Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը միտում է տեսնում, թե մեղադրում են այն գործիչներին, որոնք Ադրբեջանի հարցում աներկբա են եղել

Հուլիս 27,2018 14:59

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հարցին՝ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր թող բռնեն նրանց, ովքեր թույլ չեն տվել՝ մեկնաբանելով այն դիտարկումը, որ իշխանությունները խոչընդոտել են Մարտի 1-ի բացահայտմանը, Քոչարյանը սրանով սլաքները ՀՀԿ-ի իշխանության կողմը չի՞ ուղղում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես դա ամենեւին այդպես չեմ ընկալել, կարծում եմ, դա ավելի շատ բաց եւ հռետորական հարց էր, որ եթե ինչ-որ մեկը համարում է, որ եղել են խոչընդոտներ ու արգելքներ, ապա նախեւառաջ պետք է բացահայտվի, թե ով էր խոչընդոտում եւ ինչ արգելքներ կային: Երանգները չարժի փոխել»:

Դավիթ Հարությունյանը հարցին, թե գործը ինչո՞ւ չէր բացահայտվում այս տարիներին՝ պատասխանեց. «Այն իրավիճակը, որը ստեղծվել էր 2008-ի մարտի 1-ին, իսկապես շատ ծանր էր եւ ես անկեղծորեն չեմ կարող նաեւ մեղադրել մեկին, եթե կոնկրետ սպանությունները չեն բացահայտվել: Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուն, իմ գնահատականը հետեւյալն է, որ իրավիճակը այդ օրերին Երեւանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Սա իմ գնահատականն է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում իմ տան միջակայքում»:

Հարցին՝ Քոչարյանը նշեց, որ այս կերպ իրեն փորձում են չեզոքացնել առաջիկայում սպասվող քաղաքական գործընթացներից, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դա քաղաքական գնահատական է: Ես երբ նայում եմ ընդհանուր պատկերին, տեսնում եմ, որ ինչ-որ մի տենդենց կարող է նշմարվել: Խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, ռազմական գործիչներին նաեւ, որոնք երկար տարիներ բավականին հստակ եւ աներկբա դիրքորոշում են ունեցել մեր եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում: Ինչ-որ մի տենդենց եմ ես տեսնում, որ կարծես հենց այդ մարդկանց է առաջին հերթին մեղադրանք առաջադրվում»:

Հարցին՝ ձեզ եթե դիմեն որպես իրավական աջակցության անդամ, կօգնե՞ք՝ նա պատասխանեց, որ ինքը ՀՀԿ անդամ է, իսկ ՀՀԿ-ի եւ Քոչարյանի հարաբերությունները միշտ չէ, որ եղել են ընդհանուր. «Գոյություն ունի զուտ իրավաբանի էթիկա՝ անկախ նրանից դու փաստաբան ես, թե ոչ, դու քո էթիկական նորմերով ես ղեկավարվում եւ անում ես ամեն ինչ, որ շահերի բախում չլինի»:

Հարցին՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը իսկապե՞ս ռումբ է ՀՀ պետականության տակ՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե մենք դա դիտարկում ենք 56.1 հոդվածի լույսի ներքո, ապա բնականաբար»:

Aravot.am-ի հարցին՝ Քոչարյանի հարցազրույցում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, կարծես տողատակին սպառնալիք կա, որ ինձ հետ տանելու եմ նաեւ Սերժ Սարգսյանին, Դուք այստեղ սպառնալիք տեսնո՞ւմ եք, որովհետեւ, ինչպես ասում են, մինչեւ լուսաբաց Քոչարյանը 3 անգամ ուրացավ Սերժ Սարգսյանին՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ անընդհատ փորձ է արվում այլ երանգներ մտցնել խոսքում. «Ես ամենեւին նման երեւույթ չեմ տեսել: Իսկ այն, որ հակասություններ են եղել, դա բոլորի համար ակներեւ է, բավարար է ուղղակի մի քիչ թերթել պատմությունը, տեսնել, թե ինչ ելույթներ է ունեցել ՀՀԿ-ն, ինչ ելույթներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը տարբեր կարեւոր իրադարձությունների հետ կապված եւ հակասություններն ակներեւ կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031