ՀՀ ՊՆ խոսնակ
Արծրուն Հովհաննիսյան-ի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը
Նախիջևանի սահմանային գոտին հիմնականում հանգիստ էր մինչև վերջին երկու տարին: Իրավիճակի այս փոփոխությունը մեծ չափով կապ ունի սահմանի դիրքային բարելավումների հետ: Բարելավումներ անել սկսել ենք մենք, այս տարի՝ նաև Ադրբեջանն է նման քայլեր անում: Եվ որքան էլ տարօրինակ է, նման բարելավումները միշտ բերում են իրավիճակի սրացման: Այդպիսի սրացումներ նախկինում ունեցել ենք նաև այլ հատվածներում: Սակայն, գնահատելով իրավիճակը՝ պիտի փաստենք, որ Մեղրիից մինչև Երասխ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, բայց մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող են իրենք առավելություն ունենալ: Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա: Դիրքային փոփոխությունները, սակայն, Նախիջևանի սահմանային գոտում առկա ակտիվության հիմնական պատճառներից միայն մեկն է:
Ադրբեջանում կան նաև լուրջ քաղաքական պատճառներ. փորձագետները շատ են այդ մասին խոսում: Հայտնի է, որ Նախիջևանի բնակչությունն առանձնանում է հայերի նկատմամբ պակա՛ս թշնամական տրամադրվածությամբ, քան Տավուշի հատվածում է, Արցախի հատվածում է: Նախկինում այս հատվածում եղել է նույնիսկ փոխադարձ հարգանք, հրամանատարների մակարդակով շփումներ: Հիմա, Ալիևը Նախիջևան այցերի ժամանակ կիրառում է հայատյաց հռետորաբանություն. ամեն կերպ փորձ է արվում Ադրբեջանի այլ հատվածներում և Նախիջևանում համաչափ ատելության մթնոլորտ պահպանել:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ