Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղերք, Արցախի հարցով թեմա կա՞…». Արմեն Աշոտյան

Հուլիս 27,2018 21:01

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վաղուց էի ուզում Արցախ գալ։ Փետրվարից հետո հա չէր ստացվում. ԱԺ նիստեր, անձնական հարցեր, իշխանափոխություն, լիքը գործ, ու, ահա, ծննդյանս առիթով ինքս ինձ նվեր արեցի, երեկվանից այստեղ եմ, Ստեփանակերտում։

Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։

Այստեղ օրն ուրիշ փիլիսոփայություն ունի, կյանքն՝ ուրիշ առաքելություն, հացը՝ ուրիշ համ, մարդը ՝ ուրիշ արժեք, խոսքը՝ ուրիշ կշիռ, իսկ wi-fi-ը՝ վատ որակ։

Ձեր ֆեյսբուքյան տիրույթի հրճվախառը հրմշտոցը այստեղ հարց չի լուծում։ Այստեղ իրական, մսից, արյունից, կյանքի ռիթմը իր սեփական զարկերակով որոշող, փիլիսոփայական դանդաղկոտությամբ և անբացատրելի ինքնահավան վստահությամբ մարդիկ են, որոնց ուղղամիտ, առճակատող անկեղծությունը սթափեցնում է, ջերմացնում ու կանգնեցնում պատասխանատվության առջև միաժամանակ։

«Էս ի՞նչ եք անում» մեղադրանքից խուսափելը նույնքան դժվար է, որքան «էս ի՞նչ էիք արել» հարցի պատասխանը։

Արցախի իրողությունները չհասկացող մարդիկ կարող են շարունակել գոյատևել իրենց հորինված, իրենց հրամցվող «թավշյա» իրականության որոգայթներում։

Իսկ իրականությունը այլ է, այդ իրականության մասին Հ1-ը և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ միաժամանակ են լռում։ Այդ իրականությունը պատմության խաչմերուկ է։ Այն ֆեյսբուքից կարևոր է, live-ից ազդեցիկ, PR-ից թանկ և հեղափոխական «պախմելից» ցավոտ։

Այս իրականությունը մեկ հարցի պատասխան է պահանջում՝ տղերք, Արցախի հարցով թեմա կա՞…

Եթե կա, պատասխան եք տալու հայ ժողովրդի և պատմության առջև։ Եթե չկա, ձեզ պետական գործչի պես պահեք, այն է՝ մոռացեք գալիք ընտրությունների, և հիշեք գալիք սերունդների մասին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031