«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության մասին:
Ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի միջազգայնագրի (1961) 31-րդ հոդվածի 4-րդ կետի, դիվանագիտական գործակալը օգտվում է անձեռնմխելիությունից միայն ընդունող երկրի տարածքում: Նա անձեռնամխելի չէ ուղարկող երկրի համար:
Տվյալ դեպքում ուղարկող երկիրը Հայաստանն է:
Vienna Convention on Diplomatic Relations
1961
Article 31
4. The immunity of a diplomatic agent from the jurisdiction of the receiving State does not exempt him from the jurisdiction of the sending State».
Ավելի վաղ Մոսկվայում ԳԱԼԱ-ի թղթակցին ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն օժտված է դիվանագիտական իմունիտետով, որը նախատեսված է կազմակերպության գործունեության պայմանագրերից մեկով: «Ինչպես Գլխավոր քարտուղարը, այնպես էլ կազմակերպության աշխատակիցներն օժտված են իմունիտետով, որը որոշվում է կազմակերպության մարմինների իրավական կարգավիճակի մասին համաձայնությամբ»,-ասել է մամուլի խոսնակը՝ խորհուրդ տալով համաձայնագրի հետ ծանոթանալ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում:
ՀԱՊԿ-ի մարմինների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրից հետեւում է, որ Վիեննայի կոնվենցիայով է գլխավոր քարտուղարն օժտվում իմունիտետով, սակայն միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ի Խորհուրդը նրան կարող է զրկել անձեռնմխելիությունից:
Այսպես, Համաձայն ՀԱՊԿ-ի մարմինների իրավական կարգավիճակի մասին հռչակագրի 11-րդ կետի, «գլխավոր քարտուղարը, նրա ընտանիքի անդամները, ովքեր ապրում են նրա հետ, եթե նրանք չեն համարվում հյուրընկալող երկրի քաղաքացիներ, օգտվում են իմունիտետից այնքանով, որքանով նախատեսված է 1961 թվականի ապրիլի 18-ին Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայում»:
Իսկ համաձայն 12-րդ հոդվածի «ա» կետի, «կազմակերպության պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ապրում են նրա հետ միասին հյուրընկալող երկրում, չեն ենթարկվում քրեական, քաղաքացիական եւ վարչական պատասխանատվության արարքների համար, որոնք կատարվել են պաշտոնատար անձ լինելու ժամանակ»:
21-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՊԿ-ի Խորհուրդը կարող է գլխավոր քարտուղարին զրկել իմունիտետից:
«Կազմակերպությունը կարող է իր պաշտոնատար անձին զրկել իմունիտետից այն դեպքում, երբ այն խանգարում է արդարադատության իրականացմանը»,-ասվում է համաձայնագրում: