Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատված դեկան. «ԿԳ նախարարը տիրապետում է հարցին»

Հուլիս 27,2018 17:28

Aravot.am-ը տեղեկացրել է, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Գորիս եւ հանդիպել Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ` բուհում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Հիշեցնենք, որ համալսարանի դեկաններն ու մի շարք աշխատակիցներ պահանջում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հովանավորյալ Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը: Ի պատասխան այս ընդվզման, Ղուկասյանը բոլոր դժգոհներին , այդ թվում, Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցին ազատել էր աշխատանքից, ավելի ճիշտ, լուծարել էր վերջինիս պայմանագիրը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Քումունցը հայտնեց, որ գոհ է նախարարի հետ հանդիպումից: Նրա ձեւակերպմամբ. «Նախարարը տիրապետում էր հարցին: Նախարարը տեսավ, թե իրականում ինչ է կատարվում համալսարանում, տեղեկացավ, թե ինչ խնդիրներ կան, որոնք արձանագրվել են նաեւ ուսանողների կողմից: Այս պատմության մեջ կողմեր չկան, պարզապես համալսարանը լուրջ խնդիրներ ունի, եւ այդ խնդիրները սպասում են լուծման: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետը: Բոլորն էլ համոզվեցին, որ ռեկտոր Արտյուշ Ղուկասյանը իր շատ փոքրաթիվ աղջիկներով ուղղակի զրպարտում է: Ամբողջ ընթացքն էլ ուղղորդված էր իմ դեմ»:

Մհեր Քումունցն ասաց, որ իր դեմ մի փաստ էլ են բերել, ասելով, որ ժամանակին խմբագրել է Լիսկայի` Սուրիկ Խաչատրյանի դիսերտացիան: «Դրանում ոչ մի արտառոց բան չկա, բոլորն էլ գիտեն, որ ես գրքեր եմ խմբագրում: Դա փաստ չէ, որի համար արժի ինձ մեղադրել ու խնդրին քաղաքական երանգ տալ: Համալսարանն ունի կրթական ոլորտին առնչվող լուրջ խնդիրներ»:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ հարցը օբյեկտիվ լուծում կգտնի, եւ ինքը կկարողանա սեպտեմբերի 1-ին վերադառնալ իր սիրելի դասախոսական աշխատանքին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Նախարարն իրավիճակին տիրապետեց այնքան, որ հասկացավ, որ այս մարդու խնդիրները ակադեմիական մակարդակից ցածր են և անձնական շահերից բխող:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031