Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականներն առաջարկում են հանրահռչակել Արցախի սոսին ու Մարկո Պոլոյի հայաստանյան ուղեգիծը

Հուլիս 27,2018 15:38

Երկրաբանական գիտությունների թեկնածու, բազմամյա զբոսավար Հայկ Մելիք-Ադամյանը խոսելով Հայաստանում առկա բացառիկ բնական հուշարձանների մասին, ասաց, որ վերջերս մի հոդված է գրել Գասպար Երիցյանի հետ, որը հրատարակվել է Մոսկվայում, ու իրենք ապացուցել են, որ Հայաստանում, կոնկրետ Գյումրիի մոտակայքում գտնվող կրիայի տեսքով երկրաբանական հուշարձանը տեսակով աշխարհում երրորդն է:

«Ռուսաստանի անծայրածիր տարածքում այս տիպի ընդամենը մեկ կրիա կա, որը Բայկալի ափին է, մյուսն էլ Մոնղոլիայում է: Եվ եթե սա դնում ենք համեմատական վերլուծության մեջ, այս հուշարձանի բրենդը բարձրանում է: Սա մոտ մեկ միլիոն ու միլիոնուկես տարվա հուշարձան է, այս կրիան քամին է սարքել:

Երկրորդ հուշարձանը Արցախի Սխտորաշեն գյուղի հայտնի ծառն է, որի մասին կարդում ենք՝ տնջրի: Մի հոդված էլ այս մասին Արցախի գործընկերների՝ երկաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Քրիստաֆոր Խաչանովի եւ աշխարհագրական գիտությունների թեկնածու Յուրի Առաքելյանի հետ ունեմ, որտեղ ապացուցվում է, որ այդ ծառը Եվրասիայի ամենահին միայնակ կանգնած ծառերի առաջին տասնյակում է: Ընդ որում, դա ոչ թե տնջրի է, այլ 2000 տարեկան արեւելյան սոսի: Եվ որպես արեւելյան սոսի, աշխարհում առաջինն է կամ երկրորդը, բայց այս ամենը ոչ մեկը չի հանրահռչակում»,-ասաց Հայկ Մելիք-Ադամյանը:

ՀՊՄՀ Աշխարհագրության ֆակուլտետի քարտեզագիր, դասախոս, աշխարհագրագետ, ճանապարհորդ Տիգրան Բաբայանն էլ հավելեց, որ հազվագյուտ ծառեր աշխարհում էլի կան: Նա փաստեց, որ պատմական Մուսալեռի գյուղերից մեկում նմանատիպ մի սոսի կա, որի փչակում փոքրիկ խանութ է գործում: Հավելեց, որ Պոլսի մոտակայքում էլ կա սոսի՝ հսկա բնով: Պարոն Բաբայանն ընդգծեց, որ Սխտորաշեն գյուղի իրական անունը Սոսաշեն է եւ սոսի բառը գյուղի անվանման մեջ կա, պարզապես ժամանակի լեզվաբանական փոխակերպումների արդյունքում է Սխտորաշեն դարձել:

Նաեւ հիշեց, որ Ցարական ժամանակաշրջանում ծառը նույնիսկ պահակ ուներ, որի վարձավճարը մեկ ոսկի էր:

Հայկ Մելիք-Ադամյանը Սելիմի լեռնանցքին էլ անդրադարձավ: Ասաց, որ երբեք չի հիշատակվում, որ այդ ճանապարհով առաջին անգամ իտալացի ճանապարհորդ, վաճառական եւ գրող Մարկո Պոլոն է անցել:

«Պատկերացրեք ինչքան կբարձրանար երթուղու զբոսաշրջային բրենդը, եթե ասեինք, որ Մարկո Պոլոյի ուղեգծով ենք զբոսաշրջիկների տանելու…Երեւանում կա Մարկո Պոլո սրճարան, ասվում է, որ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում, բայց ոչ մի տեղ չի հիշատակվում, որ Թավրիզից գնացել է Տրապիզոն ու առաջին եվրոպացի ճանապարհորդն է, որ ճանապարհին անցել է Երեւանով: Բացի դրանից, եվրոպացիների համար անչափ հետաքրքիր կլինի նման բարձր լեռնանցք տեսնելը: Ի դեպ, հարեւանությամբ էլ 15000 տարեկան Արմաղան հրաբխային կոնն է, իսկ Հայաստանը հայտնի է որպես հանգած հրաբուխների երկիր: Այստեղ 500 հանգած հրաբուխ կա, մի բան, որի մասին նույնպես չի բարձրաձայնվում»:

Գիտնականը զարմանում է, որ զբոսաշրջության զարգացումը որպես գիտություն չի դիտարկվում: «Պետք է օգտագործել ակադեմիական ինստիտուտների ներուժը, պետք է լինի պետական վերահսկողություն, գիտական լաբորատորիա բացվի, որը հատուկ գիտական երթուղիներ գծի, զբաղվի հուշարձանների բրենդավորմամբ»,- համոզված է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031