Հայաստան-Իրան հարաբերություններում որպես նոր զարգացում կարելի է դիտարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա հնարավոր հանդիպումը: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Որքան նրանց հանդիպումն արագ տեղի ունենա, այնքան լավ: Ճիշտ է, հիմա սպասողական վիճակ է, քանի որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Մյուս կողմից, Իրանում դեռևս լավ չեն պատկերացնում, թե ՀՀ նոր իշխանություններն ինչպիսի քաղաքական ուղենիշ են որդեգրել»,-նկատեց փորձագետը:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ հայկական կողմն ավելի ակտիվ պետք է լինի Իրանի հետ շփումները զարգացնելու գործում, քանի որ Իրանն այդ տեսանկյունից նախաձեռնող չէ. «Ճիշտ է, Իրանը չի շտապում, որովհետեւ համոզված է, որ հազարամյակներով իր ներկայությունը լինելու է այս տարածաշրջանում, սակայն այն ուժերը, որոնք փորձում են սահմանափակել հայ-իրանական հարաբերությունները, պետք է գիտակցեն՝ մենք Իրանի հետ հարաբերությունները համարում ենք կենսական նշանակության»:
Ինչ վերաբերում է ՀՀ-Իրան երկաթգծին, որի կառուցման ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա, Վարդան Ոսկանյանը նշեց. «Ներկայում ֆինանսական միջոցներ գտնել չի ստացվում, բայց դա դեռ չի նշանակում, որ ապագայում էլ հնարավոր չէ: Ինքներս պետք է նախաձեռնենք միջոցների հայթայթումն, օրինակ, սփյուռքի միջոցով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ