«Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով քննարկմանը ներկայացվեցին Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացված ՀՀ պետական ֆինանսների կառավարման ոլորտում մոնիտորինգի արդյունքները:
Ծրագիրը մեկնարկել է հունվարի 7-ին և կավարտվի նոյեմբերի 7-ին: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացնում է Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարության 2016-2020 թթ. իրականացվելիք գործողությունների ծրագրի մի շարք միջոցառումների, ինչպես նաև ԵՄ -Հայաստան ֆինանսական համաձայնագրով 2017-2018 թթ. համար նախատեսված ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ֆինանսական օգնության տրամադրման նախապայմաններ հանդիսացող հանրային ֆինանսների համակարգի գործունեության կատարողականի ցուցանիշների մոնիտորինգ:
Որպես մոնիտորինգի առարկաներ ընտրվել են ԵՄ-Հայաստան ֆինանսական համաձայնագրի հանրային ֆինանսների համակարգի գործունեության կատարողականի ցուցանիշները. օրինակ՝ պետական բյուջեի կատարման արդյունավետություն. ծրագրային բյուջետավորման մեթոդաբանություն, պետական բյուջեի կատարման արդյունավետություն. գենդերազգայուն բյուջե, պետական բյուջեի վերաբերյալ իրազեկվածություն (քաղաքացու բյուջե), ԱԺ-ի կողմից պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետություն և այլն: Դառնալով քաղաքացու բյուջեի կարևորությանը՝ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասաց. «ԵՄ-ն պայման է դնում, որ քաղաքացին մատչելի ձևով հասկանա բյուջեն: Նա ունենա բացատրություն, թե ինչու, ինչ եղավ, որ այդ ամենը չկա ծախսերի հատվածում և այլն: Սա հնարավորություն է տալիս լինել թափանցիկություն և ունենալ հաշվետվողականություն»:
Ծրագրի փորձագետ Սարգիս Նասիբյանն անդրադարձավ 2013-2017-ի ընթացքում բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների դինամիկային: Վերլուծությունը կատարվել է հինգ ծրագրերի շրջանակում, օրինակ՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում գտնվող անձանց բժշկական ծառայության մատուցում, սրտի վիրահատություններ, անպտուղ զույգերի բժշկական օգնության, հաշմանդամների տեխնիկական միջոցների ապահովում և այլն: Ուսումնասիրությունները կատարվել են՝ օգտագործելով ներկայացված հաշվետվությունները, ֆինանսների նախարարության կայքում տեղադրված տեղեկությունը, պետական բյուջեի հավելվածները:
Փորձագետը պարզաբանեց. «Մենք, ինչպես բոլոր քաղաքացիները, այս հետազոտության միջոցով տեսնում ենք չոր թվեր, որոնցով կարողանում ենք միջին հանել: Միայն գումարը ծախսելը ինքնանպատակ չէ, պետք է հասկանալ, թե օրինակ, վիրահատություններն ինչպես են կատարվել, քաղաքացիներն արդյոք գոհ են»:
Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ դիմելու են նաև համապատասխան մարմիններին բարձրացված խնդիրների և թվային տվյալների առնչությամբ՝ պարզելու՝ թվերի տակ ինչ է գրված իրականում:
Պարոն Հոկտանյանը, վերլուծելով անպտուղ զույգերի ախտորոշումներին և բուժմանն առնչվող հաշվետվությունների վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությունները, մտահոգություն հայտնեց, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում. «2015-ին շատ քիչ դեպքեր են գրանցվել, բայց ահռելի ֆինանսավորում, հաջորդ տարի ահռելի թվով դեպքեր և ավելի քիչ ֆինանսավորում: Դրա համար բառը փոխում ախտորոշում են դարձնում, և արի, հասկացի, թե ինչու բուժումը դարձավ ախտորոշում»: Պարոն Հոկտանյանը կարևորեց՝ պետք է հասկանալ՝ պետպատվերի մախինացիաների հետ կապված կոռուպցիոն ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ, Վարուժան Հոկտանյանը չբացառեց՝ հնարավոր է պետպատվերների գծով ուռճացված դեպքեր են եղել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի