Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բոլորն էլ մեղսակից են». Ասում է զոհված Տիգրան Խաչատրյանի հայրը` Հովսեփ Խաչատրյանը

Հուլիս 27,2018 14:30

2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի հայրը`Հովսեփ Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ձեռքը գցել է փրփուրներից»: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, կալանավորման միջնորդությանը, «Երկիր մեդիային» նրա տված հարցազրույցին, Հովսեփ Խաչատրյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանին այլեւս «չի հաջողվի իր հին ու նոր ստերն առաջ տանել»:

Հովսեփ Խաչատրյանը շփոթված է այն ամենից, ինչ կատարվում է. «Չգիտեմ`երա՞զ է, հեքիա՞թ: Մենք տասը տարի հուսալքված ենք եղել`էս հրեշների ձերբակալության հետ կապված»: Ասում է`Ռոբերտ Քոչարյանն այսօր ամեն ինչի ընդունակ է`կփորձի խոսել, արդարանալ, իր վրայից մեղքը հանելու միջոցներ գտնել: Բայց ինքը դրանց այդքան էլ նշանակություն չի տալիս: Կարեւորը`ասում է, մեղադրանք է առաջադրվել`սահմանադրական կարգի խախտում կատարելու եւ իր գնահատմամբ, սա դեռ սկիզբն է. «Բոլորը հերթով կգան: Սա շղթա է: Պետք է ամբողջը բացահայտվի`«չերյոմուխան», էդ արգելված զենքը կիրառելու հրամանն ո՞վ է տվել, ո՞վ է կրակել: Միայն Քոչարյանով չի ավարտվում: Քննությունը կսկսվի, կսկսեն իրար վրա գցել`ես մեղավոր չեմ, ես արդար եմ, ես հրաման եմ կատարել…»:

Հետաքրքրվեցինք`առաջին եւ երրորդ նախագահներն ունե՞ն պատասխանատվության իրենց բաժինը, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր իր հարցազրույցում անընդհատ սլաքներ ուղղում, նրանք ե՞ւս պետք է հարցաքննվեն: «Եթե բոլորն ունեն մեղքի գործակից, իհարկե, թող բոլորին էլ կալանավորեն: Սերժ Սարգսյանն այն ժամանակ վարչապետ էր: Մեղք չի գործե՞լ: Բոլորն էլ մեղսակից են»: Ճշտող հարցին`իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի՞ պատասխանատվության բաժին, իբրեւ ընդդիմության առաջնորդ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե բացահայտվի, որ նա իր մեղքի բաժինն ունի, իհարկե, թող պատասխան տա»:

Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ քաղաքական որոշում է ընդունվել`իրեն «մարտի 1»-ի պատասխանատու նշանակել: Հովսեփ Խաչատրյանը համամիտ չէ: Ասում է`անկախ ամեն ինչից, այդ ժամանակ երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր ու իր պատասխանատվության բաժինն ամենամեծն է:

«Մեր երեխաներին սպանեց, որ իրենց երեխաներին ապագա ստեղծեն. hիմա` տեսնենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031