Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև շփումները Ղարաբաղի հարցով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Բաքվում ուրբաթ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանցի գործընկերոջս հրավերի համար, մենք ավանդական համագործակցություն ունենք: Մենք կարծիքներ ենք փոխանակել տարբեր հարցերի վերաբերյալ, սա հիանալի հնարավորություն է ինվենտարիզացնելու այն աշխատանքը, որը մենք կատարում ենք: Պայմանավորվել ենք ինտենսիվորեն կարծիքներ փոխանակել, սահմանել ենք միջազգային հարթակներում միջազգային համագործակցության շրջանակները»,- ասել է Զախարովան Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը՝ որպես միջնորդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրեն դրսևորել է արդյունավետ և կառուցողական»:
«Ռուսաստանը հիանալի կերպով իրեն հաշվետվություն է տալիս և հիանալի հասկանում է թեման: Հակամարտության կարգավորման համար հանդիպումներ են տեղի ունենում տարբեր ձևաչափերով: Մենք ողջունում ենք Բաքվի ու Երևանի միջև ցանկացած շփում, որոնց մասին կողմերը համաձայնության են գալիս, և որոնք ընթանում են կառուցողական»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ