Շուշան Հակոբյանը մեկտեղում է Հայաստանից արտագաղթած
երաժիշտներին մշակութային ձեռնարկներում
Կամերային փոքր կազմով անսամբլները (տրիո, կվարտետ, կվինտետ եւ այլն) հիմնականում կարճատեւ կյանք են ունենում: Պատճառներից են, օրինակ, երաժիշտների «անցումը» սոլո գործունեության կամ այլ կոլեկտիվ տեղափոխվելը, ի թիվս այլնի, հաճախ ծագում է սերնդափոխության հարց: Նման ճակատագիր ունեցավ ժամանակին Հայաստանում եւ արտասահմանում բուռն համերգային-հյուրախաղային գործունեություն ծավալած Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Շելլ» դաշնամուրային տրիոն (Շուշան Հակոբյան՝ դաշնամուր, Լիլիթ Զաքարյան՝ ջութակ, Լեւոն Առաքելյան՝ թավջութակ): Հիշեցնենք, որ 2011թ. Փարիզում կայացած Լանտիեի անվան կամերային երաժշտության մրցույթին տրիոն արժանացել էր գլխավոր մրցանակի: 2012թ. Կամերային երաժշտության տանը տրիոն նշեց իր գործունեության 15-ամյակը, որից հետո ընդմիշտ լռեց: Ժամանակ անց հայտնի դարձավ, որ Շուշան Հակոբյանը հաստատվել է ԱՄՆ-ում, Լիլիթ Զաքարյանը՝ Կանադայում, միայն Լեւոն Առաքելյանն է, որ Հայաստանում է:
Օրերս «Առավոտը» հյուրընկալել էր Շուշան Հակոբյանին: Նա հայտնեց, որ շուրջ 5 տարի է՝ Լոս Անջելեսում է, ջութակահար, կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանի հետ կազմել են Unison դուետը, վարում են, մեր զրուցակցի հավաստմամբ՝ բուռն համերգային գործունեություն՝ հնչեցնելով ոչ միայն հայ ու ժամանակակից կոմպոզիտորների, այլեւ համաշխարհային երաժշտական գրականության ընտիր նմուշներ: «Երկու տարի է, ինչ Ռուբենի հետ հիմնել ենք մեր պրոդաքշընը, հրավիրում ենք հիմնականում էմիգրանտ հայ երաժիշտների ու արտասահմանցի ունկնդրին ծանոթացնում երիտասարդ հայ կոմպոզիտորների երկերին: Օրինակ՝ հրավիրել ենք Ռոստովի օպերային թատրոնի նախկին մեներգիչ՝ բաս, այժմ գերմանաբնակ Վաղարշ Մարտիրոսյանին, ժամանակին Հայաստանից Գերմանիայում հաստատված սոպրանո Քրիստինե Դավլաթյանին, ամերիկաբնակ կլարնետահար Բորիս Ալախվերդյանին: Այս անունների հետ աշնանը բեմ կբարձրանանք Լոս Անջելեսի ճանաչված Zipper համերգասրահում…»:
Ընդհատելով արվեստագետի խոսքը, ցանկացանք պարզել՝ ճի՞շտ է մեզ հասած այն տեղեկատվությունը, թե դաշնակահարուհին բեմական գործունեությանը զուգահեռում է նաեւ բարեգործականը: Հաստատելով ասվածը, Շուշան Հակոբյանը նշեց. «Հայաստանի սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին աջակցելու նպատակով երեք տարի առաջ Ռուբենի հետ հիմնել ենք «Keep Armenian Borders Spiritually Strong» հիմնադրամը: Թեեւ այս մասին չենք սիրում բարձրաձայնել, այնուամենայնիվ, մեկ օրինակ բերեմ. 2017թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցին օգնել ենք ձեռք բերել երաժշտական գործիքներ, հիմնականում ժողովրդական՝ քանոն, դուդուկ, դհոլ եւ այլն: Այս կարճ ժամանակահատվածում լուր ստացանք, որ դպրոցի մեկ-երկու սաներ մրցանակներ են շահել միջազգային մրցույթներում: Հանդիպեցինք դպրոցի աշակերտների հետ, իսկ ուսումնական այս օջախն ունի 80 սան, ինչը մարզային կրթօջախի համար շոշափելի թիվ է: Տեղեկացանք, որ դպրոցի տնօրինությունը ցանկություն ունի բացել ջութակի դասարան: Այս առիթով բանակցություններ ենք վարել մշակույթի նախարարի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի, գյուղապետ Կարեն Խլղաթյանի հետ: Կարճ ասած՝ ամեն ինչ օքեյ է, սեպտեմբերից կգործի ջութակի դասարանը: Ամենակարեւորը՝ լուծված է դասատուի խնդիրը, նաեւ հոգացել ենք անվճար ուսման մասին»:
Հետաքրքրությանը՝ հիմնադրամի հիմնական բարերարները հայե՞ր են, մեր զրուցակիցը բարձրաձայնեց շատ անուններ, այդ թվում՝ դոկտոր Նուբար Ջանոյան, գործարար Մարգարիտ Խլղաթյան, «Karoza Bridal» ընկերություն, բանաստեղծ Սոնա Վան, Artek ուսումնական կենտրոն: Հարցին՝ ասում են, կոնկրետ՝ ամերիկաբնակ մի շարք արվեստագետներ մտադրվել են վերադառնալ Հայաստան, այստեղ շարունակել իրենց գործունեությունը, դաշնակահարուհին պատասխանեց. «Նման բան կամ շարժում կա, ճիշտ է՝ որոշ արվեստագետներ զգուշավոր են մոտենում այդ հարցին, մտածում են՝ իսկապե՞ս հայրենիքում փոխվել են ժամանակները: Բայց վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի մշակույթի նախարար տիկին Մակունցի հետ արվեստագետների հանդիպումը հուսադրող էր: Նա հավաստիացրեց, թե յուրաքանչյուր մշակույթի գործիչ իր տեղը կգտնի Հայաստանում… Նույնիսկ, եթե, օրինակ՝ ես չվերադառնամ հայրենիք, նման հարցի կպատասխանեմ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի օրինակով՝ ապրում եմ Հայաստանում, ստեղծագործում ԱՄՆ-ում»:
Զրույցի ընթացքում շոշափվեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո ոչ թե մեզ մոտ, նաեւ Սփյուռքում, կոնկրետ՝ ԱՄՆ-ում հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների լռությունը, որոնցից մի քանիսի համերգները պարզապես բոյկոտել էին: «Գործընկերներիս հետ իսկապես աննկարագրելի ակտիվ ենք աշխատում, անում ամեն ինչ ամերիկաբնակ հայերի ուշադրությունը ռաբիսից շեղելու դեպի դասականը: Չէ՞ որ սա միայն այսօրվա խնդիրը չէ, պետք է, ինչպես ընդունված է ասել՝ կրթել պրոֆեսիոնալ հանդիսատես: Ավելին, այս առիթով անցկացնում ենք, զարմանալի թող չթվա, եւ առանց մանրամասնելու ասեմ՝ դաստիարակչական աշխատանքներ: Ինչ վերաբերում է շոու-բիզնեսին, նշեմ, որ ունենք նաեւ այդ ոլորտի հիանալի ներկայացուցիչներ, օրինակ՝ Տաթեւիկ Հովհաննիսյան, որի մենահամերգը վերջերս կայացավ Zipper-ում Hi-AM կազմակերպության նախաձեռնությամբ (տնօրեն՝ Նշան Աճեմյան): Ամերիկացի ու այլազգի հանդիսատեսը, որ առաջին անգամ էր լսում հայ երգչուհուն, պարզապես զարմացած ու հիացած էր նրա տաղանդով»,- ասաց Շուշանիկ Հակոբյանը:
Զրույցի ավարտին ջութակահարուհին տեղեկացրեց, որ օգոստոսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա բարեգործական համերգ Unison դուետի նախաձեռնությամբ, մասնակցությամբ օպերային երգիչներ Իրինա Զաքյանի (սոպրանո), Հովհաննես Այվազյանի (տենոր) եւ «Keep Armenian Borders Spiritually Strong» հիմնադրամի շահառու, երգիչ Մեգան Սանտիագոյի եւ Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցի սաների: Ի դեպ, վերջինիս հայրը ֆիլիպինցի է, մայրը՝ հայուհի: Երգիչը կհնչեցնի նաեւ Կոմիտաս:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Ամերիկաբնակ երաժիշտները՝ աչաջուրցի երեխաների հետ:
«Առավոտ»
27.07.2018