Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Այն հոդվածը, որով Քոչարյանի դեմ առաջադրվել է մեղադրանք, խնդրահարույց է»

Հուլիս 27,2018 20:12

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ՀՔԾ-ի՝ առաջադրած մեղադրանքը խնդրահարույց է: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան, մարդու իրավունքի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:

Ըստ հատուկ քննչական ծառայության՝ « 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա  2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»:

Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ «Երկիր Մեդիա» ՀԸ-ի եթերում ասաց, որ սա շինծու մեղադրանք է: ՀՔԾ-ի առաջադրած մեղադրանքն այսպես է ներկայացրել Քոչարյանը. «Ես, իբրեւ գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, եւ երաշխավորողը, եւ ես ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձեւով,եւ այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից»:

ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ:  Այս հոդվածով մեղադրանք առաջադրելը իրավաբանները միանշանակ չեն ընդունում,  խախտում են համարում, քանի որ այդ հոդվածն օրենսգրքում ներդրվել է 2009 թվականին, իսկ  այն ինչի համար մեղադրվում է, ասենք Հարությունյանը, կատարվել է 2008 թվականին:

«Փաստելով 300.1 հոդվածը՝ Սահմանադրական կարգը տապալելը, դա ընդունվել է 2009 թվականին, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ մենք այս հոդվածը չունեինք, բայց նման մի այլ հոդված ունեինք: Նախկին հոդվածը 300 հոդվածն էր, որն ասում էր՝ հանցագործություն է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը: Բայց չէր բացատրում, թե՝ ինչ էր նշանակում սահմանադրական կարգը տապալելը: Իսկ 2009-ի հոդվածը մանրամասն բացատրում է, թե՝ դա ինչ է նշանակում»,-մեզ հետ զրույցում ասաց  Արա Ղազարյանը:

Նրա խոսքերով ՝ այստեղ պաշտպանական կողմը կարող  է հարց բերել՝ 2008 թվականի հոդվածը եւ 2009-ի հոդվածը, թեեւ բովանդակությամբ նման են, բայց 2008-ինն՝ անորոշ է, իսկ 2009-ինն ավելի  կոնկրետ է: Այսինքն, ըստ Ղազարյանի, կարող է բարձրացվի իրավական որոշակիության սկզբունքի իրավունքի խախտում, որը ֆունդամենտալ իրավունք է եւ սա կարող է խնդրահարույց դառնալ. «Միեւնույն ժամանակ օպոնենտները կարող են ասել ՝ գիտեք, երկրի նախագահը միթե չէր կարող պատկերացնել, թե՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ: Նաեւ կարող են լինել հակընդդեմ պնդումներ, որ, ասենք՝ անպայման չէ, որպեսզի օրենքը նշի, որ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով եւ 6-րդ հոդվածի փաստացի վերացնելը նշանակում է սահմանադրական կարգի տապալում: Այսինքն՝ 2009-ի այդ հոդվածն ավելի մանրամասնում է, թե՝ ինչ է դա նշանակում իսկ 2008-ինն ուղղակի վերացական նշում է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ: Ուստի այստեղ կարող է խնդիր առաջանալ իրավական որոշակիության տեսանկյունից»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն, ՀՔԾ-ն ոչ իրավաչա՞փ մեղադրանք է  առաջադրել, պարոն Ղազարյանն ասաց. «Չենք կարող ասել անիրավաչափ, կարող ենք ասել՝  խնդրահարույց կարող է դառնալ, որովհետեւ փաստ է, որ կիրառվել է  հոդված, որն այն ժամանակ գոյություն չուներ, բայց դա կլինի տեքստային մեկնաբանություն: Իսկ եթե առաջնորդվենք բովանդակությամբ, ապա  բովանդակությունը նույնն է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ: Ուղղակի խնդիրն այն է, թե արդյոք 2008 թվականի նորմը բավականաչափ կանխատեսելի էր, հստակ էր, իսկ սա միայն գործի քննության ընթացքում  կպարզվի՝ փաստերի ուժով: Բոլոր դեպքերում դա խնդիր է, բայց ես չեմ կարող ասել, որ դա անիրավաչափ որոշում է: Իրավական որոշակիությունը ֆունդամենտալ իրավունք է, այսինքն` Քրեական օրենսգրքի բոլոր նորմերը պետք է լինեն հստակ, այլ ոչ թե անորոշ: Խնդրահարույց է այս մեղադրանքը, բայց ասել անիրավաչափ՝ դեռ շուտ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031