Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց, դիտորդների վկայություններ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներից. զեկույց

Հուլիս 27,2018 20:33

«2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները կարելի է անվանել քաղաքացիական անհնազանդության դրսևորում, որի պատճառները կապված էին Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում կուտակված բազմաթիվ սոցիալական, քաղաքական և իրավական խնդիրների հետ»,-այսպես է բնութագրվում հասարակության շրջանում թավշյա հեղափոխություն բնութագրվող ժամանակահատվածը  Հայաստանի Հելսինկյան կոմիտե հրապարակած՝ 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների և հավաքների դիտորդության վերաբերյալ զեկույցում:

Տեղեկացնենք՝ զեկույցով ամփոփվում են ՀՀ-ում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի համատեքստում:

Հավաքները դիտարկելու նպատակով կոմիտեն ներգրավել է 10 դիտորդ, որոնք մասնակցել են «Խաղաղ հավաքների ազատության դիտորդություն» վերապատրաստման դասընթացին, նրանց տրամադրվել են համապատասխան վկայականներ։ Անմիջական դիտորդություն է իրականացվել Երևան և Գյումրի քաղաքներում, ինչպես նաև ուսումնասիրվել են հավաքների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հաղորդումները, հավաքների մասնակիցների վկայությունները, պետական մարմինների արձագանքները:

Զեկույցում անդրադարձ է կատարվում հավաքների իրավական կարգավիճակին, ոստիկանության գնահատականներին, հավաքների վերաբերյալ տեղեկատվության տարածման մեխանիզմներին, քաղաքացիական անհնազանդության և բողոքի դրսևորման եղանակներին, իրավապահների գործողություններին, մասնավորապես ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին, անհամաչափ ուժի կիրառմանը, բռնություններին:

Զեկույցի համաձայն ՝ապրիլի 20-ից տեղեկատվության տարածման համար ակտիվորեն օգտագործվել է Telegram բջջային հավելվածի Infocom ալիքը, որը պարբերաբար տեղեկություններ է տարածել հանրապետության տարբեր վայրերում նախապատրաստվող և անցկացվող հավաքների մասին, ինչպես նաև տարածել շարժումը լուսաբանող լրատվամիջոցների հաղորդումները։

Հավաքների ընթացքում դիտարկվել են անհամաչափ ուժի կիրառման և բռնության բազմաթիվ դեպքեր։ Բռնությունները դրսևորվել են ոստիկանության առանձին ծառայողների կողմից հավաքի մասնակիցներին հարվածներ հասցնելով՝ ներառյալ բերման ենթարկման գործողությունների ընթացքում:

Առանձին ենթագլխով զեկույցում անդրադարձ է կատարվում լրագրողների նկատմամբ ճնշումներին ու բռնություններին: 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հավաքների և երթերի ընթացքում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» արձանագրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 18 դեպք՝ 22 տուժածով։

Հարուցվել են տասնյակ քրեական գործեր: Զեկույցում ամրագրված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 13-ից ՀՀ-ում տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանության կողմից բռնություններով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով վարույթ է ընդունել 50-ից ավելի քրեական գործեր, որոնք միավորվել են մեկ ընդհանուր քրեական գործում, ստեղծվել է քննչական խումբ: Նշված գործերով քննություն է անցկացվում բռնություն գործադրելու ավելի քան 60 դրվագով, տուժող են ճանաչվել լրագրողներ, փաստաբաններ և բազմաթիվ քաղաքացիներ»:

Ըստ զեկույցի՝ շարժման հաջողությանը նպաստեցին հավաքների ազատության իրավունքի, համացանցային լրատվամիջոցների և խոսքի ազատության հարաբերականորեն ազատ միջավայրը, ինչպես նաև նախորդող տարիներին տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությունների («Դե՛մ եմ», «Ո՛չ թալանին», «Հանուն գիտության զարգացման» և այլն) մասնակիցների ձեռք բերած փորձը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իշխանությունը չէր կանխատեսում՝ շարժումը կարող էր նման հաջողության հասնել։ Զեկույցում այս առիթով նշված է. «Մյուս կողմից, կարծում ենք, Սերժ Սարգսյանը խուսափում էր ուժ կիրառելուց, որպեսզի հանրությունը վերջինիս կողմից հերթական իշխանության մանդատ ստանձնելը չկապակցեր նոր բռնությունների հետ։ Նույնը վկայում են նաև 2018 թ. հունվար-մարտ ամիսներին ընդդիմադիր ուժերի կազմակերպած հավաքների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից միջամտության բացակայությունը։ Սակայն, շարժման հաջորդ օրերին, երբ հավաքների մասնակցության ծավալները կտրուկ աճեցին, իշխանությունն այլևս չուներ այնպիսի բավարար ռեսուրսներ այն կասեցնելու համար, որոնք չէին բերի զոհերի և լուրջ կորուստների»։

Զեկույցում հավելվածով ներկայացված են դիտորդների վկայությունները հանրահավաքների օրերից:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031