Անհատ ձեռներեցը դժգոհում է՝ ոլորտում խնդիրները շատ են
2000 թվականից Վանաձորում կարի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռուզաննա Դանիելյանը պատմում է, թե ինչպես տարիներ առաջ մեծ դժվարությամբ կարողացավ հարազատ քաղաքում ստեղծել սեփական գործը: Աշխատասիրության ու համբերության արդյունքում, տիկին Ռուզաննան հիմնում է 5 հոգուց բաղկացած կարի արտադրամաս: Սկզբնական շրջանում արտադրությունը բավականին մեծ աճ է ունեցել, սակայն վերջին տարիներին պատկերը գլխիվայր փոխվել է. «Սա կապ ուներ օրենքների հետ, մեր տեղական արտադրանքները սկսեցին շուկայում չառնել, հարկային օրենքների հետ խնդիրներ ունեցանք: Միեւնույն ժամանակ նաեւ սոցվճարներն են խնդիրը, որը բավականին թանկ է: Կուզենայինք, որ այդ վճարները մի քիչ էժան լիներ, որ մենք որեւէ մի աշխատողի չթաքցնեինք»:
Տարիների ընթացքում արտադրամասն ընդլայնվում ու հասնում է 50 հոգանոց ընկերության: Սկսում են համագործակցել եվրոպական մի քանի ֆիրմաների հետ: Սակայն համագործակցությունը կարճ է տեւում, քանի որ Հայաստանի հետ կապված խնդիրներ են առաջանում. «Մեզնից ուզեցին կտորի ծագման սերտիֆիկատներ, որը բերվում էր Թուրքիայից, իսկ մենք այդ երկրի հետ դիվանագիտական կապեր չունենք, որ կարողանայինք սերտիֆիկատներ վերցնեինք: Փաստորեն, այդ կերպ խոչընդոտներ առաջացան»,-պատմում է տիկին Ռուզաննան ու տեղեկացնում, որ այժմ համագործակցում են միայն տեղական արտադրողների հետ: Արտադրում են՝ պարային հագուստներ ու արտահագուստներ: Ռուզաննայի խոսքով՝ թեեւ արտադրամասն ունի ժամանակակից սարքավորումներ, սակայն ստաբիլ արտադրություն չեն կարողանում ապահովել, ոլորտում մի շարք խնդիրներ կան. «Միայն հարկային դաշտը չի պատճառը, նաեւ բանկային համակարգի հետ են խնդիրներ առաջացել: Մեր գործընկերը գալիս տեսնում է սարքավորումները, որոնք պետք է լինեն ֆիրմային: Դրանք գնելու համար վերցրեցինք վարկ: Ասացին՝ 24 տոկոսով են տալիս, բայց 28-30 տոկոս նստացրեցին մեզ վրա: Որ հիմա մենք չգիտենք սարքավորման վարկերը փակենք, թե նորից հումք առնենք ու արտադրությունը զարգացնենք: Ուզած-չուզած վարկը վերցնում ենք ու խրվում պարտքերի մեջ: Այսօր ո՛չ միջին խավ կա, ո՛չ էլ միջին արտադրողներ: Տնայնագործ էլ չենք, միջին արտադրող ենք, նորմալ պայմաններ էլ չունենք, որ աշխատենք»:
Բացի այն, որ խնդիրներ են առաջանում բանկային համակարգի հետ, Ռուզաննայի խոսքով՝ Հայաստանում կարի արտադրությամբ զբաղվող փոքր ձեռներեցները կանգնում են նաեւ հումք ձեռք բերելու խնդրի առջեւ: Հայաստանում չկան հումք արտադրող ընկերություններ, ինչն էլ, ըստ Ռուզաննայի, իրենց համար նոր խոչընդոտներ է առաջացնում. «Մի ժամանակ շալվարներ էի արտադրում, հետո մրցակցությունից դուրս եկա: Թուրքը միանգամից շատ կտոր չտվեց: Ես երկրորդ ձեռք էի վերցնում եւ շատ որակով արտադրանք էի տալիս: Իսկ այնտեղից շալվարները գալիս էին շատ մատչելի: Իմ արտադրանքն ինքնըստինքյան թանկ է լինում, ինչքան ուզում ես ասես մեր հայկականն է, որակյալ, մարդու գրպանին կպչում է: Ինքն էլ ուզած-չուզած Թուրքիայի արտադրանքն է առնում»:
Ռուզաննա Դանիելյանը նաեւ Լոռու մարզի առաջին գործատուների տարածքային միության նախագահն է: Մարզում գործող ՓՄՁ-ները ամենատարբեր հարցերով են դիմում իրեն: Ինքն էլ խնդիրը հասցնում է պատկան մարմիններին. «Օրինակ, Վանաձորում կիսաֆաբրիկատներ արտադրող ընկերություն կա, որը սուպերմարկետների հետ կապված խնդիրներ է ունենում: Քանի որ իրենք ԱԱՀ-ով են աշխատում, իսկ ընկերությունը շրջանառության հարկով: Ընկերություններ կան, ու ակցիզների հետ կապված խնդիրներ են առաջանում: Նաեւ սոցվճարների հետ կապված են դիմում, շատ թանկ է, աշխատավարձի չափի 24.4 տոկոսն է կազմում, գոնե կիսով չափ պակասեցնեն: Մի հատ կոպիտ բան ասեմ, ոնց որ պետությունը մեզ հետ 50/50 լինի: Եթե ամբողջությամբ օրենքով աշխատենք, չենք կարողանա աշխատել: Բացի այդ, նաեւ նախարարություններում կազմակերպվող հանդիպումներին ՓՄՁ-ներին չեն հրավիրում, իրենք նստում առանց մեզ մեր հարցերն են քննարկում: Խնդիր է նաեւ կազմակերպվող ցուցահանդեսները: Հայաստանում, որ ցուցահանդեսներ են կազմակերպում, տաղավարների վճարներն այնքան թանկ են ասում, որ չգիտես՝ ամբողջ եկամուտդ տանես իրենց տա՞ս, որ արտադրանքդ ցուցադրես, թե ի՞նչ անես: ՓՄՁ ԶԱԿ-ն էլի որոշ բաներ անում է, մյուսները՝ ոչ»:
Այժմ Ռուզաննայի կարի արտադրամասում կրկին 5 հոգով են աշխատում, սակայն տիկին Ռուզաննան չի հուսահատվում, վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու. «Միշտ պայքարել եմ, որ չփակվի արտադրամասը: Եթե փակվեց, ես որտե՞ղ գնամ 50-60.000 դրամով աշխատեմ, որ իմ ընտանիքը պահեմ: Միշտ փորձել եմ մի հնար գտնեմ, որ արտադրությունը չկանգնի, աշխատեմ»:
«Առավոտ»
27.07.2018