քաղաքագետ Երվանդ Բոզոյան-ի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը
Ադրբեջանը փորձում է Նախիջևանի սահմանին երկրորդ ճակատ պատրաստել Հայաստանի դեմ, որ կգործարկվի հնարավոր պատերազմի դեպքում: Իրենց բոլոր քայլերը հենց դա են ցույց տալիս: Եթե հայերի մեջ Նախիջևանի խնդիրը մի քիչ մոռացված խնդիր էր համարվում, ապա այսօր շատերն են գիտակցում, որ այստեղ շատ մեծ պոտենցիալ վտանգ կա:
Շատ ռազմական փորձագետներ մտերմիկ զրույցների ժամանակ ասում են, որ ադրբեջանական ակտիվ գործողությունների դեմ մեր գործողությունները բավական պասիվ են և ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանական վերնախավում կարևորում են ռազմական հավասարակշռության ապահովումը:
Ընդհանուր առմամբ, միշտ դիվանագիտական գործընթացները պետք է շաղկապել քաղաքական գործընթացների հետ: Այո, կարող ենք գեղեցիկ բաներ ասել, մեր հանրության համար ցանկալի, սակայն մի որոշ ժամանակ անց, երբ պարզվի, որ իրականությունն այլ է, կլինի ավելի մեծ հիասթափություն:
Հիշենք, որ երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունն ու առաջացավ երեք հանրապետություն, բոլոր երկրների հիմնական խաղացողների ծրագրերում՝ և՛ Բոլշևիկյան Ռուսաստանի, և՛ Բրիտանիական Իմպերիայի, և՛ Ֆրանսիայի, և՛ նույնիսկ Օսմանյան վերնախավի ծրագրերում, որևէ կերպ չէր դիտարկվում, թե Նախիջևանը կարող է լինել Ադրբեջանի մաս: Բրիտանական բոլոր ծրագրերում այն ներկայացվել է՝ որպես Հայաստանի անքակտելի մաս:
Այս խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Հայաստանը կնքեց Սևրի պայմանագիրը, որով Հայաստանը հրապարակավ իր դեմ հանեց Թուրքիային և Ռուսաստանին, և առաջացավ ռուս-թուրքական դաշինք արդեն ուղղակիորեն Հայաստանի դեմ, և այդ կարճաժամկետ պատերազմի ընթացքում մենք ստացանք Ալեքսանդրապոլի պայմանագիր: Սա խայտառակ պայմանագիր էր. սա, այսպես ասած, կապիտուլյացիայի պայմանագիր էր, որն էլ որոշեց Հայաստանի հետագա ճակատագիրը: Եվ այդ պահին Հայաստանի խորհրդայնացումը նույնիսկ այն ժամանակվա դաշնակցական վերնախավի զգալի մասի համար չարյաց փոքրագույնն է, քանի որ կար գիտակցումը, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը գտնվում է իր պետականության կորստի ճանապարհին: Այստեղ արդեն առաջացավ Նախիջևանի խնդիրը. պարտված էր Հայաստանը, իսկ պարտված երկրին պարտադրում են ցանկացած բան: Հաղթել էր Թուրքիան, թելադրում էր Թուրքիան, և Նախիջևանն սկսեցին դիտարկել՝ որպես Ադրբեջանի մաս: Այսպես, քաղաքական գործընթացները ծնեցին այդ դիվանագիտական ակտերը:
Շատ կարևոր է, որ մենք դա հիշենք. այո, Մոսկվայի, Կարսի պայմանագրերը միջազգային պայմանագրեր չեն, երկկողմանի պայմանագրեր են: Այսօր շատ երկրներ կան, որոնց սահմանները ճշտված չեն, չճշտված իրենց սահմանները միջազգային պայմանագրեր չեն: Այսինքն, եթե մենք ուժեղ լինենք, մենք, բնականաբար, կարող ենք հիշել շատ բաներ: Ավելի ուժեղ Հայաստանը կարող է հիշել նույնիսկ Սևրի պայմանագիրը: Եթե մենք թուլանանք, ուժեղանա Ադրբեջանը, կհիշի Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ըստ էության, բոլոր այս պրոցեսները, բառախաղերը, կապված են ուժի հետ:
Հիշենք Գարեգին Նժդեհի՝ «Ուժն է ծնում իրավունք» խոսքը. եթե ամեն հայ կարողանա ընկալել բովանդակությունն այս խոսքի, ամեն ինչ շատ ավելի հեշտ կարող է կազմակերպվել: Մենք պետք է այս մոդելով դաստիարակենք մեր հանրությանը: Սա այն է, ինչ երազում էր Նժդեհը՝ կրողն այս արժեքների: Ի վերջո, նա՛ կարողացավ փրկել Զանգեզուրը, որն արժանանում էր Նախիջևանի ճակատագրին: Եթե մենք դա չընդունենք, անընդհատ կհայտնվենք կոտրած տաշտակների առաջ. հիվանդությունը պետք է ախտորոշել, որ կարողանաս բուժել:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ