Այսօր ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ ասաց. «Հիշո՞ւմ եք, որ 96-ի սեպտեմբերի մասով մենք բոլորս գիտեինք, ասում էինք՝ եթե 96-ի սեպտեմբերի դեպքերն այսպես չզարգանային, երկիրը կզարգանար այլ կերպ: Հիշո՞ւմ ենք, չէ՞, ամեն անգամ, կլինի 96-ի դեպքերը, 2004-ի դեպքերը, հետո 2008-ը, երբ որ մենք ռուբիկոն ինչ-որ մի հատվածի գալիս ենք, ասում ենք՝ այ, եթե այդ թվին այդպես չլիներ, երկիրը միգուցե այլ ուղղությամբ կզարգանար: Հիմա էլ մենք հետաքրքիր շանս ունենք այս պահին, որ երկիրը զարգանա ու ես բացարձակ չեմ անձնավորում: Պետք չի ասել՝ այս անձի հետ կապված, համակարգն է չէ՞ գործել: Այսինքն, պայմաններն այնպիսին են եղել, որ այդ համակարգերը չեն կարողացել դիմակայել այն պրոբլեմներին, որպեսզի հանցագործությունները, կամ այն դժբախտությունները, որ ունեցանք, չլինեին»:
Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ Քոչարյանը կնստի՝ Մելքումյանը պատասխանեց. «Եղանակի կանխատեսումներով ես չեմ սիրում զբաղվել, դատարանի նիստն է գնում այս պահին»:
Հարցին՝ Քոչարյանն ակնարկեց, որ այլոց եւս հնարավոր է ներգրավեն գործընթացներում, դուք մտավախություններ չունե՞ք, որ սլաքները նաեւ ԲՀԿ-ին կուղղվեն՝ Մելքումյանը պատասխանեց՝ «իհարկե, չունեմ այդպիսի մտահոգություն՝ ԲՀԿ-ի մասով»:
Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց, որ Մարտի 1-ից հետո ինքն այլեւս իշխանություն չի ունեցել ու եթե ՀՔԾ-ն որեւէ բացահայտում ուներ անելու, կարող էր անել, իսկ Մարտի 1-ից հետո իշխանության հետ կոալիցիա է կազմել ԲՀԿ-ն, պատասխանատվություն չի՞ կրում ԲՀԿ-ն՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Կոալիցիաների մեջ եղել են տարբեր կուսակցություններ եւ քաղաքական իշխանության կոալիցիոն բովանդակությունը բացարձակ չի կարելի հակադրել այն դեպքերին, որ եղավ Մարտի 1-ին: Այսինքն, եթե կոալիցիայի մեջ ընդունենք ունենք ճյուղային նախարարներ, որոնք այդ պրոցեսների բուն տեխնիկական իրագործման հետ որեւէ կապ չունեին, այսինքն… իսկ դուք ի՞նչ եք կարծում, էդ կոալիցիոն բովանդակությունը կառավարության այնպիսին է եղել , որ կոալիցիայում նստել քննարկե՞լ են, թե ոնց պետք է իրականացնել: Իհարկե, ոչ: Բա մենք երբ որ 2012-ին կոալիցիայից դուրս եկանք ի՞նչ ասեցինք, որ լինելով կոալիցիայի մեջ, բայց կոալիցիոն իշխանության քաղաքական որոշումերի կայացման մեջ ունենալով 0 ազդեցություն, մենք դուրս ենք գալիս: Այսինքն, մի քանի նախարար ունենալ՝ չի նշանակում վերջնական քաղաքական որոշումների վրա դու ազդեցություն ունես»:
Մելքումյանն ասաց. «Համակարգի էությունը բոլորս գիտենք, որի անունը դրած է եղել քաղաքական որոշում: Որտե՞ղ էր կայացվում քաղաքական որոշումը»:
Հարցին՝ 10 տարի Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունը չբացահայտվեց, այստեղ տեսնո՞ւմ եք իշխանության ուղղորդում, հրահանգավորում, որ չբացահայտեն Մելքումյանը պատասխանեց. «Ընդհանրապես Հայաստանում նախագահի իշխանությունը շատ ուժեղ է միշտ եղել, նախագահական ինստիտուտը: Թե ինչ չափի ազդեցություն է ունեցել, ես չեմ կարող հատուկ ընդգծել, որ ուղղակի հրահանգավորում է, թե չէ»:
Հարցին՝ իշխանությունը շահագրգռվա՞ծ է եղել, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ցանկացած իշխանություն մեկ բանում է շահագրգռված լինում, որ երկիրը զարգանա: Եթե Մարտի 1-ի բացահայտումը երկրի զարգացման կարեւոր գործոններից մեկը լիներ, անպայման բացահայտված կլիներ: Ես իշխանության մտայնությամբ եմ ասում: Իշխանությունն ուզում է զարգանա: Եթե այդ բացահայտումը լիներ շատ խոշորագույն մի ազդակ, որ ինքը պետք է անպայման դրա հիման վրա իր իշխանությունն ավարտվի, հաստատ բացահայտած կլիներ»:
Մելքումյանի խոսքով՝ Քոչարյանի դեմ մեղադրանքը չի քաղաքականացնի. «Թող գործընթացները մնան իրավական հարթության վրա, կանխակալ գնահատականներ տալ՝ քաղաքականացնելով՝ ես զերծ կմնամ այս պահին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ