Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լոռիում ֆերմերները դժգոհում են կաթի գնից, մթերողները՝ որակից

Հուլիս 28,2018 14:30

Լոռու մարզի Լեջան համայնքի բնակիչ Սասուն Մարգարյանը զբաղվում է անասնապահությամբ: 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմերը կաթը հանձնում է Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջանում կաթնամթերք արտադրող ընկերություններին: Ասում է՝ ի տարբերություն այլ տարածաշրջանների, այստեղ կաթի գինը համեմատաբար բարձր է գնահատվում. «Եթե մենք ենք կաթը տանում հանձնում, 150 դրամով են վերցնում, իսկ եթե իրենք են գալիս՝ 140 դրամով: Միանշանակ չի կարելի ասել, որ ես գոհ եմ կամ դժգոհ: Բայց երբ որ մեզ մոտ կաթը վաճառում ենք 140-150 դրամով եւ կողքներս ենք նայում, օրինակ՝ Սպիտակում կամ Թումանյանի տարածաշրջանում 80-110 դրամ է, համեմատաբար գոհ ենք, իսկ ընդհանրապես գոհ չենք»:
Ֆերմերն ասում է՝ եթե կաթի գինը շարունակի նման տատանումների ենթարկվել, ապա շուտով երկրում կնվազի անասնագլխաքանակը: Գյուղացին այլեւս անասնապահությամբ չի զբաղվի, քանի որ այն այլեւս շահութաբեր չի լինի. «Այսօր գյուղատնտեսությունն ու անասնապահությունը չերաշխավորված արտադրություն է: Գնային խիստ տատանումներ են լինում. եթե 2 տարի հետ ենք նայում, 100 դրամ էր կաթի իրացման գինը, այսօր արդեն բարձրացել է՝ 150 դրամ: Բայց եթե մի 4 տարի ենք հետ նայում, մինչեւ 200 դրամ էր իրացման գինը, դրա արդյունքում ավելացավ անասնագլխաքանակը: Իսկ այս տարիների ընթացքում գնի անկման հետ զուգահեռ նաեւ ընկավ գլխաքանակը: Եթե այսպես շարունակվի, գլխաքանակի անկումն անխուսափելի է»:

Գյուղացիների բողոքների հետ մասամբ է համաձայն «Շալիկո Սողոյան» Ա/Ձ ներկայացուցիչ Նոդար Սողոյանը: Ասում է՝ ինքը գյուղացուց կաթը վերցնում ու գնահատում է ըստ որակի. «Ամենաբարձր գինը, որ վճարում ենք, 140-150 դրամ է, իսկ ամենացածրը՝ 110-120 դրամ: Իսկ կաթ կա, որ 100 դրամից ցածր է, նման կաթն էլ չենք մթերում: Լավ կաթի մթերման գինը թանկ է, վատ կաթինը՝ ցածր: Ամեն ինչ կախված է կաթի յուղայնությունից, տեսակից, որակից»:

Ֆերմերները դժգոհում են կաթի գնի ցածր լինելուց, կաթ մթերողներն էլ՝ դրա որակից: Շատ ընկերություններ նշում են, որ գյուղացին կաթի հետ նաեւ ջուր կամ կաթի փոշի է խառնում, ինչի արդյունքում ընկնում է կաթի ե՛ւ որակը, ե՛ւ գինը. «Խանութներում կաթի փոշի են ծախում, գյուղացին էլ գնում 10 կգ առնում է, 2 կով էլ ունի՝ կթում է, էդ փոշու հետ խառնում, բերում հանձնում գործարան: Կաթը որակ չունի, հիմիկվա կաթը նույնիսկ սովետի ժամանակ խոզերի առաջը չէին լցնում»,- դժգոհում է Տաշիրի տարածաշրջանում գործող «Սեդրակ եւ Տիգրան» ՍՊԸ ներկայացուցիչ Սեդրակ Միրզոյանը:

Այս ամենի մեջ Սասուն Մարգարյանը միայն մեկ պատճառ է տեսնում՝ գնային քաղաքականությունը. «Մի կարեւոր հարց կա՝ ինչի՞ են ջուր խառնում: Այսինքն՝ կաթ արտադրողին այդ գինը ձեռք չի տալիս: Իսկ եթե անորակ է, ինչի՞ են ընդունում, որովհետեւ մրցակցություն չկա, ուրիշ կաթ չկա: Դրա համար թող ստեղծեն պայմաններ, այսօր բարձր վճարեն, թող գյուղացին զարգացնի իր տնտեսությունը, եւ վաղը լինի մրցակցություն, եւ դուք էժան կաթ գնեք: Հուսով եմ, որ մեզ մոտ էլ կգան այնպիսի ժամանակներ, որ կբացառվեն խոսակցությունները, թե ջուր են խառնում կամ կաթի երեսն են քաշում, անորակ կաթ են արտադրում»:

Վանաձորում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Մանուկ» ընկերության տնօրեն Գագիկ Մանուկյանն էլ դժգոհում է՝ ոլորտում հավասար մրցակցության պայմաններ չկան. «Ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, երբ որ առանց հարկի, առանց տուրքի, առանց ակցիզի ու գրանցվելու մալականը կաթ, մածուն, պանիր է բերում ծախում: Ի՞նչ ազատ շուկայական հարաբերությունների մասին է խոսքը: Մեզ հարկային դաշտ են տարել, մինչեւ վերջին կոպեկը տալիս ենք, բայց իրենք առավոտվանից շուկայում դրանց ծախում են՝ առանց որեւէ հարկերի: Հարցին կոմպլեքս մոտեցում է պետք»:

Հարցը հասել է նաեւ Լոռու մարզպետին: Հրանտ Մարգարյանը հրավիրել էր մարզում կաթի մթերմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին: Այնինչ հանդիպմանը ներկայացել էին միայն Տաշիրի տարածաշրջանի ներկայացուցիչները: Մյուս տարածաշրջաններում, որտեղ կաթի գինը համեմատած ավելի ցածր է՝ 80-110 դրամ, հարմար չէին համարել ներկա գտնվել հանդիպմանը. «Կփորձեմ հանդիպել նաեւ միջնորդների հետ, այնպես անենք, որպեսզի մեկը գերշահույթ չունենա, իսկ գյուղացին 80 դրամով չհանձնի: Որովհետեւ մեծ աշխատանքն ու տանջանքը գյուղացունն է: Այնպես չլինի, որ ինքը չարչարվի, տանջվի, հետո էլ հիասթափվի, անասնագլխաքանակը պակասի, ու չուզենան զբաղվել անասնապահությամբ: Իսկ կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները ներկայացրին, որ հարկային բեռն իրենց համար շատ է, որովհետեւ ռիսկային է շատ: Ակցիզների հետ կապված են դժգոհում, որ, օրինակ, ակցիզն ընկել է փաթեթավորման վրայից, եւ դրա համար իրենք տուգանվել են»:

Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ միջնորդների հետ հանդիպելուց եւ ամբողջական պատկերը հասկանալուց հետո պատրաստվում է խնդրի մասին բարձրաձայնել նաեւ կառավարությունում:

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

27.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031