«Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ ԱԺ-ում ձեւավորված աշխատանքային խումբը շարունակում է քննարկումները: Այսօր քննարկվեց կանանց քվոտայի հարցը:
ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ այն ձեւակերպումը, որը կար գործող օրենսգրքով, այն է՝ հաջորդ ընտրությունների ժամանակ քվոտավորումը ¼-ից իջեցնել 1/3-րդ, կարող էր մնալ ուժի մեջ, բայց եթե կառավարական հանձնաժողովը գտնում է, որ այդ անցումային դրույթը կարող ենք օգտագործել առաջիկա ընտրությունների համար, էլի խնդիր չկա, բայց խնդիրը քանակի մեջ չէ, որակի մեջ է. «Քաղաքական ուժերը իրենք թող մտահոգված լինեն, թե իրենց բերած կին պատգամավորները խորհրդարանում հանդես են գալիս որպես կին պատգամավո՞ր, թե՞ որպես օրենսդիր մարմնի անդամ: Քվոտավորումը զուտ արհեստական միտումով անելը, անկախ նրանից՝ դա ինչին է վերաբերում, կանանց-տղամարդկանց հարաբերակցությանը, թե մարզերի ներկայացվածությանը, դա չի բարելավելու խորհրդարանի աշխատանքը: Քվոտավորման տրամաբանությունն է փչացնելու»:
«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ մեր իրականությունում կանանց համար շատ դժվար է մասնակցել քաղաքական գործընթացներին, որովհետեւ քարոզարշավը եւ մնացած գործընթացները ռեսուրս են պահանջում, ժամանակ, իսկ կանայք զբաղված են տնային գործերով, ֆինանսական ռեսուրսներ շատ չունեն եւ հանրային աջակցություն չունեն, երբ կինը որոշում է զբաղվել քաղաքականությամբ: Ուստի նա ասաց, որ բոլոր կուսակցություններում կանայք քիչ են, պետք է հատուկ ջանք գործադրել, որ ավելացնեն կանանց: Նա ասաց, որ 60/40 հարաբերակցությանն է կողմ, որ լինի:
Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ կանանց ներկայացվածությունը իրենց առաջարկած բաց ցուցակների պարագայում չի սահմանափակվում. «Կանանց կոնկուրսը բաց ցանկով առանձին է անցկացվում տղամարդկանց հավաքած ընտրողի նախասիրություններից: Բաց ցանկը որեւէ սահմանափակում կանանց քվոտան ապահովելու տեսանկյունից չի ունենում: Կանանց հավաքած ձայները կապ չեն ունենա տղամարդկանց հավաքած ձայների հաշվարկման հետ»:
ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կանանց քվոտավորումը ճիշտ է. «Չի բացառվում, որ մի օր մենք խոսենք ոչ թե կանանց, այլ տղամարդկանց քվոտավորման մասին, այդ օրը չի բացառվում, որ շատ շուտով կգա»:
Գործող օրենսգրքով ամրագրված է, որ 2022-ից նախատեսվում է, որ յուրաքանչյուր եռյակում առնվազն մեկ ներկայացվածություն յուրաքանչյուր սեռից պետք է լինի:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ քանի որ ամրագրված է մինչեւ 22 թվականը 33 տոկոս, հիմա սա ընդունենք, հաջորդ ընտրությունների համար ամրագրենք 40/60 հարաբերակցություն, սա հնարավորություն կտա քաղաքական ուժերին կին լիդերներ պատրաստել. «Կիսում եմ Սեյրանյանի տեսակետը, շատ մեծ կապ ունի՝ գալիս են ՝ որպես կի՞ն, թե՞ գալիս են որպես կին օրենսդիր: Մեծ տարբերություն կա»:
Սպարտակ Սեյրանյանն ասաց՝ «Սա հո կոշիկի արտադրությո՞ւն չի, ՀՆԱ աճ չի, որ պլանավորենք հաջորդ 5 տարիների համար: Մենք չենք կարող հիմա ամրագրել մի բան, օրենքի ուժով պարտադրենք 6 տարի հետոյի խորհրդարանին ընդունել դա: Կարող է հաջորդ ընտրությունները լինեն 2020-ին»:
Զոհրաբյանն արձագանքեց՝ «Սեյրանյա՛ն, ես գիտեմ, որ դուք բնավ կնատյաց չեք, շատ մեծ ստիմուլ կլինի, որ ամրագրենք նաեւ Լենա Նազարյանի ասած 60/40 տոկոս քվոտան, որ կանայք իմանան՝ կա շանս, հնարավորություն, մոտիվացիա»:
Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց, որ կանանց դեմ որեւէ բան չունի, պարզապես գտնում է, որ կուսակցությունները այդ ամրագրումից հետո համապատասխան աշխատանք չեն տանի, իրենց չեն կոտորի՝ կին լիդերներ պատրաստելու համար եւ քվոտային համապատասխանելու համար. «Պետք է մեխանիզմ մտածենք, ոչ թե այնպես անենք, որ դա Մարտի 8-ի նման կարծես նվեր լինի, էդ օրը ծաղիկը տալիս ենք, ուշադրություն հատկացնում ենք, մնացած 364 օրը Մարտի 8 չի: Հիմա այս օրենքով չդարձնենք քվոտա, մինչեւ հաջորդ քվոտավորումը որեւէ աշխատանք չկատարվի: Միայն մեխանիկական թիվ որոշելը ոչ մի արդյունք չի տալու: Ես դեմ չեմ քվոտավորմանը, մեծ հաճույքով կաշխատեի խորհրդարանում, որտեղ կանայք 50 տոկոս են կազմում»:
Նա առաջարկեց ԱԺ ղեկավարության մեջ կանանց քվոտայի ավելացում նախատեսել, մշտական հանձնաժողովների մեջ նախատեսել:
Ի վերջո, որոշվեց կառավարությանն ուղարկվելիք առաջարկում ամրագրել, որ 60/40 տոկոս հարաբերակցությամբ քվոտավորումը լինի 2024-ից, այսինքն՝ հաջորդ ընտրություններին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ