Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չեն կարող Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից՝ այդ հիմքով. Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը

Հուլիս 27,2018 14:38

ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին:

Aravot.am-ը հարցրեց՝ Սահմանադրության 56.1 հոդվածի համաձայն, նախագահը իր լիազորությունների ավարտից հետո չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններից բխող գործունեության հետ կապված, այստեղ դուք Սահմանադրության խախտում տեսնո՞ւմ եք, եւ ընդհանրապես ի՞նչ հիմքերով կարող են նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկել եւ պատասխանատվության ենթարկել:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Սահմանադրությունը հստակ նախատեսել է նախ, թե ՀՀ նախագահն ինչպիսի լիազորություններ ունի: Ավելին, Սահմանադրությունը, այդ թվում՝ 2005-ի խմբագրմամբ, նախատեսել է, թե ինչ գործիքակազմ ունի նախագահը, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կյանքի կոչի: Արտակարգ դրություն հայտարարելը գործիքակազմ է: Իսկ ինչի՞ համար էր այդ գործիքակազմը տրված նախագահին, որովհետեւ նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը: Հենց այդ լիազորությունները, որ տրված են նախագահին, որ նա կյանքի կոչի իր խնդիրները, այդ լիազորություններից բխող ցանկացած գործունեություն չի կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար: Դրանից դուրս, եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե, կարող են, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո: Այն, ինչ բխում է նախագահի լիազորություններից, դա տարածված ինստիտուտ է հանրային իրավունքում, սահմանադրական իրավունքում, դա իսկապես մտածված քայլ է, որովհետեւ հակառակ դեպքում ցանկացած նախագահ ամենապատասխանատու պահին, երբ պետք է ռազմական դրություն հայտարարի, երբ երկիրը պետք է պատերազմ հայտարարի, նա կարող է լինել կաշկանդված՝ ենթադրելով՝ իսկ ի՞նչ տեղի կունենա վաղը՝ իշխանափոխությունից հետո: Սրանք իրականում կարեւորագույն նորմեր են, որոնք ապահովում են պետականությունը, որոնք ամրապնդում են պետությունը, ոչ թե պաշտպանում են ուղղակի նախագահի պաշտոնը: Մենք այդ նորմերին պետք է մոտենանք հենց այդ ձեւով: Պետության ամրապնդման հիմքեր են դրանք»:

Հարցին՝ Քոչարյանն ասում է, որ եթե իրեն մեղադրանք է առաջադրվում արտակարգ ռեժիմի համար, նա այդ հարցում խորհրդակցել է ԱԺ նախագահի, պատգամավորների հետ, որոնք կողմ են քվեարկել, նաեւ խոսեց ՍԴ-ի, ԿԸՀ-ի մասին՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ լրագրողները երանգները փոխում են փոքր-ինչ. «Երկրորդ նախագահի խոսքը ես այդպես չեմ հասկացել, ես հասկացել եմ, որ եթե միանշանակ պնդում լինի, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն է եղել, առնվազն հիմքերը պետք է սկզբից վեր հանվեին, այլ ոչ թե սկսվեր նախագահից, ոչ թե առաջարկում է նրանց եւս ենթարկել պատասխանատվության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031