն կամ 120 միլիոն: Այսինքն՝ հնչեցնել թիվ ու ասել, որ դա բավարար է, որպեսզի հարկային մարմինն այդտեղ հարկային վարչարարություն չիրականացնի, կարծում եմ՝ արդարացի չէ:

Է. Մ.– Այս նույն հարցին, երբ ձեզ հարց տվեցին սուպերմարկետների հետ կապված, որ անհատ ձեռներեցները շուտ-շուտ փոխվել են, դուք հակառակ պատասխանը տվեցիք, ասելով՝ մենք չենք կարող ապացուցել, որ փոխկապակցված է այս Ա/Ձ-ն մյուս Ա/Ձ-ի հետ: Իսկ հիմա լրիվ հակառակ պատասխանն եք տալիս:

Ռ. Մ.– Ես շատ լավ հիշում եմ՝ ինչ եմ խոսել: Ասել եմ՝ մենք օրենսդրությամբ ունենք փոխկապակցվածության ինստիտուտ, եթե հարկային մարմնի ղեկավարող կազմակեպությունները ճանաչում են փոխկապակցված, այդ որոշման օրվանից հարկ վճարողները չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում: Իսկ ճանաչել փոխկապակցված երկու կազմակերպությունները, եւս մեկ անգամ կասեմ՝ այդքան էլ դյուրին հարց չէ:

Է. Մ.- Մերը ընտանեկան բիզնես է, փոխկապակցված չէ: Կնոջս հոր անունով է, ես այդտեղ ի՞նչ կապ ունեմ: Եվ Դուք չեք կարող ապացուցել, որ ես այդտեղից գումար եմ վերցնում կամ եկամուտ եմ ստանում:

Ռ. Մ.- Ես մտադրություն չունեմ ներկա պահին ձեզ մի բան ապացուցելու:

Է. Մ.- Ստացվում է, ՊԵԿ-ը պաշտպանում է խոշորին, միջինին ու փոքրին նորից չի պաշտպանում, նույնը կրկնվում է՝ այն, ինչ հեղափոխությունից առաջ էր: ՊԵԿ-ի մոտ ոչինչ չի փոխվել, իսկ մենք պայքարեցինք նոր Հայաստանի համար: Դուք պաշտպանում եք կոռուպցիոն ռիսկերը, նույնիսկ ծառայողական քննություն չեք նշանակում:

Ռ. Մ.- Ցանկացած դեպք, որտեղ մենք մտավախություն կունենանք, որ կան կոռուպցիոն ռիսկեր, հավատացնում եմ ձեզ՝ նվազագույնը մեզ մոտ կանցկացվի ծառայողական քննություն:

Ն. Բ.- Պարոն Մաշադյան, տնտեսվարողները նշում են, որ հարկայինը տուգանքի առավելագույն սահմանն է գրում, մեծ տուգանքներ եք արձանագրում:

Ռ. Մ.– ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների դեպքում երբ նշանակվում են տուգանքներ, հարկային մարմինը լիազորություն չունի սահմանելու տուգանքի առավելագույն կամ նվազագույն շեմ: 1-ին դեպքով 150 հազար դրամ է, 2-րդ դեպքով՝ 300 հազար դրամ, եթե մեկ տարում կրկնվի: Որեւիցե անձ չի կարող միջամտել եւ թիվը փոփոխել: Եթե խնդիրը վերաբերում է իրավախախտման արդյունքում, այնուհետեւ վարչական պատասխանատվության է ենթարկվում կազմակերպության լիազոր անձը, այո՛, այստեղ մենք ունեցել ենք վարչական իրավախախտման համար, ասենք, 10-ից 20 հազար դրամ տուգանք: Եթե խոսքը հանրային սննդում 600 հազար տուգանքի մասին է, դա սահմանված է օրենքով:

Ն. Բ.– Ի վերջո բիզնեսը հենց այնպես չի դժգոհում օրենսգրքից, այն վերանայելու, հատկապես տուգանքների շեմը վերանայելու խնդիր չե՞ք տեսնում, երբ մեկ անգամ ՀԴՄ կտրոն, այն էլ 5000 հազար դրամ չխփելու համար 150 հազար տուգանք է գրվում:

Ռ. Մ.– Հարկային քաղաքականության մշակման պրոցեսում մենք խնդիրներ, իհարկե, տեսնում ենք: Հիմնականում ֆինանսների նախարարությունն է զբաղվում, սակայն ՊԵԿ-ն իր նկատառումները կներկայացնի ֆինանսների նախարարություն, որպեսզի մենք Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխությունների առաջարկություններ ներկայացնենք: Համաձայն եմ ձեզ հետ, Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ հակասական են կամ դժվար մատչելի: Ինչ վերաբերում է տուգանքի չափին, այո, ես ընդունում եմ, որ տուգանքի չափը անհամապատասխան է կատարված խախտմանը: Այո, փաստում ենք, որ տուգանքը անհամաչափ է, մեծ է, բայց տուգանքի փոփոխության կամ մեծության որոշման խնդիր մենք չունենք: Եթե օրենսդիրը որոշի նվազեցնել, ասենք՝ 150 հազարի փոխարեն 20 հազար դրամ սահմանի, ուրեմն կկիրառվի 20 հազար դրամը:

Արդյոք հարկման շեմի բարձր լինելու պատճառո՞վ են գործարարները տրոհում բիզնեսը, արդյոք հարկայինը վերջին շրջանում «տեռորի՞» է ենթարկում տնտեսվարողներին, Մաշադյանի դիտարկումներն ու այլ խնդիրների մասին քննարկման մանրամասները դիտեք այստեղ:

Հաղորդումը վարեց
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ»

27.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Emil says:

    Նախ ասեմ, որ հաղորդման սկզբում ես նշեցի, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում եվ ոչ-ոք իրավունք չունի գործել նախկին կանոններով, հարկային տեռորի ենթարկլու միջոցով, փորձել մեզ վախեցնել,ինչ-որ բան ակնկալելով,երբ պարոն Մաշադյանը հիշեցրեց 2015-2016 թվակաների մեր չորս խախտումների մասին ,ես չցանկացա խորը պատասխանել եթերի կարճ ժամանակի պատճառով,ասեմ որ այդ թվականներին գործում եր այս սխեման,կամ տալիս ես մեր նշանակված կաշառքը , կամ մենք քեզ այնքան կտուգանենք, որ դու ինքդ վերջում մեզ կխնդրես կաշառք տալ , բայց արդեն ուշ կլինի,եվ մենք այն ժամանակ ել չենք տվել իրենց պահանջած կաշառքը, եվ դա է պատճառը, որ մենք երկու տարվա մեջ չորս անգամ տուգանվել ենք,եվ որպիսի չփակենք մեր բիզնեսը, ստիպված փոխարինվել է մեր անհայտ ձեռնարկատերի անվանումը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031