Այսօր ԱԺ աշխատանքային խումբը «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ քննարկեց արտախորհրդարանական ուժերի առաջարկները:
Մասնավորապես, «Ժառանգությունն» առաջարկել էր ընտրագրավն իջեցնել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ շատ կարեւոր առաջարկ է, ինքը կողմ է:
ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ եթե անցողիկ շեմն իջեցնում են, նաեւ տրամաբանություն կա ընտրագրավն իջեցնեն, որովհետեւ փոքր քաղաքական կուսակցությունների ռիսկերը կփոքրանան. «Թե ողջամիտ սահմանը որքան է, կդժվարանամ ասել, բայց կողմ եմ, որ ընտրագրավի գումարը իջնի ոչ թե կոսմետիկ ձեւով, այլ՝ տրամաբանության շրջանակներում: Մի կողմից չպետք է խրախուսենք պատեհապաշտներին, մյուս կողմից էլ չխանգարենք փոքր քաղաքական ուժերին մրցակցել ընտրություններին»:
Գործող օրենսգրքով ընտրագրավը 10 մլն է սահմանված, հիմա առաջարկում են 5 մլն: Սպարտակ Սեյրանյանն առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ՝ 7 մլն: Նա ասաց, որ ընտրագրավի ցանկացած իջեցմանը ընդհանրապես կողմ է:
ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ ընտրագրավը երբեւիցե չի եղել խոչընդոտ ընտրություններին մասնակցելու, այլ հարց է, որ այդ ռեսուրսները կարող են քարոզչության ժամանակ օգտագործել, ուստի համաձայնեց, որ ընտրագրավն իջեցնեն:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ նվազեցնելով ընտրագրավը՝ ծանր վիճակ կստեղծեն ԿԸՀ-ի համար, ուստի առաջարկեց 25 տոկոսով իջեցնեն, բարձրացնեն ԿԸՀ-ին հասանելիք տոկոսը համապատասխանաբար: Այսինքն, 7.5 մլն նախատեսեն ընտրագրավը, նախկինում 30 տոկոսը պետք է տրամադրվեր ԿԸՀ-ին, հիմա առաջարկում են 40 տոկոսը տրամադրել:
Նաեւ «Ժառանգությունն» առաջարկել էր արգելել համայնքի ղեկավարներին ընտրությունների միջոցով երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոն ստանալ, որովհետեւ համայնքապետեր կան՝ ցմահ համայնքապետ են:
Խորհրդարանականները կողմ էին նաեւ այս առաջարկին՝ լճացում չի լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ