Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Աբրահամյան Հովիկը խնդրեց, թե՝ Մանվե՛լ, խաղողը մթերի, ես փողը կտամ… 2 տարի անցավ, ոչ մի կոպեկ փող չտվեցին»

Հուլիս 28,2018 14:00

Ինչպես են գործարարին վանել Հայաստանում

«Ես մինչեւ 2008-ը շատ լուրջ հարկատու եմ եղել Հայաստանի Հանրապետությունում եւ վստահ էլ չեմ, որ վերջին 10 տարիների ընթացքում այն հարկերը, որ ես չեմ տվել, մեկ ուրիշը տվել է իմ փոխարեն»,- «Առավոտի» հետ զրույցում «Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը այսպես պատմեց, թե ինչպես են մեր երկրում հարկային եւ տնտեսական քաղաքականությամբ վանել գործարարներին, այդ թվում՝ իրեն, ու ստիպված իր բիզնեսները հանել է ՀՀ-ից:

Նա ասաց. «Սկսեցինք հիմնականում արտահանումով զբաղվել, մեր ներքին շրջանառությունը մտածված նվազեցրինք: Ոչ թե նրա համար, որ չճնշեն, այլ հարկային դաշտը մենք առողջ չէինք տեսնում եւ անիմաստ էինք համարում այդ դաշտում ինչ-որ էներգիա ծախսել, փորձել պայքարել, մրցակցել: Ո՞ւմ հետ մրցակցես կամ ինչի՞ համար, որ տեսնում ես դիմացդ պատ է»: Մենաշնորհներ, արտոնյալներ… Մանվել Ղազարյանն ասաց՝ ո՞վ չգիտի այդ ամեն ինչը:

Մեր դիտարկմանը՝ այդ արտոնյալներից մեկն էլ Ձեզ են համարում՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եք եղել, նա արձագանքեց. «Հաշվի առնելով, որ մենք մինչեւ հիմա դիմացե՞լ ենք: Դիմացել ենք՝ մեծ վարկերի բեռի տակ ընկնելով, դիմացել ենք՝ զբաղվելով հիմնականում արտահանելով»:

Նա վստահեցրեց, որ իշխանությունները ոչ թե իրեն օգնել են բիզնեսը կայացնել, այլ ընդհակառակը՝ խոչընդոտել են. «Մի անգամ անձրեւոտ օր էր, գնում էի Եղեգնաձոր, մեքենայի ղեկին նստած՝ ինձ մի բարձրաստիճան չինովնիկ է զանգահարում, բա՝ Մանվել, ո՞ւր ես գնում: Ասում եմ՝ գնում եմ Եղեգնաձոր, ես իր հետո դուք-ով եմ խոսում, ինքը ինձ հետ՝ դու-ով: Ասում եմ՝ գնում եմ Եղեգնաձոր, բա՝ դու էնտեղ լուրջ պրոբլեմ ունես, գիտե՞ս, եթե էդ պրոբլեմը չլուծես, շատ մեծ խնդիրներ կունենաս: Ասում եմ՝ ես այնքան մեծ պրոբլեմներ ունեմ, մի հատ ավել, մի հատ պակասը չի վախեցնում, իմ հետ էդ տոնով մի խոսեք: Բա պրոբլեմներ ունես, արի ասա՝ լուծենք… Ասացի՝ նորմալ տնտեսական հարթությունում մարդիկ պետք է կարողանան իրենց տնտեսությունը վարել, ինչի՞ պիտի ես ինչ-որ մեկին դիմեմ, որ իմ պրոբլեմն ինքը լուծի: Իսկ խնդիրն այն էր, որ Եղեգնաձորում կար խաղողի բերքի ավելցուկ, ու մեկը ինձ խնդրում է, մեկը պարտադրում է, մեկը՝ լավ տոնով, մյուսը՝ վատ տոնով: Եթե այդ խաղողը ես մթերում եմ, պիտի բանկերից վարկ վերցնեմ, վճարեմ խաղողի դիմաց, ընկնեմ ավելորդ ծախսերի տակ, ես իմ հաշվարկներից արդեն դուրս եմ գալիս, էդ բեռն ինձ հեչ պետք չէր ո՛չ խաղողի տեսքով, ո՛չ վարկի»: Այսինքն՝ պետական պաշտոնյաները զանգել են գործարարին ու պարտադրել, որ առնի խաղող, որն իրեն պետք չէ:

Մեր դիտարկմանը՝ մամուլի հրապարակումներ կան, ըստ որի՝ Դուք շանտաժ եք արել, բերքի մթերումից հրաժարվել, որովհետեւ ախորժակ եք ունեցել կառավարությունից արտոնյալ վարկեր ներգրավել, Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ «պատվերով գրված նյութեր» են եղել. «Այն տարին, երբ Աբրահամյան Հովիկը վարչապետ էր, Հովիկը խնդրեց, թե՝ Մանվել, խաղողը մթերի, ես փողը կտամ, ժողովրդին կվճարես: Ասեցի՝ պարոն վարչապետ, դուք զանգեք մարզպետին ասեք, որ Դուք փողը տալու եք, Մանվելը մթերելու է: Հետո 2 տարի անցավ, ոչ մի կոպեկ փող չտվեցին: Թե Մանվելն ինչ ախորժակով էր ուզում այդ ցածր տոկոսով վարկ ստանալ, ես չգիտեմ: Ո՞ւմ է արտոնյալ վարկ տվել, բացարձակապես ոչ մի լումա մենք կառավարությունից չենք ստացել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

27.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031