ՀՀ-ի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության(մտնում է Ադրբեջանի կազմում) հետ սահմանագոտու հատվածում Ադրբեջանի կողմից սադրանքի դիմելը մեծ վտանգներով է լի նաեւ տարածաշրջանի համար:
Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով փաստին, որ նշյալ սահմանագոտում հակառակորդը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում:
«Այդ հատվածում Իրանը եւս ներկա է, ուստի չեմ կարծում, թե Ադրբեջանը լուրջ սադրանքի կգնա Հայաստանի դեմ: Սա չի նշանակում, թե Նախիջեւանի ուղղությունը պետք է թերագնահատենք, այն կարեւոր ուղղություն է»,-նկատեց Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի Նախիջեւանի ինքնավարության վրա ազդելու լծակներ. «Այնպես չէ, որ Նախիջեւանի ինքնավարության ղեկավարությունը Բաքվի կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում չի կարող ունենալ այլ ուղեգիծ, քան Բաքվի իշխանությանն է: Փափուկ ուժի քաղաքականություն պետք է կիրառենք՝ աշխատելով Նախիջեւանի էթնիկ-տնտեսական կլանային խմբերի ղեկավարների հետ»:
Մյուս կողմից, ինչպես իրանագետը շեշտեց, Իրանն էլ շահագրգիռ է, որպեսզի Նախիջեւանի հատվածում չուժեղանա թուրքական գործոնը. «Իրանում սպասում են պահի, երբ Ադրբեջանի ներսում կհասունանան այնպիսի տրամադրություններ, որոնք թույլ կտան Իրանին ունենալ շիայական վարչակարգ: Իրանն Ադրբեջանի ներսից ազդում է վերջինիս շիա-բնակչության վրա: Հետեւաբար, այդ տեսանկյունից Ադրբեջանի տարածքը կենսական նշանակություն ունի Իրանի համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ