ՀՀԿ անդամ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված ասաց, որ իրավական գնահատական տվել է Միքայել Հարությունյանի հետ կապված, որին առաջադրվել է նույն մեղադրանքը, ու իր գնահատականը չի փոխվի նաեւ Քոչարյանի հետ կապված. «Ես այդտեղ իրավական որեւէ ոճ, լեզու չեմ տեսել: Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ արձագանքելուն, ես դա չեմ կարող անել, որովհետեւ չունեմ մեղադրանք առաջադրելու որոշումը, կարծում եմ, փաստաբանները դրա մասին առանձին հայտարարությամբ հանդես կգան»:
Ռոբերտ Քոչարյանը «քաղաքական հետապնդում, վենդետա» է գնահատում իրեն առաջադրված մեղադրանքներին, ո՞րն է ձեր գնահատականները՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իր իրավական գնահատականը արդեն տվել է Միքայել Հարությունյանի հետ կապված եւ գրեթե անփոփոխ նույն մեղադրանքը հնչել է նաեւ Քոչարյանի հետ կապված:
Հարցին՝ մտահոգիչ համարո՞ւմ եք, որ ՀՀ երկրորդ նախագահը հիմա քրեական հետապնդման է ենթարկվում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում: Բազմաթիվ պատճառեր կան, նախ, կարծում եմ, որ եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, ապա այդ փաստարկները պետք է ներկայացված լինեին նաեւ մամուլի հաղորդագրության մեջ, որտեղ չէին պարունակում իրավական տարրեր: Ավելին, ես այնտեղ տեսնում եմ լուրջ սխալ մեկնաբանություններ ե՛ւ օրենքի, ե՛ւ տերմինաբանության: Բերեմ պարզ օրինակ, խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով եւ կարծում եմ, այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միմիայն արտաքին սպառնալիքներից է: Իրականում դա այդպես չէ եւ եթե մի քիչ ավելի խորանանք իրավունքի մեջ, կարդան մեր օրենքները, անմիջապես պարզ կդառնա, որ ՀՀ անվտանգությունն ունի թե՛ արտաքին,, թե՛ ներքին կոմպոնենտ եւ այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է նման իրավիճակներում: Ավելին, ես կարծում եմ,, որ ցանկացած իրավաբանի դժվարություն չի ներկայացնի բացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին դրույթը, որը ընդունվել է շատ ավելի ուշ ժամանակահատվածում՝ 2012-ին, որում եւս հնարավորություն նախատեսվում է զինված ուժերի օգտագործման մասին՝ արտակարգ դրության ժամանակ: Ի դեպ, այդ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը եւ այդ առումով որեւէ առարկություն չի եղել: Սրանք մտահոգությունների հիմքեր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հանգիստ սպասեք Ձեր հերթին